«Հայաստանում քաղբանտարկյալների հարցի լուծումը իշխանափոխության հնարավորության իրական չափանիշ է». Վլադիմիր Մարտիրոսյան
119
Այսօր, 13:24
Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Թրենդից դուրս: Հայաստանում քաղբանտարկյալների հարցի լուծումը իշխանափոխության հնարավորության իրական չափանիշ է: Եթե հավաքական ընդդիմությունը, պրոտեստանտ հանրային խմբերը, ընդդիմադիր քաղաքական խմբերը նախընտրական փուլում չեն կարողանալու լուծել քաղաքական բանտարկյալների հարցը, ապա առաջանում է ոչ թե հռետորական, այլ խիստ քաղաքական հարց «ինչպե՞ս է այն պատրաստվում լուծել իշխանափոխության խնդիրը»։ Քաղաքական բանտարկյալների ազատ արձակումը իշխանափոխության «մինի մոդելն» է։ Այստեղ խոսքը ոչ թե բարոյական կոչի կամ հումանիտար խնդրանքի մասին է, այլ քաղաքական ուժի կիրառման կարողականության և փորձաքննության։ Երկու դեպքում էլ գործ ունենք նույն առանցքային մեխանիզմի հետ՝ հասարակաքաղաքական այնպիսի գործիքակազմի կիրառման, որի հետ որևէ իշխանություն, առավել ևս՝ ընտրություններից առաջ, չի կարող հաշվի չնստել։ Կրկին, խոսքը վերաբերում է ոչ թե բարոյական կոչերին կամ հայտարարություններին, այլ ճնշման, հանրային կոնսոլիդացիայի, քաղաքական մոբիլիզացիայի և ինստիտուցիոնալ գործողության համակարգված կիրառման։ Քաղբանտարկյալների ազատ արձակման հարցը տվյալ իմաստով ոչ թե երկրորդական թեմա է, այլ իշխանափոխության մոդելի նվազագույն, փորձնական դրսևորումը։ Սա այն նվազագույն քաղաքական արդյունքն է, որը պետք է ձեռք բերվի նույն գործիքներով, որոնցով ենթադրվում է իրականացնել առավել բարդ, համակարգային խնդիր՝ իշխանության փոփոխությունը։ Այստեղ նախընտրական շրջանը՝ քաղաքական ճնշման քննություն է: Քաղաքագիտական աքսիոմ է, որ նախընտրական փուլում իշխանությունն առավել խոցելի է՝ լեգիտիմության, արտաքին դիտարկման և ներքին կայունության տեսանկյունից։ Հենց այս փուլում է, որ քաղաքական ճնշումը կարող է վերածվել արդյունքի։ Եթե այդ պայմաններում չի հաջողվում՝ ստիպել իշխանությանը հաշվի նստել, ապահովել հանրային համախմբում, քաղբանտարկյալների շուրջ ձևավորել քաղաքական մոբիլիզացիա և այն գործարկել ոչ թե սիմվոլիկ, այլ ինստիտուցիոնալ մակարդակում, ապա սա այլևս չի կարելի բացատրել տակտիկական սխալներով։ Սա քաղաքական սխալի կամ կարողականության խնդրի փաստագրում է։ Տրամաբանական փակուղին և հարցադրումն այստեղ պարզ է, բայց կործանարար իր հետևանքներով՝ «եթե ընդդիմադիր դաշտը չի կարողանում լուծել համեմատաբար «պարզ» խնդիր նույն գործիքակազմով, ապա ինչպե՞ս է պատրաստվում լուծել անհամեմատ ավելի բարդը՝ նույն այդ գործիքներով կամ դրանց բացակայությամբ»: Քաղբանտարկյալների ազատումը համակարգում ճեղք է։ Իշխանափոխությունը՝ համակարգի փլուզում։ Եթե չկա կարողություն ստեղծելու այնպիսի հասարակաքաղաքական իրավիճակ, որի հետ իշխանությունը ստիպված կլինի հաշվի նստել նույնիսկ մասամբ, ապա իշխանափոխության խոստումն այլևս ռազմավարություն չէ, այլ հասարակական սպասումների բարձրացում, բայց միևնույն ժամանակ այդ սպասումների բավարարման և սպասարկման անկարողություն, ինչը քաղաքական առումով շատ վտանգավոր է: Ինչ ունենք այս պահին Ընդդիմադիր դաշտում ինստիտուցիոնալ ձախողման ռիսկ: Քաղբանտարկյալների հարցը պետք է դառնար համընդհանուր քաղաքական օրակարգ, կոնսոլիդացիայի առանցք, ոչ թե բարոյական հավելում կամ դրվագային պահանջ։ Եթե դա ինստիտուցիոնալ առումով տեղի չի ունենում, նշանակում է ընդդիմադիր շրջանակների մի զգալի հատված իրեն չի դիրքավորում որպես իշխանության հավակնորդ, այլ որպես գործող համակարգի ներսում իր ռեսուրսները թույլատրելի չափով ներբեռնող։ Քաղբանտարկյալները տվյալ համատեքստում ոչ միայն մարդիկ են, այլ քաղաքական լակմուսի թուղթ։ Եվ այդ թուղթը վաղուց ցույց է տվել՝ ով ինչի է ընդունակ, ով ինչի համար է պատրաստ պայքարել, և ով՝ ոչ։ Եթե նախընտրական փուլում չի հաջողվում լուծել քաղբանտարկյալների հարցը՝ ստիպելով, ճնշելով, մոբիլիզացնելով և ինստիտուցիոնալ կերպով գործելով, ապա իշխանափոխության մասին խոսելը որևէ կերպ չի դառնում բեկման և խորքային համակարգային փոփոխության միտված քաղաքական ծրագիր, այլ դառնում է իներցիոն քաղաքական գործընթաց։ Այդ իներցիայի մեջ չկա բեկում: P.S. Եթե իշխանությունը պահվում է քաղբանտարկյալներով, ապա դա այլևս կառավարում չէ, այլ գերեվարում։ Երբ քաղաքական բանտարկությունը դառնում է իշխանության պահպանման գործիք, դա նշան է, որ համակարգը անցել է ավտորիտարության խորքային փուլը և ինքն իրեն այլևս չի բարեփոխում։ Այդպիսի համակարգի հետ չեն բանակցում ծրագրերով, չեն մրցում տնտեսական խոստումներով և չեն «բարելավում» այն ներսից։ Այդպիսի համակարգը չեն ուղղում․ այն կանգնեցնում են և ապամոնտաժում։ Այս կետում խնդիրը այլևս աշխատավարձը, հարկերը կամ բարեփոխումների փաթեթները չեն։ Խնդիրը իշխանությունն է, որը պահվում է վախով, ճնշմամբ և քաղբանտարկյալներով։ Եվ այդ խնդիրը լուծվում է միայն մեկ ճանապարհով՝ քաղաքական դիմադրությամբ, հանրային ճնշմամբ և համակարգային փոփոխությամբ։ Բացառապես ծրագրերից խոսողները, բայց քաղբանտարկյալների մասին լռողները կամ չեն հասկանում խնդրի բնույթը,կամ արդեն հաշտվել են այդ համակարգի գոյության հետ։ Քաղբանտարկյալը ոչ թե հետևանք է, այլ ցուցիչ։ Ցուցիչ այն բանի, որ հարցը այլևս բարեփոխման մասին չէ, այլ՝ ավտորիտար համակարգի ապամոնտաժման»: