Երկուշաբթի, 28 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«ԱՄՆ-ն պետք է օգտագործի Թուրքիայի հետ կապերը՝ ՀՀ-ի հետ երկաթուղային ուղիները բացելու համար». Ռոբերտ Անանյան

«ԱՄՆ-ն պետք է օգտագործի Թուրքիայի հետ կապերը՝ ՀՀ-ի հետ երկաթուղային ուղիները բացելու համար». Ռոբերտ Անանյան
56
Այսօր, 00:42

Լրագրող Ռոբերտ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԱՄՆ-ն պետք է ավելի մեծ դեր ստանձնի՝ ձգտելով ողջ Հարավային Կովկասի ապաշրջափակմանը, և չբավարարվի միայն Մեղրիի երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհի կառուցմամբ և կառավարմամբ։ Ի՞նչ նկատի ունեմ։ Թուրքիայի հետ երկաթուղային և ավտոմոբիլային սահմանը անհրաժեշտ է բացել։
Եթե գործարկվում է Ադրբեջանը Նախիջևանին և Թուրքիային կապող Մեղրիի երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհը, դրա դիմաց՝ Հայաստանին առաջարկվում է Նախիջևանի տարածքով երկաթուղային կապ դեպի Իրան։ Հայաստանն ու Իրանը երկաթուղային կապով միացված չեն, և հայկական բեռները Նախիջևանի տարածքով երկաթուղային միացմամբ կարող են տեղափոխվել Իրան, ապա՝ Պարսից ծոցի երկրներ։ Սակայն սա համարժեք չէ նրա հետ, ինչ ապաշրջափակումից ստանում են Ադրբեջանը և Թուրքիան։
Մեղրիի 42 կիլոմետրանոց երկաթուղային և ավտոմոբիլային կապի վերականգնման արդյունքում՝ Ադրբեջանը ստանում է կապ ոչ միայն Նախիջևանի և Թուրքիայի, այլև Եվրոպայի հետ։ Տեսականորեն, ադրբեջանական բեռները կարող են Բաքվից մինչև Փարիզ տեղափոխվել երկաթուղով։
Չոր հաշվարկով, Հայաստանն ստանում է երկաթուղային կապի հնարավորություն Իրանի և Պարսից ծոցի երկրների հետ, իսկ Ադրբեջանը երկաթուղային կապ՝ Նախիջևանի, Թուրքիայի, Եվրոպայի հետ։ Կարծում եմ՝ սա անհամարժեք իրավիճակ է։ ԱՄՆ-ն պետք է օգտագործի Թուրքիայի հետ իր գործընկերությունը՝ ապահովելու Գյումրի - Կարս երկաթուղու գործարկումը։
Դա կնշանակի, որ կգործարկվի շատ ավելի երկար երկաթուղային գիծ, ինչի արդյունքում Հայաստանը կստանա Թուրքիայի տարածքով երկաթուղային կապ Եվրոպայի հետ։ Սա արդեն կլինի հավասար սկզբունքներով ապաշրջափակում։
Կարծում եմ, ԱՄՆ-ն պետք է կենտրոնանա ոչ միայն Մեղրիի երկաթուղային և ավտոմոբիլային ենթակառուցվածքների կառուցման և կառավարման հարցի վրա, այլև պետք է հասնի հայ-թուրքական ավտոմոբիլային սահմանի բացման (Մարգարայի անցակետ), ինչպես նաև՝ Գյումրի-Կարս երկաթուղու գործարկման վրա։ Իսկ ինչո՞ւ պետք է ԱՄՆ-ն անի դա։
Եթե Հայաստանը դուրս գա շրջափակումից՝ հայ-թուրքական երկաթուղային և ավտոմոբիլային երթուղիները սկսեն աշխատել, դա կբերի Ռուսաստանից Հայաստանի ռազմաքաղաքական, տնտեսական կախվածության նվազեցման։ Հայաստանն այսօր առևտրային և արտահանման մեծ կախվածություն ունի Ռուսաստանից։ Հայկական ապրանքների զգալի մասը արտահանվում է Ռուսաստան։
Եվ դա այն պատառով չէ, որ մենք սիրում ենք ռուսներին և ցանկանում ենք նրանցից ռիսկային կախվածություն ունենալ։ Խնդիրը նաև կոմունիկացիաների և մատակարարման շղթաների գրեթե բացակայությունն է Եվրոպայի հետ։
Սակայն եթե Թուրքիայի հետ երկաթուղային կապը աշխատի, Հայաստանը ավելի էժան և արագ մեթոդներով կկարողանա դիվերսիֆիկացնել իր շուկաները դեպի Եվրոպա։ Հայկական ապրանքների արտահանումը Եվրոպա կարագանա։ Դա կբերի Ռուսաստանից տնտեսական կախվածության նվազեցման։ Հայաստանի և Թուրքիայի միջև երկաթուղային և ավտոմոբիլային երթուղիների ապաշրջափակման պարագայում՝ կսկսվի առևտուր, փոխշփումները ավելի կարագանան, դա կբերի քաղաքական հարաբերությունների բարելավմանը։
Արդյունքում, անիմաստ կդառնա Հայաստանի տարածքում ռուսական ռազմակայանի գոյությունը։ Կարծում եմ՝ ԱՄՆ-ն չպետք է բավարարվի միայն Իրանի և Չինաստանի ազդեցության զսպմամբ Հարավային Կովկասում՝ Մեղրիի ճանապարհի վրա ներկայություն ունենալու միջոցով։ Ավելի լայն պատկերին է պետք նայել։ ԱՄՆ-ն պետք է առավել մեծ և դրական դեր խաղա՝ Հարավային Կովկասից Ռուսաստանի ազդեցությունը չեզոքացնելու հարցում։
Իսկ դա տեղի կունենա միայն Հայաստանի և Թուրքիայի միջև ցամաքային սահմանների բացման արդյունքում, երբ Հայաստանը կստանա երկաթուղային և ավտոմոբիլային կապ Թուրքիայի հետ։ Հակառակ պարագայում կստացվի, որ Հայաստանն իր տարածքը կտրամադրի Ադրբեջանին և Թուրքիային՝ ապաշրջափակման համար։
Թուրքիան իր հերթին՝ Մեղրիի ճանապարհի միջոցով երկաթուղային և ավտոմոբիլային կապ կստանա Ադրբեջանի, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի երկրների հետ։ Ինչպես ասացի՝ Ադրբեջանը ավտոմոբիլային և երկաթուղային տնտեսապես շահավետ կապ կստանա Նախիջևանի, Թուրքիայի, Եվրոպայի հետ։ Իսկ Հայաստանը կստանա միայն երկաթուղային կապ Նախիջևանի տարածքով Իրանի հետ, Պարսից ծոցի երկրների հետ։
Բայց մեր աշխարհաքաղաքական զարգացման վեկտորը դեպի Եվրոպա է, մենք ուզում ենք Արևմուտքի հետ կոմունիկացիաները հեշտ դարձնենք։
Ընդ որում, Իրանի և Ադրբեջանի միջև քաղաքական հարաբերությունների լարվածության դեպքում՝ դեպի Իրան երկաթուղային կապը կարող է փակվել Ադրբեջանի կողմից, ինչի հետևանքով Հայաստանը զրկվի միակ բենեֆիտից, որը պետք է ստանար։ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան պարոն Թոմ Բարաքը, ով բավականին հետաքրքրված է Հայաստանում կոմունիկացիաների գործարկման պրոցեսում ԱՄՆ-ի ներգրավվածությամբ, երևի պետք է ակտիվացնի ջանքերը՝ նախագահ Էրդողանին համոզելու, որ Հայաստանի հետ ավտոմոբիլային և երկաթուղային կապը վերականգնվի։
Ապաշրջափակումը չի կարող միակողմանի օգուտներ բերել Թուրքիային և Ադրբեջանին, սակայն Հայաստանը շարունակի կիսաշրջափակված մնալ Թուրքիայի կողմից։ Մեզ համար կարևոր է ոչ այնքան Իջևան-Ղազախ, Երասխ-Նախիջևան-Իրան երկաթուղային կապը, այլ՝ Թուրքիայի տարածքով երկաթուղային և ավտոմոբիլային մադատար և բեռնատար կապը Եվրոպայի հետ։
ԱՄՆ-ն կարող է և պետք է օգտագործի Թուրքիայի հետ իր գործընկերային և բարիդրացիական կապերը՝ Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային ուղիները բացելու համար։ Հակառակ դեպքում, բոլորը կշահեն ապաշրջափակման պրոցեսից, բացի՝ Հայաստանը։ Դա կարող է նվազեցնել Հայաստանի իշխանությունների մոտիվացիան՝ Մեղրիի ճանապարհի գործարկման հարցում։
Ի դեպ, ԱՄՆ-ին ձեռնտու է, որ Հարավային Կովկասում ավելի մեծ ծավալի ապաշրջափակում տեղի ունենա, քան միայն Մեղրիի երկաթուղու գործարկումն է։ Այո, ամերիկյան ընկերությունը ֆինանսական շահույթներ կունենա՝ կառավարելով երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունը։
Սակայն Չինաստանի հետ գլոբալ առևտրային ճանապարհների մրցակցության իմաստով՝ Հարավային Կովկասում միայն Հայաստանն է, որը կարող է ներկայության տարածք տրամադրել ԱՄՆ-ին։ Վրաստանը հակված է Չինաստանի հետ կոմունիկացիաների գործարկման պրոցեսում ներգրավվել։ Հայտնի է, որ նրանք ունեն ռազմավարական գործընկերություն, և ամերիկյան գումարներով կառուցված Անակլիայի նավահանգիստը Թբիլիսին հանձնել է չինական կառավարման։
Հաշվի առնելով նաև Վրաստանի այս կառավարության հակաամերիկյան կեցվածքը, ստացվում է, որ վրացական ուղին ԱՄՆ-ի համար փակ է մնալու կամ ամերիկյան կողմն ունենալու է խնդիրներ։ Եթե նայենք քարտեզին, Վրաստանից բացի՝ նաև Իրանն ու Ռուսաստանն են փակ ԱՄՆ-ի համար՝ առևտրային ճանապարհների գործարկման համար։
Եվ միայն Հայաստանն է, որը պատրաստ է ամերիկյան ներգրավվում ապահովել։ Սակայն հայկական կողմում կա ընկալում, որ բավարար չէ միայն Մեղրիի հատվածում ԱՄՆ-ի ներգրավումը։ Այո, տեսականորեն կարելի է միայն դրանով բավարարվել։ Սակայն Հայաստանը միայն այդ ուղու գործարկումից տնտեսական մեծ բենեֆիտներ չի ստանա, միայն բեռնափոխադրումներից կստանա մաքսային վճարներ։ Սակայն մեր խնդիրը ավելի լայն կոմունիկացիոն ցանցում ներգրավվելն է, քան միայն Մեղրիի երկաթուղու գործարկումն է։
Հայաստանն ուզում է, որ ԱՄՆ-ն օգտագործի Թուրքիայի հետ իր կապերը՝ Գյումրի-Կարս երկաթուղին գործարկելու, հայ-թուրքական ցամաքային սահմանով ավտոմոբիլային կապը ապահովելու համար։ Հայաստանը ոչ միայն երկաթուղով կկապվի Թուրքիայի և Եվրոպայի հետ, այլև՝ ավտոմոբիլային մարդատար և բեռնատար փոխադրումների հնարավորություն կստանա Թուրքիայի և Եվրոպայի հետ։
Հուսանք, ԱՄՆ-ի վարչակազմը իր անելիքը կտեսնի ոչ միայն Մեղրիի ճանապարհի վրա ամերիկյան ներգրավում ապահովելու մեջ (ինչին Հայաստանը կողմ է՝ իր ինքնիշխանության և իրավազորության պահպանման դեպքում), այլև՝ հայ-թուրքական ավտոմոբիլային և երկաթուղային կապերի վերականգման մեջ։ ԱՄՆ-ն այս հարցում ունի և տնտեսական շահ, և առավելապես՝ Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի դերի և ազդեցության զսպման իմաստով։ Հուսով եմ, ԱՄՆ-ն առաջիկայում հանդես կգա այդ ավելի համապարփակ նախաձեռնություններով, քան զուտ Մեղրիի ճանապարհի գործարկումն է։
Առաջին քայլը՝ Թուրքիայի հետ երկաթուղային և ավտոմոբիլային կապի բացումն է և գործարկումը։ Ի դեպ, Հայաստանը թուրքական ուղղությամբ ևս նոր ենթակառուցվածքների ստեղծման խնդիր ունի, որին ևս ամերիկյան կողմը կարող է ներգրավվել և դերակատարություն ունենալ դրանց կառավարման գործում»:

Աղբյուրը`   Ռոբերտ Անանյան