Հինգշաբթի, 23 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Ալիևի ցորենի բլեֆը․ թաքնված շանտաժ՝ գեղեցիկ փաթեթավորմամբ»․ Արա Արայան

«Ալիևի ցորենի բլեֆը․ թաքնված շանտաժ՝ գեղեցիկ փաթեթավորմամբ»․ Արա Արայան
132
Այսօր, 01:30

Վերլուծաբան Արա Արայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ալիևի ցորենի բլեֆը:
Ցորենը Հայաստան է մտել, ոչ թե Ադրբեջանից հայ-ադրբեջանական սահմանով, այլ Ղազախստանից Ադրբեջան, այնտեղից Վրաստան հետո նոր Հայաստան:
Բացառված չէ, որ նախկինում ցանկացած ապրանք, կարող էր որևէ երկրից մտնել Ադրբեջան, հետո Վրաստան, այնուհետ Հայաստան: Ընդհամենը Ադրբեջան մտնելիս այն պիտի ձևակերպվեր, որպես Վրաստանի համար նախատեսված բեռ, հետո Վրաստանից, ասենք վրացական ձեռնարկության, կամ հայ վրացական ձեռնարկության անունից դեպի Հայաստան: Սխեմաներ շատ կան, տեղյակները կիմանան...
Խոսքը մի քանի տոկոս ավել, կամ պակաս մաքսատուրքերի մասին է, եթե հարցը վերաբերվում է ԵՏՄ ին, եթե ապրանքը այլ երկրից պիտի գար Հայաստան, այդ մի քանի տոկոսի հարցն էլ է վերանում: Ավելին, գաղտնիք չէ, որ հատկապես 2020 ից առաջ, Ադրբեջանում ազատ վաճառվում էին հայկական ապրանքներ, կոնյակ և այլն: Բազմիցս մամուլը գրել է հայկական շուկայում վաճառվող ադրբեջանական ապրանքների մասին: Որտեղի՞ց էին այդ ապրանքները մտնում Հայաստան ու Ադրբեջան, իհարկե Վրաստանից:
Այժմ Ալիևի հայտարարությունը այն մասին, որ դեպի Հայաստան Ադրբեջանի տարածքով տրանզիտի սահմանափակումները վերացել են, մեծ նշանակություն չունի: Կարևոր է, թե ինչ է ասել Ալիևը այդ հայտարարությունից հետո: Նա ասել է, որ Զանգեզուրի միջանցքը պիտի բացվի 2028 ին: Այո, հայկական կողմը ուրախություն հայտնեց «տրանզիտի բացման» վերաբերյալ և էլ չարձագանքեց «Զանգեզուրի միջանցք» բառակապակցությանը: TRIP հապավումը ոչ ոք չի գործածում, դա «Զանգեզուրի» լեգիտիմացիան էր: Իշխանության սազանդարները ինչքան էլ փորձեն թեման ցորենով լղոզել ու աչք փակել 2028 ին բացվելիք «միջանցքի» մասին, միևնույն է, դրանից բան չի փոխվում...
Անունը կդրվի TRIP, թե «Զանգեզրուր» էական չէ, էականը այն է, որ Ադրբեջանը Հայաստանի շրջափակումը վերացնելու, այն է հայ-ադրբեջանական սահմանի բացման մասին, որևէ խոսք չի ասում, խոսում է միայն «միջանցքի» մասին, դա է իրենց պատկերացրած հայ-ադրբեջանական սահմանը: Ուզում եք ազատ հաղորդակցվե՞նք, հոգ չէ, Տավուշից ու Երևանից իջեք Մեղրի, այնտեղով անարգել մտեք Ադրբեջան: Նույնը Թուրքիայի պարագայում է: Դեռևս 2020-ից առաջ թուրքերը առաջարկում էին սահմանը բացել ազատագրված 1-2 շրջանների վերադարձնելու դեպքում, հետո 1-2 շրջանի փոխարեն 7 շրջանների վերադարձի պահանջ դրվեց, հետո «Զանգեզուրի միջանցքի» պահանջ: Արդյունքում տվել ենք 7 շրջանը, ողջ Ղարաբաղը և ՀՀ տարածքի մի մաս, միջանցքն էլ TRIP անվան տակ ձևակերպված է, բայց հայ-թուրքական սահմանը փակ է:
Ղազախստանից Կասպից ծովով Ադրբեջան-Վրաստան ճանապարհով ներկրվող ցորենի ինքնարժեքը, Փոթիով ներկվող ցորենի ինքնարժեքից դժվար, թէ ցածր լինի:
Սա պարզապես թաքնված շանտաժ է գեղեցիկ փաթեթավորմամբ: Մինչև 2026-ի ընտրությունները դեռ նման բլեֆների շատ ենք ականատես լինելու, բացառված չէ, որ ձևականորեն, բանտախցի պատուհանի պես, նույնիսկ մի քանի անգամ սահմանի որևէ անցակետ բացեն փակեն: Բայց Ադրբեջանն ու Թուրքիան, թույլ Հայաստանի շրջափակումը չեն վերացնելու, մինչև վերջնական ուժասպառ չանեն:
Իրավիճակը կարող է փոխվել, միայն ուժեղ, կենսունակ, ազատ ու արդար Հայաստանի պարագայում:
Ամոթ է, Ալիևը դարձել է Հայաստանի ներքաղաքական կյանքի ծանրակշիռ դերակատար...
Երկու օր է անցել, հայ մամուլում գեթ մեկ պրոֆեսիոնալ կարծիք այս կապակցությամբ չկա: Ընդդիմադիրներն էլ վայնասուն են դրել, թե բա ցորենը կարող են Ադրբեջանով անցնելիս թունավորել: Իրոք ողբալի վիճակ է»:

Աղբյուրը`   Արա Արայան