Շաբաթ, 27 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +1 °C

«Խնդիրը պետության ամբողջականության պահպանման ու զարգացման բանաձևի մեջ է»․ Արեգ Սավգուլյան

«Խնդիրը պետության ամբողջականության պահպանման ու զարգացման բանաձևի մեջ է»․ Արեգ Սավգուլյան
121
Այսօր, 03:06

Պատմաբան Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Շանթը տոհմիկ հակառեժիմիստ է և հայ իրականության ամենաէքսցենտրիկ գործիչներից մեկը։ Նրա ընտանիքը այն եզակիներից է, որ պապ-որդի-թոռ բանտարկվել են իրենց հայացքների համար, որն արժանի է պատկառանքի։
Սակայն Շանթը «24Նյուզ»-ի տաղավարում վերջերս հայտնեց մի միտք, որն ինձ մոտ խորը մտորումների տեղիք տվեց։ Նա նշում է, որ «մեր գերակա խնդիրը եղել է ոչ թե Արցախը, այլ պետությունը, որի կայացման համար մենք պետք է պայքարենք, այսինքն՝ չգնանք հատվածի հետևից և մտածենք եղածի մասին»։ Եվ բերում է զավեշտալի օրինակ, որ «եթե հիմա մեր որևէ մարզ օկուպացնեն, ապա մենք պետք է դրա մասին մտածենք և էլի երկիր չկառուցենք»։
Եթե այս տրամաբանությամբ դիտարկենք մենք մոտակա 10 տարում պետություն չենք ունենա, որովհետև այն միանգամից չեն կորցնում, այլ հատվածաբար։ Հիմա Ադրբեջանը առաջ է քաշում Սյունիքի մարզի («Զանգեզուրի միջանցք»), Սևանա լճի («Գյոյչա»), Երևանի՝ («Էրիվանի») նկատմամբ իրենց հավակնությունների թեզը, որն ընդհանուր առմամբ փաթեթավորում են Արևմտյան Ադրբեջան հասկացության մեջ։
Սեփական ունեցվածքի, կալվածքների հատվածապաշտությունն է, Շա՛նթ, քանդել մեր միասնական տունը՝ պետությունը, խնդիրը մեծի ու փոքրի մեջ չէ, այլ ազգային միասնության, միատարրության, պետության ամբողջականության պահպանման ու զարգացման բանաձևի մեջ է։ Արցախցին չէր կարող մենակ պահել իր հողը, սյունեցին էլ հիմա իրենը, երևանցին էլ իր հերթին։ Հիմա, ես ճիշտ չըմբռնեցի, եթե Սյունիքը օկուպացնեն կամ Սևանա լիճը, մենք ո՞ր պետության մասին պետք է մտածենք, թե անցնում ենք արդեն քաղաք-պետության ռեժիմի։ Պետական սահմանը հատեց, ուրեմն թշնամին մտնում է բոլորիս տուն։
Քո ասածի տրամաբանության լույսի ներքո մենք նահանջեցինք և հիմա 29.8 հազար քկմ-ի վրա կանգնած նույնկերպ ենք դատում, որը ճիշտ չէ։ Եվ եթե վաղը հարձակում լինի որևէ մեկ մարզի վրա, մնացած մարզերի բնակիչները պետք է դատեն՝ ինչպես հայ իշխանները պարսիկների, արաբների, մոնղոլների արշավանքների ժամանակ՝ ամեն մեկը հոգ տանելով իր փոքրիկ աշխարհի մասին, իսկ այդ ժամանակ ո՞ւր մնաց պետությունը, այո՛, ճիշտ եք, կործանվեց։
Հ.Գ. «Ոչմիթիզականությունը» լավ աշխատում է, երբ հարևանները ներսում իրար հետ սահման են գծում, բայց երբ արտաքին սահմանազատում է, մենք, այլ կերպ ենք մտածում, որոհետև դա կոնկրետ քոնը չէ, ընդհանուրինն է, այսինքն՝ ոչ մեկինը։
Հ.Գ. Կարծում եմ Շանթն ուրիշ բան էր ուզում ասել, այլ բան ստացվեց»։

Աղբյուրը`   Արեգ Սավգուլյան