Բագրավանում հայտնաբերված լուսանի ձագը Երևանի կենդանաբանական այգում անկել է

Երևանի կենդանաբանական այգին հայտարարություն է տարածել. «Նոյեմբերի 9-ին Երևանի կենդանաբանական այգին ստացել է հաղորդագրություն այն մասին, որ Շիրակի մարզի Բագրավան գյուղում լուսանի ձագ է հայտնաբերվել և բռնվել տեղի բնակիչների կողմից։ Դեպքի վերաբերյալ տեսանյութերը տարածվել են նաև համացանցում։ Տեսչական մարմինը, համապատասխան փաստաթղթավորմամբ, ձագին տեղափոխել է Երևանի կենդանաբանական այգի:
Կենդանին այգի է հասել ուշ երեկոյան՝ ժամը 22:30-ի սահմաններում։ Մասնագետներն անմիջապես արձանագրել են նրա ծայրահեղ ծանր վիճակը․ կենդանին եղել է հյուծված, ջրազուրկ և խիստ սթրեսի մեջ։ Ակնադիտական գնահատմամբ՝ մոտ 5-6 ամսական ձագ էր, որը, այդ տարիքում, դեռ չի կարողանում ինքնուրույն որս կատարել կամ գոյատևել առանց մոր խնամքի։
Կենդանաբանական այգին անմիջապես ապահովել է հանգիստ միջավայր, տաքություն, ջուր և կեր, սակայն խիստ բժշկական միջամտությունը վտանգավոր էր. դա կարող էր հանգեցնել արագ մահվան։ Ցավոք, կենդանին տեղափոխվելուց մոտ մեկ ժամ անց անկել է։ Դիահերձումը ցույց է տվել, որ մահվան պատճառը եղել է երիկամների սուր անբավարարությունը, ինչպես նաև արձանագրվել են սրտային անբավարարության նշաններ՝ հյուծման և ուժեղ սթրեսի հետևանքով:
Երևանի կենդանաբանական այգին և այգու աշխատակիցները խորը ցավ են ապրում՝ կենդանու մահվան կապակցությամբ։ Ցավոք, օրգանիզմում մահացու փոփոխությունները սկսվել էին դեռ տեղափոխման ընթացքում, և միջամտությունը չէր կարող փոխել ելքը:
Լուսանը (Lynx lynx) Հայաստանում տարածված կատվազգի է և վտանգված տեսակներից է։ Նման տարիքի ձագը չէր կարող միայնակ լինել, եթե ծնողը կենդանի լիներ։ Ամենայն հավանականությամբ, կենդանին կորցրել է մորը և սովի ու սառնամանիքի պատճառով մոտեցել բնակավայրին։ Նորմալ պայմաններում լուսանները խուսափում են մարդկանցից, ինչը ևս վկայում է նրա վատառողջ վիճակի մասին։
Տեսանյութերում երևում է, որ ձագը բռնվել է ձեռքով, ինչը հնարավոր է միայն ծայրահեղ թուլացած կենդանու դեպքում։ Ցավոք, տեղի բնակիչների ոչ միտումնավոր, սակայն չափազանց ակտիվ միջամտությունը և կենդանուն սթրեսի ենթարկելը՝ բռնելը, տեղափոխումը, աղմուկը, լուսանկարելը և այլն, միայն խորացրել են նրա ֆիզիկական և հոգեբանական ծանր վիճակը։
Այս դեպքը ևս մեկ անգամ հիշեցնում է, վայրի կենդանիների դեպքում լավագույն օգնությունը չմիջամտելն է՝ անմիջապես տեղեկացնելով համապատասխան մարմիններին։
Երևանի կենդանաբանական այգին շնորհակալություն է հայտնում Տեսչական մարմնին արագ արձագանքի և համագործակցության համար և վերահաստատում է իր հանձնառությունը՝ շարունակելու վայրի կենդանիների պահպանության ու հանրային իրազեկման աշխատանքները»:

Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
149120.10.2026, 20:13
«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան
77119.10.2026, 11:00
ՀՀ-ի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր
85918.10.2026, 02:06
«Երևանի օդի աղտոտվածության ազդեցությունը առողջության վրա վերջին ամսում համարժեք է 22.8 ծխախոտ ծխելուն». Արամ Գևորգյան
93916.10.2026, 21:54
«Ինչու է Ամուլսարի հանքն անթույլատրելի». Գեղամ Օհանյան
104214.10.2026, 18:30
Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե (լուսանկար)
106213.10.2026, 19:48
«Սա է ձեր հարկերով արվող «կանաչապատումը»». Քրիստինա Վարդանյան
123710.10.2026, 01:06
«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
134907.10.2026, 01:06