«Սա նշանակում է Երևանի ներգրավումը եվրոպական ռազմավարական որոշումների գործընթացներին»․ Արման Բաբաջանյան
62
Չորեքշաբթի, 01 հոկտեմբերի, 2025 թ., 22:12
ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի Երևանում անցկացնելու մասին հայտարարությունը ոչ Հայաստանի աշխարհաքաղաքական ինքնագիտակցության ու ռազմավարական ուղղության խորքային դրսևորում՝ ուղերձ և մարտահրավեր միաժամանակ։ Այն ազդարարում է, որ Հայաստանի Հանրապետության եվրոպական ընտրությունը ինքնիշխանության վերականգնման գիտակցված ու անշրջելի ուղի է։ Այն փաստը, որ այս որոշումն ընդունվեց հենց այն օրը, երբ Պուտինը Վալդայի ֆորումում հանդես եկավ հերթական հակաարևմտյան ելույթով ընդգծում է գործընթացի խորքային աշխարհաքաղաքական իմաստը։ Այս համընկնումը պատահական չէ․ այն բացահայտում է, որ Հարավային Կովկասը վերածվում է գլոբալ մրցակցության առաջնային թատերաբեմի, որտեղ Հայաստանը ընտրում է եվրոպական անվտանգության և արժեքային համակարգի ճարտարապետությունը՝ հրաժարվելով Մոսկվայի կործանարար կախվածությունից։ Եվրոպայի և հարակից երկրների առաջնորդների հավաքը տեղափոխելով Կովկասի սիրտ՝ Հայաստան, փաստացի նշանակում է Երևանի ներգրավումը եվրոպական ռազմավարական որոշումների կենտրոնական գործընթացներին։ Դա ազդանշան է ոչ միայն դաշնակիցներին, այլև մրցակիցներին. Երևանը Եվրոպայի քաղաքական քարտեզում դառնում է հենակետ՝ Եվրամիության և հարակից երկրների համար դեպի Արևելք և Մերձավոր Արևելք ընդարձակման ռազմավարության շրջանակում։ Երևանը փաստացի ձևավորում է եվրոպական ներկայության նոր հարթակ Հարավային Կովկասում, որը հավասարակշռում է Թուրքիայի և Ռուսաստանի ազդեցությունը։ Հայաստանի ապագան այլևս չի կարող կառուցվել արտաքին հովանավորի կամ ռազմական բլոկի միակողմանիության վրա։ Ապագան ինքնիշխան ընտրության, բազմավեկտոր քաղաքականության և եվրոպական ինտեգրման վրա հիմնված նոր անվտանգության ճարտարապետության մեջ է։ Երևանի կողմից ԵՔՀ գագաթնաժողովի հյուրընկալումը Հայաստանի անկախ արտաքին քաղաքականության ամենաուժեղ դրսևորումներից մեկն է վերջին տասնամյակներում։ Այն ոչ միայն փոխում է երկրի ընկալումը միջազգային հարթակներում, այլև ուղերձ է ամբողջ տարածաշրջանին՝ Հայաստանը վերադառնում է որպես ինքնուրույն խաղացող, որը պատրաստ է ստանձնել պատասխանատվություն իր անվտանգության, զարգացման և խաղաղության համար։ Սա ոչ թե արձագանք է պատմությանը, այլ՝ դրա վերահասցեագրում։ Երևանում ԵՔՀ գագաթնաժողովի անցկացումն իրագործվեց նաև մեր կուսակցության նախաձեռնած՝ ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունման և ավելի քան 60 հազար քաղաքացու ստորագրությամբ հավաքված հանրային պահանջի արդյունքում։ Այս համատեքստում Հայաստանի ռազմավարական հաջորդ քայլը պետք է լինի ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալը, ինչպես նաև մինչև գագաթնաժողովը Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկը: Այս պահին առավել քան երբևէ կենսական է, որ Հայաստանի եվրոպական ընտրությունը դառնա մեր արտաքին քաղաքականության անշրջելի առանցքը, իսկ Երևանի պատրաստակամությունն ու լրջությունը՝ ԵՄ անդամակցության գործընթացի իրականացման հարցում, ամեն օր տեսանելի և զգալի լինեն մեր եվրոպացի գործընկերների համար։ Սա ոչ միայն վստահության նախապայմանն է, այլև այն հիմքը, որի վրա պիտի կառուցվի Հայաստանի նոր դերը եվրոպական անվտանգության ու քաղաքականության համակարգում»։