Ուրբաթ, 05 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +27 °C

«Սամվել Բաբայանի «մարգարեությունը»՝ քաղաքական առևտրի սցենար»․ Արմեն Հովասափյան

«Սամվել Բաբայանի «մարգարեությունը»՝ քաղաքական առևտրի սցենար»․ Արմեն Հովասափյան
68
Այսօր, 12:48

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բաբայանի «մարգարեությունը»՝ քաղաքական առևտրի սցենար
Հայաստանյան քաղաքական դաշտում արդեն «բարի» ավանդույթ է դարձել հին պատմությունները փոշոտ դարակներից հանելով՝ դրանք ներկայացնել որպես «կենաց-մահու ճշմարտություններ»։ Այդ նույն տրամաբանությամբ էլ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, ում հաճախ իշխանությունները օգտագործում են որպես քաղաքական «բուֆեր», իր թիմակիցներից մեկի միջոցով նորից հանրային դաշտ է նետել իր 2016-ին Սերժ Սարգսյանին ուղղված հայտնի նամակը, որտեղ նշվում էին, թե Հայաստանին ինչ սպառազինություններ ու զինատեսակներ են անհրաժեշտ հզորանալու համար։
Այսօր Բաբայանի պատկերացրած փաստաթուղթը ներկայացվում է որպես ռազմավարական կանխատեսում, մինչդեռ իրականում այն ոչ ավելին է, քան անձնական ցանկությունների ցուցակ։ Ընդ որում՝ այնտեղ մատնանշվող հիմնական ուղղություններից մեկը կապված էր իսրայելական սպառազինությունների, մասնավորապես՝ «Երկաթե գմբեթ» (Железный купол) հակաօդային պաշտպանության միջոցների ձեռքբերման հետ։ Սակայն իրականությունն այն էր, որ Իսրայելը երբեք պատրաստ չէր նման համակարգ տրամադրել Հայաստանին։ Դրա պատճառները բացահայտ էին․ Թել Ավիվի ռազմավարական գործընկերը հենց Ադրբեջանն էր, ում էլ մատակարարում էր հսկայական ծավալի սպառազինություն՝ հաշվի առնելով նաև հակաիրանական գործոնը։
Նման պայմաններում Բաբայանի առաջարկած տարբերակը պարզապես անիրագործելի էր։ Բավականին հեշտ է կազմել սեփական պատկերացումների զինանոց և տարիներ անց հանդես գալ «ես ասացի, բայց չլսեցին» դիրքից։ Բայց պետության անվտանգության հարցը լոզունգներով ու ցանկությունների ցուցակով չի լուծվում։ Ռազմավարությունը չի կարող կառուցվել «եթե ինձ լսեինք» տրամաբանության վրա, այլ պահանջում է միջազգային հարաբերությունների, տնտեսական հնարավորությունների և դաշնակցային ցանցի խորքային հաշվարկ։
Այնպես որ, Բաբայանի կողմից ուղղորդված 10 տարվա նամակի բովանդակությունը հանրային դիսկուրս նետելը ոչ թե «պատերազմի կանխատեսում» էր, այլ հերթական «քաղհուշագիր», որտեղ հեշտ էր գրել ցանկալի զինատեսակների ցուցակն ու հետո տարիներ անց կանգնել «ես ասացի, չլսեցին» դիրքում։ Իրականում պատերազմները չեն կանխվում թղթին տված ցանկություններով, այլ կանխվում են դաշնակցային համակարգով, դիվանագիտական հաշվարկով, ժողովրդագրական ու տնտեսական ռեսուրսներով, ինչի բացակայության պատճառով էլ Հայաստանը պարտվեց 2020-ին։
Այլ կերպ ասած՝ ով էլ որ այսօր փորձի իրեն ներկայացնել որպես «մարգարե», ընդամենը փորձում է սեփական անցյալի կամ ներկայիս քաղաքական շահերը փաթեթավորել «կոմպետենտության» տեսքով։ Իսկ դա ոչ թե լուծում է երկրի առաջ ծառացած խնդիրները, այլ ընդամենը խորացնում հանրային հիասթափությունն ու կեղծ ակնկալիքները։
Կարևոր է արձանագրել նաև այն առանձքային դրվագը, որ Բաբայանը 2018-ից հետո ամեն կերպ փորձում է տեղավորվել ու հարմարվել օրվա կառավարիչների «ռասկլադին» և ամեն գնով իր ծառայությունները մատուցել: Ավելին, նա 2018-ին ամեն ինչ արել է, որպեսզի Նիկոլը գոհ մնա և պերմանենտ թիրախավորել է հայաստանյան և Արցախի նախկին իշխանություններին՝ բացառապես վերջինիս հաճոյանալու նպատակով: Ըստ ամենայնի՝ այս դեպքն ամբողջովին տեղավորվում է նաև առաջիկա ընտրությունների տրամաբանության մեջ, որի ժամանակ Բաբայանը կփորձի հնարավորինս շատ ձայներ փախցնել»։

Աղբյուրը`   Արմեն Հովասափյան