Հինգշաբթի, 14 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«Քաղաքական կատարսիսն այսօրվա հրամայականն է»․ Արմեն Հովասափյան

«Քաղաքական կատարսիսն այսօրվա հրամայականն է»․ Արմեն Հովասափյան
124
Այսօր, 18:00

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական ու ներքաղաքական վակխանալիայի ֆոնին փորձեմ մի դիսկուրս առաջ քաշել, որն իմ կարծիքով, այսօր ամենաարդիականն է ու առանցքայինը։ Գուցե շատերը չհամաձայնեն, բայց այն ունի քաղաքական հրամայական․ խոսքը քաղաքական կատարսիսի մասին է։ Փորձեմ հնարավորինս պարզ բացատրել։
Հին հունական ողբերգության տրամաբանությամբ՝ կատարսիսը ոչ միայն զգացմունքային, այլև բարոյական ու կառուցվածքային մաքրագործում է։ Քաղաքական մակարդակում այն նշանակում է. հին, հակապետական համակարգի ամբողջական մերժում՝ ոչ միայն դեմքերի, այլև մտածողության մակարդակում։ Ավելին, այն առաջ է բերում նոր քաղաքական և բարոյական նորմերի սահմանում՝ պետության շահի գերակայությամբ։ Գործընթացի առանցքային հանգամանքներից մեկն է հանրային ինքնագիտակցության վերածնունդը՝ սեփական արժանապատվության և անվտանգության վերականգնման հիմքով։
Այսօր Հայաստանի գոյաբանական խնդիրը սա է։ Դա այլևս գաղափարական ցանկություն չէ, այլ օր առաջ կյանքի կոչելու կենսական պահանջ։ Մենք ապրում ենք մի փուլում, երբ արտաքին ճնշումները և ներսի քաղաքական դեգրադացիան միահյուսվել են, իսկ ազգային ինքնության և պետականության հիմքերը խաթարված։ Դրան զուգահեռ պետական ինստիտուտները կորցրել են ինքնուրույնությունը, իշխանական համակարգը վերածվել է մեկ անձի կամ նեղ խմբակի կամայականության գործիքի, իսկ հասարակության ներսում աճել է անվստահությունը, հիասթափությունը և հուսահատությունը։
Պատմական փորձը հստակ է ցույց տալիս՝ այսպիսի կուտակված ճգնաժամը չի լուծվում կոսմետիկ փոփոխություններով։ Լեհաստանը 1980-ականների վերջին, Վրաստանը 2003-ին, Չեխոսլովակիան 1989-ին և Հայաստանը 1988–1991-ին ապացուցեցին, որ իրական ելքը գալիս է համակարգային մաքրագործման և ազգային ուղղության արմատական վերանայման միջոցով։ Կապիտուլյացիայից հետո Ճապոնիան ստիպված էր հրաժարվել ռազմական էքսպանսիոնիզմից և վերակառուցել իր պետական կառուցվածքը՝ անցնելով սահմանադրական խաղաղասեր պետության մոդելի։ Ասեմ, որ կատարսիսը այստեղ ոչ թե միայն ինքնաբուխ էր, այլև արտաքին ուժերի միջամտությամբ պայմանավորված։ Մուսոլինիի ռեժիմի կործանումից, պատերազմում պարտության և ներքին ապստամբության համադրությունից հետո Իտալիան անցավ հանրապետական կառավարման։
Նշածս գործընթացը միայն իշխանափոխություն չէ․ դա հին, ապազգային և ապաշնորհ կառավարման տրամաբանության մերժում է, հասարակության արժանապատվության վերականգնում և պետական ինստիտուտների վերակենդանացում։
Այսօր ժամանակը չի աշխատում մեր օգտին, ավելին, ցանկացած ձգձգում խորացնում է պետականության կորուստը, ամրապնդում պարտության նորմալացման քարոզը և թուլացնում հանրային կամքը։ Քաղաքական կատարսիսը պետք է լինի արագ, քանի դեռ հասարակական էներգիան կարելի է մոբիլիզացնել, համաժողովրդական, որպեսզի այն դուրս գա կուսակցական և նեղ խմբային շրջանակներից, և ինստիտուցիոնալ ամրապնդմամբ, որպեսզի մաքրագործումը չվերածվի անցողիկ էյֆորիայի։
Այս մաքրագործումը չի ավարտվում իշխանության հեռացմամբ․ այն սկսվում է դրանից։ Առաջին հերթին անհրաժեշտ է վերականգնել պետական ինստիտուտների անկախությունը, սահմանել նոր ազգային ռազմավարություն և ամրապնդել հասարակական համերաշխությունը։ Ուստի քաղաքական կատարսիսը մեր այսօրվա հրամայականն է։ Ասեմ ավելին՝ այն մեր միակ ճանապարհն է՝ կանգնեցնելու ազգային պետության քայքայումը, վերականգնելու արժանապատվությունը և ապահովելու, որ ապագան կառուցվի ոչ թե պարտության հոգեբանության, այլ հաղթող ժողովրդի կամքի վրա»։

Աղբյուրը`   Արմեն Հովասափյան