«Ռուսաստանը ճնշում է Հայաստանին. ի՞նչ անել». Թաթուլ Հակոբյան
94
Այսօր, 00:48
Լրագրող, հրապարակախոս Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ռուսաստանը ճնշում է Հայաստանին. ի՞նչ անել. Վերջին օրերին մեկը մյուսի հետևից Ռուսաստանն արգելում է իր տարածքում հայկական արտադրատեսակների՝ հանքային ջրերի, կոնյակի և գինու, ծաղիկների վաճառքը: Արգելող կառույցը «Ռոսպոտրեբնադզոր»-ն է՝ Ռուսաստանի սպառողների պաշտպանության պետական մարմինը, որը հայ-ռուսական լարված և լարվող հարաբերությունների հետ միաժամանակ, հայկական արտադրանքի մեջ հայտնաբերում է իր երկրի քաղաքացիների համար վտանգավոր նյութեր: Մոսկվայի այս քայլերն ապօրինի են և հակասում են Հայաստան-Ռուսաստան առևտրատնտեսական փաստաղթերի և ԵԱՏՄ պայմանագրերի տառին և ոգուն: Ահա այդ պատճառով է, որ մեջտեղ է բերվում Ռուսաստանի սպառողների պաշտպանության պետական մարմինը: «Ռոսպոտրեբնադզոր»-ը, այս դեպքում, ընդամենը պատժիչ գործիք է: Իրականում որոշումները կայացվում են իշխանական բարձր մակարդակում: Չպետք է բացառել, որ Հայաստանի նկատմամբ ապօրինի պատժիչ քայլերը կշարունակվեն մինչև ընտրություններ և ընտրություններից հետո: Նույն քաղաքականությունը Ռուսաստանը ժամանակին վարել է Վրաստանի և Մոլդովայի դեպքում: Անկասկած, հայ արտադրողներն ու ֆերմերները մեծ կորուստներ կկրեն, եթե ռուսները որոշեն, որ հայկական մրգերն ու բանջարեղենը չեն համապատասխանում չափանիշներին: Հայաստանի տնտեսական, առևտրային, էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից այնքան խորն է և այնքան բազմաշերտ, որ եթե երկու երկրների միջև դիվանագիտական պատերազմը շարունակվի, ապա, իրավամբ, մեզ դժվար ժամանակներ են սպասվում: Ցավոք, վերջին տարիներին, ըստ վիճակագրական տվյալների, Ռուսաստանից Հայաստանի տնտեսական և առևտրային կախումը ավելի է խորացել: Ի՞նչ անել: Նախ պետք է հասկանալ՝ Հայաստանի իշխանությունները իրավամբ և վերջնականապես որոշե՞լ են, որ դուրս են գալիս Ռուսաստանի ուղեծրից, թե ընդամենը նախընտրական քայլեր են: Մի անգամ՝ 2013-ին, երբ նախագահը Սերժ Սարգսյանն էր, մեկ գիշերվա ընթացքում շրջադարձ կատարեցինք՝ ռուսական ճնշումների տակ հրաժարվելով Եվրոպական Ասոցացումից և մտնելով ԵԱՏՄ: Եթե իրավամբ ՀՀ գործող իշխանությունները որոշել են բալանսավորել արտաքին քաղաքականությունը, ապա պետք է ժողովրդի հետ ազնիվ լինեն և բացատրեն, թե ինչ դժվարություններ են մեզ սպասվում և ինչ գործիքներ ունենք՝ մեղմելու ռուսական հարվածները: Կյանքը ցույց է տալիս, որ մենք տնային աշխատանքը չենք կատարում և նման ենք այն ուսանողին, որ տարվա ընթացքում ոչինչ չի անում և միայն քննության նախօրեի գիշերը փորձում է խուսափել երկուս ստանալուց: Արդար չի լինի նաև մեղադրել հայ արտադրողներին և ասել, որ նրանց արտադրանքը եվրոպական չափանիշներին չի համապատասխանում, ինչպես նաև, որ մեր արտադրողները եվրոպական շուկաներ չեն փնտրում և բավարարվում են ռուսական ու հետխորհրդային շուկաներով: Իրականում, մեր արտադրատեսակների մի մասը, այդ թվում Ռուսաստանում ապօրինաբար արգելված հանքային ջրերը, վաճառվում են արևմտյան շուկաներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում: Այո՛, արտադրողը պետք է ինքը մտածի որակի ու ստանդարտների, նոր շուկաներ գտնելու մասին, բայց այսօր նրան պետությունը պարտավոր է օգնել: Նույնը պետք է ակնկալել Եվրոպական Միությունից: Ռուսները բացահայտ ասում են, որ շատ դժգոհ են մայիսի առաջին օրերին Երևանում անցկացված երկու գագաթաժողովներից, իսկ հայ արտադրողների նկատմամբ ապօրինի պատժամիջոցները հետևեցին հենց այդ գագաթաժողովներին: Չպետք է նաև Հայաստանի քաղաքացիների գլխի տակ փափուկ բարձ դնել, թե ռուսները մեզ շատ չեն նեղացնի, չեն փակի գազի փականը, չեն խոչընդոտի ատոմակայանի բնականոն գործունեությանը, որ մենք էլ կարող ենք հակաքայլերի գնալ՝ դուրս գալ ՀԱՊԿ-ից, ԱՊՀ-ից, ԵԱՏՄ-ից, Գյումրիից հեռացնել 102-րդ ռուսական ռազմաբազան, բոյկոտել ռուսական արտադրանքը Հայաստանում, արգելել Ռուսաստանից եկող արտադրատեսակները: Այո, գուցե մենք էլ կարող ենք հակաքայլեր կատարել, բայց յուրաքանչյուր քայլ կատարելիս պետք է առաջնորդվել ոչ թե հույզերով, այլ հստակ հաշվարկներով՝ ի՞նչ կշահի և ի՞նչ կկորցնի Հայաստանը: Եթե կուզեք, այդ հաշվարկները մենք արդեն պետք է կատարած լինեինք, եթե, կրկնեմ, Հայաստանի իշխանությունները վերջնականապես և անդառնալիորեն որոշել են երկիրը դուրս բերել ռուսական ուղեծրից»: