Ուրբաթ, 01 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +25 °C

«Իրանում և Իրանի շուրջ զարգացումները մեզ համար լրջագույն խնդիրներ են խոստանում». Վարդան Բալյան

«Իրանում և Իրանի շուրջ զարգացումները մեզ համար լրջագույն խնդիրներ են խոստանում». Վարդան Բալյան
212
Երեկ, 22:36

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իրանում ամերիկյան դոլարի փոխարժեքը տարադրամի սև շուկայում հասել է 90 հազար ռիալի, պաշտոնական փոխարժեքը՝ 42 հազար է: Գնաճը, հատկապես, առաջին անհրաժեշտության ապրանքների՝ սննդամթերքի, ռեկորդային է՝ 80-100 տոկոս: Էլեկտարէներգիայի մատակարարումների խափանումները, ջրային դեֆիցիտը մարդկանց կյանքի որակի վրա խիստ բացասական ազդեցության հետ միասին պատճառ են դառնում բիզնեսի համար մեծ վնասների տնտեսության համարյա բոլոր ոլորտներում: Չնայած տեղեկատվական հոսքերի նկատմամբ վերջին շրջանում վերահսկողության դիտարկելի ուժեղացմանը բազմաթիվ հաղորդումներ են ստացվում տարբեր բնակավայրերում բողոքի ակցիաների մասին: Մետաղաձուլական, տրանսպորտային և տնտեսության առանցքային այլ ճյուղերի մի քանի խոշոր ընկերություններում գործադուլներ են աշխատավարձերի բարձրացման պահանջով... Իսլամական հանրապետությունում բավականին լուրջ բողոքական շարժումներ եղել են նաև նախկինում, որոնց իշխանությունները կարողացել են դիմագրավել: Օրինակ, 2023 թվականին իրանական իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով ոստիկանության հետ բախումների արդյունքում արձանագրվել էր 551 զոհ, այդ թվում՝ մոտ 70 երեխա, ավելի քան 34 հազար ձերբակալություններ... Ներկա իրավիճակը, սակայն, էականորեն տարբերվում է՝ բոլոր մյուս դեպքերում համատեղ քաղաքական ռիսկի գոտում հնարավոր էր լինում գտնել քաղաքական կոնսենսուս հարկադրանքի կամ համոզման գործիքների կիրառումով: Տպավորություն ունեմ, որ այդ համատեղ քաղաքական ռիսկի գոտին, որ հստակ սահմանագծված էր քաղաքական բոլոր դերակատարների համար, հիմա վերանում է:
Իրանում և Իրանի շուրջ զարգացումները արդեն տեսանելի ապագայում մեզ համար լրջագույն խնդիրներ են խոստանում բացասական իմաստով նախ և առաջ»:

Աղբյուրը`   Վարդան Բալյան