Չորեքշաբթի, 19 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Բրիտանիան կպաշտպանվեր այսպիսի վարչապետից, իսկ ՀՀ-ն պաշտպանում է նրա «սրբագործված» ամբիցիան»․ Վլադիմիր Մարտիրոսյան

«Բրիտանիան կպաշտպանվեր այսպիսի վարչապետից, իսկ ՀՀ-ն պաշտպանում է նրա «սրբագործված» ամբիցիան»․ Վլադիմիր Մարտիրոսյան
103
Այսօր, 02:06

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե Մեծ Բրիտանիան մեկ օրով դառնար Հայաստան: Համեմատական սյուժե:
??Լոնդոն, Downing Street 10
Մեծ Բրիտանիայի վարչապետ՝ Քիր Սթարմերը, ով տարիներ շարունակ խոսել է օրենքի գերակայությունից, ժողովրդավարական արժեքներից և ինստիտուցիոնալ հավասարակշռությունից, մի օր արթնանում է հեղափոխական տեսլականով՝ մոտավորապես այն նույնով, որով 2025-ին արթնացավ Նիկոլ Փաշինյանը, կանգնում է Դաունինգ Սթրիթի դիմաց և ուղիղ եթերով հայտարարում է
«Բրիտանիան այլևս միապետ չունի։ Թագավոր, Անգլիկան եկեղեցու գլուխ Չարլզ 3-րդը խախտել է իր միապետական ավանդական կարգն ու ուխտը՝ ամուսնանալով ոչ ազնվական և տոհմիկ կնոջ՝ այլ շարքային քաղաքացի Կամիլա Պարկերի հետ։ Նա այլևս չի կարող լինել միապետ և անգլիկան եկեղեցու գլուխ, որովհետև ավանդապիղծ ուխտադրուժը սպառնալիք է Միացյալ Թագավորության արքայական տան, Ուինձորների դինաստիայի ազնվական շառավղի համար: Ես դա թույլ տալ չեմ կարող և հայտարարում եմ Միացյալ Թագավորության արքայական տան, Ուինձորների դինաստիայի մաքրազերծման արշավ»:
Լայվը մի քանի րոպեում դիտում են միլիոնավոր բրիտանացիներ։ Եվ սկսվում է այն, ինչ կարելի է անվանել՝ բրիտանական պոպուլիզմի փորձնական բաց թողում։ Սթարմերը՝ բրիտանական իրավունքի նախկին պրոֆեսորը, հանկարծ մոռանում է Սահմանադրական միապետության բնույթը։ Նա որոշում է, որ եթե թագավորը իր ամուսնությամբ խախտել է ավանդույթը, ուրեմն պետք է զրկվի գահից և հայտարարում է․
«Բրիտանիան չի կարող ղեկավարել մարդ, ով առաջնորդվել է իր սրտով։ Ժողովուրդը պետք է ազատվի նրա գահական ներկայությունից»:
BBC-ն և Sky News-ը ուղիղ եթեր են տալիս Բուքինգհեմյան պալատի դարպասներից։ The Times-ը գրում է՝ «Վարչապետը խաչում է Միապետությունը սրտի տեղը բերելով բարոյականությունը»։
The Guardian-ը գրում է՝ «Սթարմերը մոռացել է, որ Բրիտանիայում բարոյական հեղափոխությունները չեն անցկացվում ուղիղ եթերում»։
Daily Mail-ը՝ իր հերթին, ամենաանգլիական ոճով գրում է․ «Պարոն վարչապետը կորցրել է ոչ թե ավանդույթը, այլ՝ խելքի հավասարակշռությունը»։
Լոնդոնը պայթում է, փողոցներում #GodSaveTheKing հեշթեգով զանգվածային ցույցեր են։ Քաղաքացիները վանկարկում են՝
We love our King — not your livestream traditionalism!: Սթարմերը պնդում է, որ ինքը «միապետության դեմ չէ, այլ անբարոյականության»։ Բայց բրիտանացիները հասկանում են՝ սա բարոյականության հարց չէ։ Սա իշխանության ուզուրպացիայի փորձ է։
Կայծակնային արագությամբ սկսվում է Բրիտանական քաղաքական համակարգի հակազդեցությունն ու արձագանքը:
Լեյբորիստական կուսակցությունը, կիսամեղավոր դիրքով իր կուսակից Ստարմերի պատճառով շտապ հայտարարություն է տարածում․
«Վարչապետի կարծիքը կուսակցության պաշտոնական դիրքորոշում չէ։ Մենք լիովին հավատարիմ ենք Սահմանադրական միապետության սկզբունքներին և հարգում ենք թագավոր Չարլզ III-ին»։
Կուսակցության ներսում սկսվում է քաոս: Մի քանի նախարարներ բացահայտ հրաժարական են տալիս։
Պահպանողական կուսակցությունը անցնում է գործի հայտարարելով, որ
«Պարոն Սթարմերը շփոթել է քաղաքական պատասխանատվությունը աստվածաբանական մանդատի հետ։ Թագավորին չես կարող գահընկեց անել և եթե վարչապետը կարծում է, որ ինքը կարող է որոշել՝ ով է բարոյական, ով ոչ թող նախ սկսի իրենից»։
Լիբերալ դեմոկրատները հանդես են գալիս իրենց հատուկ մաքսիմալիզմով և հայտարարում: «Սթարմերը հիշեցնում է մեզ, թե ինչու է անհրաժեշտ սահմանափակել ոչ միայն թագավորի, այլև վարչապետի իշխանությունը»։ Նրանք առաջարկում են նոր օրենք՝ որով վարչապետին արգելվում է պետական հայտարարություններ անել առանց խորհրդարանի նախնական հաստատման։
Կենտերբերիի արքեպիսկոպոսը՝
Անգլիկան եկեղեցու հոգևոր առաջնորդը, ի տարբերություն շատերի, արձագանքում է չափավոր, հեգնական ձևով , լակոնիկ հայտարարությամբ՝ «Թագավոր Չարլզը մեր եկեղեցու գլուխն է, իսկ վարչապետ Սթարմերը, ըստ երևույթին, փորձում է ստանձնել Տիրոջ տեղն ու դերը» և ավելացնում՝
«Աստվածները չեն ընտրվում ընտրություններով, պարոն վարչապետ»։
Քաղաքական ավարտը
Խորհրդարանը հրավիրում է արտահերթ նիստ։ Թորիները, Լեյբորիստները, Լիբերալները՝ միաձայն հայտարարում են․ «Վարչապետը անցել է իր սահմանները։ Նա քաղաքական գործիչ է, ոչ բարոյական ինստիտուտ»։ Մի քանի ժամ անց սկսվում է անվստահության գործընթացը։ Բրիտանիան՝ լինելով ինստիտուցիոնալ պետություն, չի ներում ոչ մեկին, ով խախտում է իշխանությունների տարանջատման սկզբունքը նույնիսկ, եթե այն «ժողովրդի անունից է և հանուն ժողովրդի»: Քիր Սթարմերը պաշտոնանկ է արվում առանց որևէ հեղափոխության։ Երկիրը գործում է այնպես, ինչպես պետք է գործի՝ սառն, օրինական, առանց աղմուկի և առանց լայվերի։
??. Եթե Բրիտանիայում այդպիսի բան ասելն ու անելը ֆանտաստիկ ժանրից է ապա Հայաստանում այդպիսի բան անելը արդեն փաստ, իրականություն և իրողություն է շուրջ վեց ամիս: Նման հայտարարություններ վարչապետը արել է բազմիցս առանց որևէ ներհամակարգային հակազդեցության։
Օրինակ՝ «Քանի որ կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը, ուրեմն մենք կաթողիկոս չունենք»։
Եզրակացություն
Քիր Սթարմերի այս երևակայական արշավը՝ Չարլզ III-ի դեմ, բացահայտում է իրական Հայաստանը։ Այստեղ իշխանությունը կարող է որոշել՝ ով է Աստծուն հավատարիմ և ով՝ ոչ։
Եվ հենց այդ պահին պետությունը դադարում է լինել քաղաքական համակարգ։ Դա դառնում է քարոզչական կրոն՝ իշխանության կուռքի շուրջ։
Եթե Մեծ Բրիտանիան մեկ օրով դառնար Հայաստան՝ Սթարմերը ուղիղ եթերում սրտիկ ցույց տալով կգրեր՝
«Թագավոր Չարլզը այլևս թագավոր չէ։ Անգլիկան եկեղեցին հին է։ Նոր հավատքը՝ ժողովուրդն է»։ Բայց մեկ ժամ անց նա այլևս վարչապետ չէր լինի։ Բրիտանիան կպաշտպաներ իրեն այդ վարչապետից։ Հայաստանը հակառակը՝ պաշտպանում է «իր վարչապետի սրբագործված ամբիցիան»»: