Շաբաթ, 23 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ գիտակցաբար է զոհաբերել Արցախը». Լևոն Զուրաբյան

«Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ գիտակցաբար է զոհաբերել Արցախը». Լևոն Զուրաբյան
302
Այսօր, 20:24

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Փաշինյանը խոստովանեց, որ գիտակցաբար է զոհաբերել Արցախը․
Այսօր, օգոստոսի 23-ին, Հայաստանի անկախության հռչակագրի օրվա կապակցությամբ Հայաստանի վարչապետ Նիլոլ Փաշինյան առանց չափազանցության սենսացիոն և պատմական կարևորության հայտարարություն է արել:
Նա բառացիորեն ասել է հետևյալը.
«Այսօր ուզում եմ պատասխանել նաեւ մի հարցի, որը թերեւս ամենակարեւորն է վերջին 7 տարվա պատմությունը հասկանալու համար։
Ի վերջո, ինչու՞ մինչեւ 2020 թվականի սեպտեմբերը Հայաստանի Հանրապետությունը, մեր Կառավարությունը, ես՝ ինքս, չգնացինք զիջումների, ինչը 44–օրյա պատերազմից խուսափելու միակ տեսական հնարավորությունն էր։ Դրա առանցքային պատճառն այն էր, որ այդ զիջումների արդյունքում մեր ունեցած բոլոր սպառնալիքները եւ կախվածությունները մեծանալու էին, մեծանալու էին անհամաչափորեն՝ հանգեցնելով Հայաստանի անկախության եւ պետականության կորստի։
Մենք որդեգրեցինք Հայաստանի անկախությունը պահպանելու եւ այդ անկախությունն իրական դարձնելու ռազմավարություն, ...որի պայմաններում հնարավոր դարձավ խաղաղությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, որի պայմաններում հնարավոր դարձավ իրական երկխոսությունը Թուրքիայի հետ»:
Եվ այսպես՝ առաջին անգամ պատմության մեջ Նիկոլ Փաշինյանը բացեիբաց խոստովանություն է անում, որ նա գիտակցաբար զոհաբերել է Արցախը հանուն Հայաստանի անկախության:
Նա վերջապես ընդունել է, որ 2020 թվականին կարելի էր գնալ զիջումների և խուսափել պատերազմից (մի անգամ վախեցած վիճակում դա ասել էր նաև 2020-ի նոյեմբերի 10-ին բունկերից, բայց հետագայում հերքում էր):
Հիշեցնեմ, որ խոսքը Մինսկի խմբի պլանի մասին է, ըստ որի հայկական կողմը վերադարձնում էր Լեռնային Ղարաբաղից դուրս հինգ շրջանները, իսկ Լաչինի շրջանի ոչ-միջանցքային մասը և Քելբաջարը մնում էին հայկական վերահսկողության տակ, քանի դեռ Հայաստանն ու Ադրբեջանը, արդեն խաղաղության պայմաններում, չեն եկել փոխընդունելի որոշման Արցախի վերջնական կարգավիճակի շուրջ:
Ստացվում է, որ Փաշինյանը հրաժարվել էր ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Ֆրանսիայի առաջարկած խաղաղության պլանից, որով , առանց Զանգեզուրյան որեևէ միջանցք տալու, մենք սերունդներ շարունակ կպահեինք ամբողջ Լեռնային Ղարաբաղը, Լաչինն ու Քելբաջարը հայկական վերահսկողության տակ:
Հրաժարվել էր, որովհետև այդ պլանի ապահովումը ռուս խաղաղապահների կողմից համարել էր մեր անկախությանը սպառնալիք:
Սա պատմական հայտարարություն է, իրականում՝ իսկական ռումբ մեր ամբողջ ներքաղաքական բանավեճում:
Մի կողմ դնենք այն հանգամանքը, որ կատարելով Արցախի զոհաբերությունը, Փաշինյանը ոչ թե պահպանեց Հայաստանի անկախությունը, այլ Հայաստանը՝ տարածքային կորուստներով հանդերձ, աստիճանաբար դարձնում է Ադրբեջանի վասսալային պետություն:
Այստեղ ավելի կարևոր է այն, որ Փաշինյանը վերջապես աներկբա ընդունեց, որ Արցախի զոհաբերումը, արցախահայերի ցեղասպան էթնիկ զտումը, մեր զոհված և վիրավորված զինվորների կորուստները, մեր ջախջախված արժանապատվությունը, բոլորը՝ հետևանք են նրա ԳԻՏԱԿՑՎԱԾ և ՀԱՇՎԱՐԿՎԱԾ որոշման և ռազմավարության, որի շնորհիվ «հնարավոր դարձավ խաղաղությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, որի պայմաններում հնարավոր դարձավ իրական երկխոսությունը Թուրքիայի հետ»:
Այ սա արդեն ուրիշ խոսակցություն է, Նիկոլ, այ էս հայտարարության համար քեզ շատ շնորհակալ ենք, սա ընդմիշտ փոխեց մեր բանավեճը ապագայում:
Հիմա մի երկու բառ ասեմ նաև Փաշինյանի ստախոս լինելու մասին, որն, ի դեպ, ժողովրդի մեջ որպես «Դդում» հայտնի գործիչը՝ կասկածի տակ էր դրել: Փաշինյանն այս հայտարարությամբ նաև իր ստախոսության նոր ապացույցներ տվեց.
- Առաջ ասում էր՝ կարգավորման պլան իրեն ուղարկված չի եղել, հիմա ասում է, եղել է՝ ես չեմ համաձայնվել:
- Առաջ ասում էր, կարգավորման պլանին համաձայնվեինք՝ կասեիք դավաճան, հիմա ասում է՝ չեմ համաձայնվել, որ անկախությունը պահեմ:
- Առաջ ասում էր՝ ռուսներն են հանձնել Արցախը Ադրբեջանին, հիմա պարզվում է, որ Արցախի հանձնումն ի սկզբանե եղել է Փաշինյանի պլանը, որպեսզի ազատվի ռուսներից և հաշտվի թուրքերի և ադրբեջանցիների հետ:
Եվ այս «անկախության փրկիչը» հիմա էլ ուզում է ՀՀ Սահմանադրությունից Ադրբեջանի թելադրանքով հանել տա Անկախության Հռչակագիրը:
Շնորհավոր Անկախության Հռչակագրի օրը»:

Աղբյուրը`   Լևոն Զուրաբյան