«ՀՀ-ն իր անվտանգային ապագան նախևառաջ պետք է կապի «Հյուսիս-Հարավ» ուղղության հետ». Էդուարդ Շարմազանով
127
Շաբաթ, 23 օգոստոսի, 2025 թ., 22:54
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը. «ՀՀ-ն իր անվտանգային ապագան նախ և առաջ պետք է կապի «Հյուսիս-Հարավ» / Մոսկվա -Երևան- Թեհրան/ ուղղության հետ։ Փաշինյանական ավանտյուրայի մասին շատ է խոսվել։ Խոսել են թե փորաձագետները, թե՝ քաղաքական ուժերը և թե՝ պետական այրերը։ Բոլոր լուրջ վերլուծությունները ցույց են տալիս, որ Փաշինյանը ՀՀ-ն մոտեցնում է ոչ թե խաղաղության, այլ՝ քաոսի։ Նրա չհաշվարկված ու թրքահպատակ քայլերը կարող են նույնիսկ հանգեցնել Հարավային Կովկասում առճակատման՝ ռեգիոնալ ու ոչ միայն ռեգիոնալ պետությունների միջև։ Փաստացի հրաժարվելով հյուսիս-հարավ նախագծից՝ Նիկոլը Հայաստանը դարձնում է «միջին միջանցք», իսկ Հարավային Կովկասում՝ «թուրանական միջանցք» նախագծի մաս։ Իսկ 99 տարով ՀՀ տարածքի մի մասը/43 կմ/ արտաքին կառավարման վարձակալության կամ արտապատվիրակման հանձնելը ռիսկեր է պարունակում ոչ միայն ՀՀ-ի, այլ նաև մարտահրավեր է Իրանի և ՌԴ-ի համար։ Արևմուտքը հազարավոր կմ Հայաստանից հեռու է և չի կարող ու չի էլ պլանավորում պաշտպանել ՀՀ անվտանգությունը։ Ավելին. Արևմուտքը նույնիսկ երաշխավոր չէ հնարավոր այս «գործարքի»։ Նրա շահերը մեր տարածաշրջանում կարող է ներկայացնել Թուրքիան, որի շահերը ոչ միայն չեն համընկնում, այլ՝ հակադիր են ՀՀ անվտանգային շահերին։ Չմոռանանք, որ նույն Փաշինյանն էր 2020-ի աշնանը պնդում, որ Թուրքիան մտնում է տարածաշրջան՝ ավարտին հասցնելու Հայոց ցեղասպանությունը։ Իսկ այսօր նույն Փաշինյանը, արհամարհելով ՀՀ պետական շահը, Հայաստանը փորձում է դարձնել «թուրանական աշխարհի» մաս։ Ամեն պատեհ ու անպատեհ առիթով ինքնիշխանությունից խոսող Փաշինյանը Հայաստանի անվտանգային ապագան գրավադրում է երրորդ երկրի՝ գրգռելով իր հարավային հարևանին։ Ու զավեշտ է, երբ այս ամենը նա անվանում է խաղաղություն։ Աշխարհաքաղաքական տեսանկյունից սա ակնհայտ սադրիչ քայլ է ՀՀ անվտանգության դեմ։ Ինչքան Չեմբեռլենը 1938-ին Մեծ Բրիտանիային մոտեցրեց խաղաղության, այնքան էլ Փաշինյանն է ՀՀ-ն մոտեցնելու խաղաղության։ Ինչքան Վրաստանի ու Ուկրաինայի «գունավոր հեղափոխություններն» այդ պետություններում խաղաղություն բերեցին, այնքան էլ 2018-ի նիկոլիստական «հեղափոխությունը» մեր ժողովրդին բերեց խաղաղություն։ ՀՀ-ում արժանապատիվ խաղաղություն հնարավոր է հաստատել ազգային -պետական իշխանություն ունենալու և «Հյուսիս-Հարավ»/Մոսվվա-Երևան-Թեհրան/ ռազմավարական ուղղության զարգացման դեպքում։ Տարածաշրջանում բոլոր պետությունները պաշտպանում են իրենց շահերը, իսկ ո՞ւմ շահերն է պաշտպանում Փաշինանը. հաստատ ոչ ՀՀ-ի»: