«Ալյասկայում ԱՄՆ-ն ու ՌԴ-ն ուղերձ հղեցին աշխարհին՝ մենք ենք խաղի հիմնական կանոնադրողները»․ Արմեն Հովասափյան
138
Այսօր, 17:00
ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ալյասկա․ նոր Պոտսդամի սկի՞զբ․ Այսօր աշխարհն արթնացավ Պուտին–Թրամփ հանդիպման աժիոտաժով։ Փաստենք, որ հանդիպումից սպասումները մեծ էին․ ոմանք հույս ունեին խաղաղության, ոմանք՝ գերտերությունների նոր գործարքի, իրականությունը, սակայն, ցույց տվեց, որ զինադադար չկնքվեց, պայմանագիր չստորագրվեց, բայց աշխարհը կանգնեց նոր իրականության շեմին։ Փոխարենը՝ շքեղ ընդունելություն, լուսանկարներ, ջերմ ժպիտներ և մեկ մեծ PR հաղթանակ Կրեմլի համար։ Թրամփը հայտարարեց, թե «գործնական առաջընթաց» կա, բայց այդ «առաջընթացը» թղթի վրա չհայտնվեց։ Իսկ երբ քաղաքական գործիչն ասում է «առաջընթաց կա, բայց մանրամասներ չկան», դա նշանակում է՝ ոչինչ չկա։ «Գետնի վրա» այլ իրականություն է․ Ուկրաինայի պատերազմը շարունակում է հազարավոր կյանքեր խլել, Եվրոպան փաստացի ավելի խորացավ անվստահության ճահճում։ Սա ցույց տվեց մեկ դառը ճշմարտություն․ աշխարհը գնալով դառնում է ոչ թե միջազգային իրավունքի, այլ մերկ ուժի ու առևտրի վայր։ Մեծերը սեղանի շուրջ նստում են, իրար ժպտում, և որոշում են խաղի կանոնները, փոքրերը՝ մնում են այդ սեղանի վրայի ուտելիքի դերում։ Ըստ էության՝ այստեղ հարցը միայն Ուկրաինան չէ, այլ այն, թե ո՞ւմ հերթն է լինելու հաջորդը, երբ մեծերը նոր գործարք կնքեն, ի՞նչ է լինելու այն փոքր պետությունների հետ, որոնք հավատացել են արժեքներին, ոչ թե գործարքներին։ Ի դեպ՝ պատմական զուգահեռներն ակնհայտ են։ 1945թ. Պոտսդամում երեք մեծերը նստեցին սեղանի շուրջ և որոշեցին Եվրոպայի ու աշխարհի ճակատագիրը։ Այսօր Ալյասկայում ևս երկու գերտերություն՝ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը, ուղերձ հղեցին ամբողջ աշխարհին․ մենք շարունակում ենք մնալ խաղի հիմնական կանոնադրողները։ Սակայն կա կարևոր տարբերություն․ եթե Պոտսդամում ձևավորվեց երկբևեռ աշխարհ՝ Արևմուտք ընդդեմ ԽՍՀՄ, ապա Ալյասկայում ոչ մի հստակ բաժանում չկատարվեց, այլ հաստատվեց մեկ այլ բան․ աշխարհն այլևս չի ղեկավարվում արժեքներով կամ միջազգային իրավունքի կանոններով, այլ միայն գործարքներով և ուժի հաշվարկներով։ Ակնհայտ է, որ այսօր Չինաստանը, Հնդկաստանը, ԵՄ-ն, տարածաշրջանային կենտրոնները՝ Թուրքիա, Իրան, Սաուդյան Արաբիա, նույնպես խաղի մեջ են։ Այդ պատճառով Ալյասկայի հանդիպումը նոր Պոտսդամ չէ, բայց այն դարձավ պոստ-լիբերալ, գործարքային աշխարհակարգի սկիզբ։ Ալյասկանյից աշխարհին հղված ուղերձը պարզ է․ մեծերը խոսում են միմյանց հետ, անգամ պատերազմի պայմաններում, նրանք որոշում են փոքրերը ստիպված են հարմարվել, և ամենակարևորներից մեկը՝ ստեղծված իրավիճակում միջազգային կազմակերպությունները՝ ՄԱԿ, ՆԱՏՕ, ԵԱՀԿ, դառնում են երկրորդական դեկորացիա։ Կարևոր է արձանագրել, որ վերը թվարկածը Հայաստանի նման փոքր պետությունների համար վտանգավոր ահազանգ է։ Եթե մեծերը վերադառնում են փակ գործարքների դարաշրջան, ապա մեր գոյության, մեր անվտանգային ճակատագրի հարցերը կարող են որոշվել մեր գլխավերևում։ Այս հանդիպումը մեզ մեկ բան հիշեցրեց․ այս աշխարհում հարգում են միայն այն պետություններին, որոնք իրենց ձայնը բարձրացնելու կամք ունեն, իսկ եթե լռում ես՝ քեզ հաշվում են որպես տարածք, ոչ թե պետություն»։