ԱԺ հայտարարությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ
![]() 123 Այսօր, 14:54 ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը արտահերթ նիստի օրակարգ էր բերել ԱԺ հայտարարության նախագիծ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ, որը 64 կողմ ձայնով ընդունվեց։ Նախագծի քննարկմանը ընդդիմադիր խմբակցությունները հրաժարվել էին մասնակցել՝ այն որակելով հակահայկական։ - Պաշտպանելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը, - Գիտակցելով միմյանց տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության, քաղաքական անկախության ճանաչման հիման վրա բոլոր հարեւանների հետ խաղաղ համակեցության նշանակությունը տարածաշրջանի տնտեսական բարգավաճման եւ առաջընթացի համար, - Ընդգծելով խաղաղության հաստատման կարեւորությունը Հայաստանի Հանրապետության զարգացման եւ հարատեւության համար, - Հենվելով անցյալի հակամարտությանը վերջ դնելու եւ ժողովուրդների միջեւ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու անհրաժեշտության գիտակցության վրա՝ 1. աջակցություն է հայտնում 2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպման արդյունքում՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահի համատեղ Հռչակագրին, 2. ողջունում է 2025 թվականի օգոստոսի 8-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախաստորագրումը եւ ստորագրմանն ուղղված ջանքերը, 3. կարեւորում է ձեռք բերված համաձայնությունը առ այն, որ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ հաղորդակցությունների բացումը տեղի կունենա պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավազորության հարգման հիման վրա, տարածաշրջանում ու նրա հարեւանությամբ խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը խթանելու նպատակով: Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով, 4. առանցքային է համարում, որ Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով, 5. քաջալերում է անցյալի հակամարտությամբ չկանխորոշված, Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանն ու 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան պայծառ ապագայի ուղի նախանշելու՝ 2025 թվականի օգոստոսի 8-ի Հռչակագրով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ մեկնարկած գործընթացը, 6. վերահաստատում է, որ մարդկային անասելի տառապանքներ պատճառած հակամարտությունից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար ստեղծվել են բարիդրացիական հարաբերություններ սկսելու պայմաններ՝ հիմնված միջազգային սահմանների անքակտելիության եւ տարածքներ ձեռք բերելու նպատակով ուժի կիրառման անթույլատրելիության սկզբունքների վրա, 7. երախտագիտություն է հայտնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման գործում իր անուրանալի ներդրման համար, 8. ընդգծում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատումը նոր հնարավորություններ է բացում տնտեսական բարգավաճման եւ առաջընթացի համար, որ խաղաղության ինստիտուցիոնալ կայացումը բխում է Հայաստանի Հանրապետության կենսական շահերից եւ որ անհրաժեշտ է ջանքեր գործադրել հաստատված խաղաղության հետագա ամրապնդման ուղղությամբ, 9. կոչ է անում Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության հանրային, քաղաքական, փորձագիտական, գիտական, մշակութային շրջանակներին՝ ձեռնպահ մնալ կոնֆլիկտը խորհրդանշող եւ/կամ այն վերաձեւակերպելուն կամ բորբոքելուն ուղղված խոսույթներից եւ գործողություններից, հաստատված խաղաղության հարատեւությունն ու հուսալիությունը հանուն Հարավային Կովկասի բարգավաճման երաշխավորելու համար: ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ 2025 թվականի օգոստոսի 8-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպման արդյունքում՝ Հայաստանի Հանրապետության վարչապետը եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահը ստորագրել են համատեղ Հռչակագիր (այսուհետ՝ Հռչակագիր), որը միտված է կողմերի միջեւ երկարաժամկետ եւ կայուն խաղաղության հաստատմանը: Հռչակագրով Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության ղեկավարները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ խաղաղ հարաբերությունների հաստատման, փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչման եւ հաղորդակցությունների բացման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու ուղղությամբ: Այս համատեքստում, կարեւոր է, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը՝ որպես ժողովրդի կողմից առաջնային մանդատով ընտրված ներկայացուցչական մարմին, հայտարարության միջոցով աջակցություն հայտնի խաղաղության գործընթացին եւ քաջալերի բոլոր շահագրգիռ կողմերին՝ պահպանելու եւ ամրապնդելու ձեռք բերված խաղաղությունը»: |
«Բաց սահմաններն ավելի են ուժեղացնելու Հայաստանի ժողովրդավարությունը»․ Արթուր Հովհաննիսյան
9515:18«Երկու Ալբանիաների վարչապետերը»․ Էդգար Ղազարյան
9315:06ԱԺ հայտարարությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ
11714:54Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի լիագումար նիստին (տեսանյութ)
11014:48«Նույնիսկ Հիտլերն էր ձգտում խաղաղության»․ Հովիկ Աղազարյան (տեսանյութ)
9814:36Նիկոլ Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են «TRIPP»-ի վերաբերյալ հարցեր
7314:18«Երբ խոսքը վերաբերում է խաղաղությանը, ընդդիմությունը մեռած է ձևանում»․ Հայկ Կոնջորյան
12114:12«Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարություն է տարածել
15713:56