Երկուշաբթի, 22 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Նախընտրելի է, երբ մարդուն այլք են բնորոշում հզոր, այլ ոչ թե ինքն իրեն»․ Հակոբ Բադալյան

«Նախընտրելի է, երբ մարդուն այլք են բնորոշում հզոր, այլ ոչ թե ինքն իրեն»․ Հակոբ Բադալյան
87
Այսօր, 22:18

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ ««Հզոր մարդը չպետք է ամեն օր հարցազրույց տա: Ես շաբաթական երեք անգամ գալիս եմ դատերին, բայց ամեն անգամ հարցազրույց չեմ տալիս, որովհետև դա ոչ ինձ է պետք, ոչ էլ հանրությանը»:

Այս խոսքերի հեղինակը մի որևէ հայ ինտելեկտուալ չէ, ինչպես կարող է հանկարծ թվալ շատերին: Այս խոսքերի հեղինակը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն է: Իհարկե, ես գիտեմ նրա մասին կարծիքների դիապազոնը, նաև հասկանալի է, որ շատ ավելի նախընտրելի է, երբ մարդուն այլք են բնորոշում հզոր, այլ ոչ թե ինքն իրեն:

Բայց, Գագիկ Ծառուկյանը կամա, թե ակամա ձևակերպում է մի բան, որը թերևս հայաստանյան հասարակական-քաղաքական կյանքի առանցքային «բացականերից» մեկն է՝ խոսքի արժեքի գիտակցումը:

Իհարկե, կան մարդիկ, որոնց կարող ես լսել ամեն օր, ամեն ժամ: Բայց, այդ մարդիկ Հայաստանի հասարակական-քաղաքական միջավայրում գործնականում բացակայում են: Սա եղածներին նսեմացնելու համար չէ, որ ասում եմ: Բայց, Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում ըստ էության ստեղծվել է թե գործնականում, թե նաև իմաստուն պերճախոսության մի վակուում:

Ես առաջարկում եմ, որ հասարակական-քաղաքական դերակատարները շատ մտածեն այս մասին: Հանրությանը կամ պետք է մատուցել աննախադեպ էներգետիկայով ու փիլիսոփայությամբ մի խոսք, կամ մատուցել առարկայական գործ՝ թեկուզ շատ փոքր, շատ համեստ, բայց գործ, որը ունենալով փոքր մասշտաբ, այդուհանդերձ կարող է հանրությանը փոխանցել մեծ իմաստներ»։

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան