Երկուշաբթի, 11 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Անմիջապես հետո Ադրբեջանի պետական հեռուստաընկերությունը ՀՀ Սյունիքի մարզը ներկայացնում է` որպես «պատմական Ադրբեջան»». Տաթևիկ Հայրապետյան

«Անմիջապես հետո Ադրբեջանի պետական հեռուստաընկերությունը ՀՀ Սյունիքի մարզը ներկայացնում է` որպես «պատմական Ադրբեջան»». Տաթևիկ Հայրապետյան
251
Այսօր, 18:48

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր մեծ ոգևորությամբ բացեցի ադրբեջանական պետական «AZ TV» հեռուստաընկերության կիրակնօրյա գլխավոր թողարկումը՝ սպասումով, որ հիմա բարիդրացիության քարոզ է սկսվել Հայաստանի ու հայ ժողովրդի հանդեպ։ Ես չեմ կարող չէ՞ այդ պատմական պահը բաց թողնել։ Մեծ զարմանք։ Պարզվեց, որ Վաշինգթոնյան հանդիպումը մեկնաբանելիս անգամ չեն կարողանում զերծ մնալ պատմական կեղծարարություններից ու ՀՀ տարածքների նկատմամբ հավակնություններից։ Եթերում Սյունիքի մասին խոսելիս ասվում է․ «Երեք երկրների միավորման կետը՝ Ադրբեջանի պատմական Զանգեզուրի միջանցքը։ Զանգեզուրի միջանցքը ղեկավարվելու է ԱՄՆ-ի կողմից, այսինքն՝ ճանապարհի անվտանգությունը ամերիկյան ընկերություններն են իրագործելու․․․»։
Հիմա հարց՝ երբ ձեր նախաստորագրած պայմանագրի 3-րդ կետում նշված է․ «Կողմերը միմյանց հետ փոխադարձ հարաբերություններում ձեռնպահ կմնան տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ կամ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության հետ անհամատեղելի որևէ այլ ձևով ուժի կիրառումից կամ ուժի կիրառման սպառնալիքից․․․»։ Հիմա ինչպե՞ս է պատահում, որ դրանից անմիջապես հետո Ադրբեջանի պետական հեռուստաընկերությունը կրկին ՀՀ Սյունիքի մարզը փորձում է ներկայացնել՝ որպես «պատմական Ադրբեջան»։
Կամ մեկ այլ հարց, երբ այդ նույն պայմանագրի 4-րդ կետում նշված է․ «Կողմերը ձեռնպահ կմնան միմյանց ներքին գործերին միջամտելուց», ինչպե՞ս է դրանից անմիջապես հետո Ալիևը կրկին խոսում է ՀՀ Սահմանադրության փոփոխության մասին, թե դա մեր ներքին գործը չի՞։
Որպես Ադրբեջանում պետական մակարդակով քարոզվող ատելության ու զավթողական ծրագրերն ուսումնասիրող մարդ, ես առաջինը կցանկանամ գրել այդ երկրում քաղաքականության փոփոխության մասին, քանի որ դա իսկապես կարող է խոսել խաղաղության օգտին, բայց դա չկա ու չի կարող լինել, քանի որ դա Ալիևի վարչակազմի կարևոր հենասյուներից է։ Հիմա կարող ենք այս ամենը անտեսել ու ձևացնել, որ ամեն ինչ հրաշալի է, կամ կարող ենք շատ ուշադիր հետևել Ադրբեջանում ընթացող զարգացումներին ու դա հավուր պատշաճի ներկայացնել հենց նույն ԱՄՆ գործընկերներին․․․Ընտրության ու կամքի հարց է»։