Հինգշաբթի, 11 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Ընդդիմադիր ընտրազանգվածի ձայները հենց «Ուժեղ Հայաստան»-ն է փոշիացրել»․ Նարինե Մկրտչյան

«Ընդդիմադիր ընտրազանգվածի ձայները հենց «Ուժեղ Հայաստան»-ն է փոշիացրել»․ Նարինե Մկրտչյան
100
Երեկ, 22:24

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գերկենտրոնացնելով ընդդիմադիր ընտրազանգվածի քվեները՝ «Ուժեղ Հայաստանը»՝ իր մեդիա ռեսուրսներով և հսկայական ֆինանսական միջոցներով, փաստացի ընտրապայքարից դուրս թողեց մյուս ընդդիմադիր կուսակցություններին, որոնց այս կամ այն չափով կարելի էր ժողովրդավարական և ազգային համարել։
Գերկենտրոնացնելով ընդդիմադիր ընտրազանգվածին՝ «Ուժեղ Հայաստանը» փաստացի փակեց խորհրդարանում քաղաքական բազմազանության ապահովման ճանապարհը։
Դրանով իսկ՝ «Ուժեղ Հայաստանը» փակեց նաև ժողովրդավարական քաղաքական այլընտրանք ունենալու հնարավորությունը։
Եվ հիմա «Ուժեղ Հայաստանը» փաստացի կքել է իր իսկ ստանձնած և չիրացրած ահռելի պատասխանատվության բեռան տակ։
Պետք է նկատի ունենալ, որ ընտրություններին չմասնակցած 41 տոկոսի զգալի մասը ոչ թե անտարբերներն են, ոչ թե նրանք են, որ չեն կամեցել 19 ուժերից որևէ մեկին աջակցել իրենց քվեով, այլ հիմնականում նրանք են, որոնք չեն ցանկացել, որ խորհրդարան անցնեն այն ուժերը, որոնք անցել են, որոնք, կառավարող կուսակցության հետ միասին, կենտրոնացրել են քվեները։։
Գուցե պարադոքսալ թվա, բայց ըստ էության, ոչ թե ցածր կամ աննշան տոկոսներ հավաքած ընդդիմադիր կուսակցություններն են փոշիացրել ընդդիմադիր ընտրազանգվածի ձայները, այլ հենց «Ուժեղ Հայաստանը», որը, գերկենտրոնացնելով քվեները, չի փորձում անգամ ընտրությունների արդյունքները չընդունող ընդդիմադիր ընտրազանգվածի անհամաձայնության միջոցառումները կազմակերպել։ Ոչ թե չի փորձում, այլ չի էլ կամենում։ Թեպետ «Ուժեղ Հայաստանի» և այլ ընդդիմադիր կուսակցությունների ձայները ԿԸՀ-ն պարզապես յուրացրել է։
Նման իրավիճակի հեռանկարը հաշվի առնելով՝ ճիշտ էր ընտրություններին չմասնակցող 41 տոկոսը, մնացյալը սխալվեցին։ Այդ 41 տոկոսը հիմա առնվազն քվե տալու համար զղջալու կամ ափսոսալու պատճառ չունի։

Աղբյուրը`   Նարինե Մկրտչյան