ՀՀ-ում Էբոլայի դեպքեր չեն արձանագրվել

Առողջապահության համաշխարհային կազմակերպության և միջազգային առողջապահական կառույցների հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ Էբոլայի (Բունդիբուգյո վիրուս) բռնկումը շարունակում է ակտիվ մնալ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում։
2026 թվականի հուլիսի 5-ի դրությամբ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում արձանագրվել է՝
* 1759 հաստատված դեպք
* 600 հաստատված մահ
Ուգանդայում, հուլիսի 9-ի դրությամբ, գրանցվել է՝
* 20 հաստատված դեպք,
* 2 հաստատված մահվան դեպք,
* 1 հավանական դեպք,
* 1 հավանական մահվան դեպք։
Ֆրանսիայում հունիսի 24-ին հաստատվել է մեկ ներմուծված դեպք՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից վերադարձած բուժաշխատողի մոտ։
ԱՀԿ Աֆրիկայի տարածաշրջանային գրասենյակի վերջին իրավիճակային զեկույցի համաձայն՝ բռնկումն ընդգրկել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության 35 առողջապահական գոտի, որոնցից 28-ում վերջին 21 օրվա ընթացքում շարունակվել է հիվանդության փոխանցումը։ Ամենաշատ դեպքերը շարունակում են գրանցվել Իտուրի նահանգում, որտեղ արձանագրվել է ընդհանուր դեպքերի շուրջ 92 տոկոսը։
Ուգանդայում վերջին շաբաթվա ընթացքում նոր հաստատված դեպքեր չեն գրանցվել։ Վերջին դեպքը հաստատվել է 2026 թվականի հունիսի 21-ին՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն–Ուգանդա միջազգային երթուղով աշխատող բեռնատարի վարորդի մոտ։ Շարունակվում է շփման մեջ եղած անձանց բժշկական հսկողությունը։
Ֆրանսիայում արձանագրված ներմուծված դեպքի կապակցությամբ հիվանդը ախտանիշների ի հայտ գալուց անմիջապես հետո մեկուսացվել և տեղափոխվել է մասնագիտացված բուժհաստատություն։ Առողջապահական մարմիններն իրականացնում են կոնտակտավորների հայտնաբերման և բժշկական հսկողության միջոցառումներ։
Միջազգային գործընկերների հետ համատեղ շարունակվում են հակահամաճարակային միջոցառումները, մասնավորապես՝
• ակտիվ համաճարակաբանական հսկողություն,
• դեպքերի վաղ հայտնաբերում և մեկուսացում,
• կոնտակտավորների որոնում և բժշկական հսկողություն,
• լաբորատոր ախտորոշման կարողությունների ընդլայնում,
• բուժման կենտրոնների հզորությունների մեծացում,
• վարակի կանխարգելման և վերահսկման միջոցառումների ուժեղացում,
• սահմանային հսկողության և երկրների միջև համագործակցության ամրապնդում,
• բնակչության իրազեկման և ռիսկերի հաղորդակցման միջոցառումների իրականացում։
Ռիսկի գնահատում
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում հանրային առողջության համար ռիսկը գնահատում է որպես շատ բարձր, հարևան երկրների համար՝ բարձր՝ պայմանավորված բնակչության ակտիվ տեղաշարժով և սահմանային հաղորդակցությամբ։
Չնայած Ֆրանսիայում արձանագրված ներմուծված դեպքին, ԱՀԿ-ն գնահատում է, որ գործող արդյունավետ հսկողության և արագ արձագանքման միջոցառումների պայմաններում հիվանդության լայնածավալ միջազգային տարածման ռիսկը շարունակում է մնալ վերահսկելի։
Իրավիճակը Հայաստանում
Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում Էբոլայի (Բունդիբուգյո վիրուս) հիվանդության դեպքեր չեն արձանագրվել։
Հայաստանի համար անմիջական ռիսկը ներկայումս գնահատվում է ցածր։ ՀՀ առողջապահական մարմինները շարունակաբար հետևում են միջազգային համաճարակաբանական իրավիճակին և համագործակցում են միջազգային գործընկերների հետ՝ ԱՀԿ առաջարկություններին համապատասխան։
Աֆրիկյան երկրներ մեկնող կամ այնտեղից վերադարձող քաղաքացիներին խորհուրդ է տրվում հետևել ԱՀԿ ճանապարհորդական հանձնարարականներին, խուսափել հիվանդ կամ մահացած անձանց, ինչպես նաև վայրի կենդանիների հետ անմիջական շփումից։
Եթե ճանապարհորդությունից հետո ի հայտ գան հիվանդությանը բնորոշ ախտանիշներ՝ բարձր ջերմություն, արտահայտված թուլություն, փսխում, լուծ, արյունահոսական դրսևորումներ կամ այլ ախտանշաններ, անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկական օգնության և բուժաշխատողին տեղեկացնել վերջին ճանապարհորդության մասին։

«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
32517.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
63914.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
67113.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
75612.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
85610.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
104707.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
104107.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
99407.09.2026, 09:24