«Այսպիսի իրավիճակով էլ գնում ենք դեպի ապահովագրություն». Ծաղիկ Վարդանյան
86
Այսօր, 09:30
«Առողջություն և իրավունք» ՀԿ համահիմնադիր Ծաղիկ Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Չարորակ նորագոյացությունները առողջապահության ոլորտում և առհասարակ մեր կյանքում ամենացավոտ դրսևորումներից են: ՀՀ բնակչության հիվանդությունների մահացության կշռի մեջ չարորակ նորագոյացությունները կազմում են 20,7%՝ զիճելով միայն արյան շրջանառության համակարգի հիվանդություններին (սրտամկանի ինֆարկ, ինսուլտ և այլն ): 2024 թվականին կյանքում առաջին անգամ հաստատված ախտորոշումով չարորակ նորագոյացություններով պացիենտների թիվը 10174, որը 90-ականների համեմատ կրկնապատկվել է, իսկ չարորակ նորագոյացություններ ախտորաշումով պացիենտների թիվը՝ 70961, որը մոտ 3,5 անգամ ավել է 90-ական թվականների ցուցանիշներից: Չարորակ նորագոյացություններին վերաբերվող առողջապահական ցուցանիշների պատկերը տխուր է և մեղմ ասած՝ չհուսադրող: Եվ քանի որ 2026 թվականին մեզ սպասվում է Առողջության պետական ապահովագրության մեկնարկ, հարկ եմ համարում հանգամանորեն ներկայացնել պետական հոգածության չափը չարորակ նորագոյացությունների(ՉՆ) կանխարգելման, ախտորոշման, արտահիվանդանոցային և հիվանդանոցային բուժման, շարունանական հսկողության (դիսպանսեր հսկողություն), պալիատիվ բուժօգնության մասով: Ֆինանսավորում ՀՀ պետական բյուջեի Առողջապահություն բաժնի «11004 Ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ» միջոցառմանը 2025 թվականին հատկացվել է 8,6 մլրդ. դրամ, 2019 թվականին նույն միջոցառմանը հատկացումը եղել է շուրջ 2,9 մլրդ. դրամ, իսկ դրան նախորդող տարիներին՝ կրկնակի պակաս: եթե այս գումարին էլ ավելացնենք դիսպանսեր հսկողության ուռուցքաբանական կաբինետին տրվող ֆինանսավորումը և մի քանի փոքր ծածկողականությամբ սքրինինգներին հատկացվող գումարները, ապա կստացվի շուրջ 9,9 մլրդ ՀՀ դրամ: ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ Հիվանդությունների մահացության կառուցվածքում 20,7%, կազմող ՉՆ-երրի համար ֆիսկալ հատվածից հատկացվել է ընդամենը առողջապահության ուղղված գումարների 6 %-ը: Հետևաբար, ավելորդ է խոսել պացիենտների գոհունակությունից, ծառայությունների որակից, պետական հոգածությունից: Հիշեցում ՀՀ-ում 2023 թվականին աղքատության մակարդակը՝ հաշվարկված ըստ աղքատության միջին գծի կազմել է 23.7%: Եթե սրան էլ գումարենք բարձր գնաճը, ապա առողջապահական ծառայությունների ֆինանսական մատչելիությունը հատկապես՝ աղքատ բնակչության և սոցիալական առանձին խմբերի համար անընդհատական նվազում է, ինչն էլ աղետալի և աղքատամետ ծախսերի պատճառ է հանդիսանում: ՉՆ-ով հիվանդ քաղաքացիները ներկայում հիվանդանոցային բուժօգնությունից օգտվում են հետևյալ ձևով. ✅Նախնական հետազոտություններ ախտորաշումը ճշտելու, իսկ հաճախ պարզապես հաստատելու համար՝ վճարովի, առնվազն 200.000-500.000 ՀՀ դրամի սահմաններում, ✅Վիրաբուժական միջամտություն՝ հիմնականում պետական պատվերով, ✅Ճառագայթային թերապևտիկ բուժում Varian սարքով IMRT և/կամ VMAT մեթոդներով համավճարով, իսկ իրականության մեջ՝ հիմնականում վճարովի՝ 1,5-2.5 մլն ՀՀ դրամ: ✅Ով գումար չունի ստանում է ճառագայթային թերապևտիկ ավելի էժան և ոչ էֆեկտիվ բուժում Teragam սարքով, էլեկտրոնային արագացուցիչով և այլն: Այն իրականացվում է պետական պատվերով: ✅Քիմիաթերապևտիկ բուժում՝ պետության կողմից 150.000 և 300.000 (սոց. խմբերին) ՀՀ դրամ պետական մասնակցություն: Իսկ հատկապես իմունաթերապիայի ավելի նոր սերնդի դեղերով բուժումը առնվազն 3-5 մլն ՀՀ դրամ է ենթադրում: ✅Դիսպանսեր հսկողության պոլիկլինիկաներում՝ իրականացվում է պետական պատվերով, սակայն անհրաժեշտ դեղերը հիմնականում գնում է հիվանդը: ✅Պալիատիվ բուժօգնություն՝ գործում է սահմանափակ մասշտաբով, թույլ ծածկողականությամբ։ Հավելեմ, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում պալիատիվ բուժօգնության պետական պատվերի համար 2-3 մահճակալ է առանձնացրած: Մնացածը՝ 5 աստղանի հյուրանոցի օրավարձով է տրվում հիվանդներին: Ահա այսպիսի իրավիճակով էլ գնում ենք դեպի ապահովագրություն: 2026 թվականից ի՞նչն է փոխվելու քաղցկեղով հիվանդ մարդկանց համար: ՀՀ առողջապահության նախարարություն, Չարորակ նորագոյացությունների ռեգիստր գործո՞ւմ է, Նիկոլ Փաշինյան, ըստ բանավոր հայտարարությունների քիմիաթերապևտիկ բուժման համար դեղերի մասով նախատեսված է ապահովագրության շրջանակներում փոխհատուցել 1.2 մլն. ՀՀ դրամ: Սա այս կարևորագույն, ֆինանսատար ծառայությանը կոսմետիկ/կարկատանային մոտեցում է: Առաջարկ՝ հանձնարարեք ավելացնել: Իսկ ամենակարևորը՝ ավելացրեք ՉՆ սքրինինգների տեսակներն ու ծածկողականությունը և բարելավեք քիմիաթերապևտիկ, իմունաթերապևտիկ դեղերի ներկրումը: Հ.Գ. Հիշեցնեմ, որ ներկայում առողջապահական ծախսերի շուրջ 84% ՀՀ քաղաքացին վճարում է իր գրպանից»: