Երկուշաբթի, 11 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«8-րդ հոդվածն ասում է` ով համաձայն չէ Փաշինյանի հետ, վաղը հետապնդվելու է». Արա Պողոսյան

«8-րդ հոդվածն ասում է` ով համաձայն չէ Փաշինյանի հետ, վաղը հետապնդվելու է». Արա Պողոսյան
132
Այսօր, 19:06

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր Վերաքննիչ դատարանը Սամվել Կարապետյանի ձերբակալությունը ճանաչեց ոչ իրավաչափ: Խոսքն առայժմ իհարկե ձերբակալության մասին է, և ո'չ կալանավորման, սակայն այս փաստը ևս ապացուցում է գործարար Սամվել Կարապետյանի՝ քաղաքական բանտարկյալ լինելու հանգամանքը։
Ակնհայտ է, ներկա քաղաքական իրավիճակում Փաշինյանին անհրաժեշտ է հնարավորինս հանդարտ իրավիճակ և կաշկանդված ընդդիմադիր բանավեճ, ինչը հնարավորություն կտա Փաշինյանին վաշինգթոնյան շոուն «վաճառել» հայ ժողովրդի վրա իբրև խաղաղության եւ բարգավաճման խոստում։ Այնինչ, կարծում եմ, յուրաքանչյուրին է պարզ (եթե ունի առողջ մտածողություն), որ ցանկացած փաստաթուղթ ունի երեւացող ու չերևացող կողմեր, որոնք հաճախ հակադիր են։ Յուրաքանչյուր ոք պետք է իմանա, որ խաղաղություն թղթով չեն բերում, այլ անմնացորդ նվիրումով և անդադրում աշխատանքով, ինչը իհարկե այս իշխանության մասին չէ։
Անարդար «խաղաղության» նախագիծը, որը հպարտությամբ հրապարակել է ՀՀ ԱԳ նախարարությունը, շատերին կթվա, որ վատ փաստաթուղթ չէ, բայց ի՞նչ է ասում, օրինակ, 8-րդ հոդվածը, եթե ոչ այն, որ ով համաձայն չէ Փաշինյանի հետ, վաղը հետապնդվելու է՝ որպես անհանդուրժողականություն, ռասայական կամ էթնիկ խտրականություն և ռևանշիզմ քարոզող։
Ես լավ գիտեմ, թե ինչ է նշանակում պատվիրված ձերբակալվելը և սա այն դեպքն է, որ կասկածի նշույլ անգամ չի կարող լինել առ այն, որ Սամվել Կարապետյանը քաղաքական իշխանության պատվերով է ձերբակալվել։
Բայց մի բան հաստատ է՝ Հայաստանը դիկտատուրայի վերածած Փաշինյանի համար հայկական իշխանության թագը չափազանց մեծ է, ու բացի այն, որ այժմ այդ թագը նրա աչքերն է փակել, այն նաև նրա ականջներն է փակել, իսկ մնացածը ինքը լավ գիտի, թե ինչպես է լինելու»:

Աղբյուրը`   Արա Պողոսյան