Չորեքշաբթի, 08 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Արսենին կալանավորեցին, որովհետև նրա ձայնը խանգարում էր պաշտոնյաների «հանգստությանը»». Նաիրա Մարգարյան

«Արսենին կալանավորեցին, որովհետև նրա ձայնը խանգարում էր պաշտոնյաների «հանգստությանը»». Նաիրա Մարգարյան
155
Երեկ, 23:36

Զոհված զինծառայող Ժիրայր Մարգայրանի մայրը՝ Նաիրա Մարգարյանը, գրում է․ «Այսօր կալանավորել են Արսենին՝ զոհվածի եղբորը, անհետ կորած զինվորի հորեղբորը։

Այն մարդուն, ով հինգ տարի շարունակ, ցավի ու անտարբերության միջով քայլեց բոլոր մայրերի կողքով՝ որոնելով մեր անհետ կորած տղաներին։

Այն մարդուն, որ երբ պաշտոնյաները նստած էին իրենց փափուկ աթոռներին, ինքն ու իր նման շատ ծնողներ էին մասնակցում որոնումներին՝ ԱԻՆ-ի ու Կարմիր խաչի աշխատակիցների հետ։

Պատկերացնո՞ւմ եք, ինչ են զգացել, ինչի միջով են անցել։

Պատկերացնո՞ւմ եք այդ ցավը…

Երբ եղբոր մարմինը գտել է առանց գլխի, իսկ գլուխը՝ մեկ այլ օր։

Երբ ինքն է տարել եղբոր գլուխը Ստեփանակերտից Երևան՝ սեփական մեքենայով։

Պատկերացնո՞ւմ եք, թե՞, ի զորու չեք պատկերացնելու՝ ինչ ցավ է եղել իր համար:

Երբ նրա եղբոր որդին՝ սահմանափակումներով զորակոչված զինվոր, մեկ ամսվա զինծառայող էր և անգամ երդումը չէր հասցրել տալ, բայց պատերազմը սկսվեց, ու նրան տարան առաջնագիծ…

Արդեն հինգ տարի է՝ նա անհետ կորած է։ Եվ ոչ ոք, ոչ մի պաշտոնյա չի համարձակվել ասել, թե ինչ եղավ այդ տղաներից յուրաքանչյուրի հետ։

Արսենը դարձավ մեր բոլորի խիղճը։ Նա չլռեց, երբ մյուսներին ստիպում էին լռել։ Նրա համար կողմ չկար, կուսակցություն չկար, նրա միակ կողմը Հայն էր և Հայրենիքը, անհետ կորած տղաների ճակատագիրը։

Եվ այսօր նրան կալանավորեցին, որովհետև նրա ձայնը խանգարում էր այդ պաշտոնյաների «հանգստությանը»։

Նրա նմաններն են կալանավորվել, ովքեր չհամակերպվեցին էս իրականությանը, անընդհատ արդարության պահանջով ձայն բարձրացրին, չլռեցին՝ Գարիկ Գալեյանը՝ մի շիշ ջրի համար,

Արա Ռոստոմյանը՝ Սրբազանի կողքին լինելու համար,

իսկ Արսենը՝ իր խղճի և խոսքի համար։

Արսենի սիրտը ստենտավորված է։ Նրա մայրը՝ տարեց կին,

մի որդուն կորցրել է պատերազմում, թոռը անհետ կորած է, իսկ մյուս որդին բանտում է։ Պատկերացնո՞ւմ եք այդ մոր ցավը, որ ապրում է առանց որդու, սպասում է թոռանը և հիմա կորցնում է մյուս որդուն …

Բայց հարց ունեմ.

Ո՞ւր եք դուք՝ ընդդիմադիրներ։

Ո՞ւր եք դուք, ովքեր ամեն բարձրից խոսում եք հայրենասիրությունից ու արդարությունից։ Չէ՞ որ այս տղաները ոչ կուսակցության համար գնացին պատերազմ։ Նրանք գնացին հանուն բոլորիս, հանուն այս հողի, հանուն խաղաղության, որով այսօր քայլում եք դուք։

Ինչո՞ւ եք լռում։

Չէ՞ որ լռությամբ դուք էլ եք դառնում այս անարդարության մասնակիցը։ Այս ցավը միայն Արսենի ընտանիքինը չէ։

Սա մի ամբողջ ժողովրդի ցավն է։

Մի ժողովրդի, որ դեռ սպասում է իր տղաներին։

Մի ժողովրդի, որ իրավունք չունի լռելու։

Եկեք վերջապես զգա՛նք միմյանց ցավը, ձայն բարձրացնենք հանուն արդարության, հանուն մեր հերոսների, հանուն մեր խիղճը չկորցնելու։

Ոտքի ելնենք հանուն արդարության, հանուն Հայրենիքի, հանուն Մարդու։

Ազատություն Արսենին։

Ազատություն Գարիկին, Արային։

Հայրենիքի մայր՝ Նաիրա Մարգարյան»։

Աղբյուրը`   Նաիրա Մարգարյան