Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +2 °C

Ղրիմի կամուրջը զգալի վնասներ է կրել Ուկրաինայի ԶՈՒ հարվածի հետևանքով․ կամարը թեքվել է

Ղրիմի կամուրջը զգալի վնասներ է կրել Ուկրաինայի ԶՈՒ հարվածի հետևանքով․ կամարը թեքվել է
57
Այսօր, 23:19

Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասը Ղրիմին կապող Ղրիմի (Կերչի) կամուրջը զգալի վնասներ է կրել երկուշաբթի առավոտյան Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով։
Կամրջի կենտրոնական հատվածում տեղադրված 227 մետրանոց կամարը, որը նախատեսված է Սև և Ազովի ծովերի միջև նավերի անցման համար, թեքվել է ուկրաինական հարվածից հետո։ Հարձակմանը կարող էր ներգրավված լինել շուրջ 100 անօդաչու թռչող սարք։
Mash տելեգրամյան ալիքի տվյալներով՝ դրոններից մեկի մարտագլխիկն ընկել է Ղրիմի կողմից աջակողմյան կամարի վրա, ինչի հետևանքով մոտ 15-հարկանի շենքի բարձրությամբ և շուրջ 5 հազար տոննա կշռող ամբողջ կառուցվածքը «թեքվել է մոտ 15 աստիճանով»։
Ռուսական պետական լրատվամիջոցների տարածած տեսանյութերում կամարն ակնհայտորեն թեքված է, իսկ դրա կառուցվածքները ծռմռված են թվում։ Տեղի բնակիչներից մեկը «Կրիմսկի վետեր» ալիքին պատմել է, որ կամարն այնպիսի տեսք ունի, կարծես կառուցվածքից մի կտոր պակասում է, ինչի հաշվին էլ այն ծռվել է։
Արբանյակային լուսանկարները նույնպես ցույց են տալիս ճանապարհային ծածկույթի վնասվածքներ «առնվազն երկու հատվածում», գրում է «Կրիմսկի վետեր»-ը։ Աղբյուրի տվյալներով՝ կամարի առանցքի շեղումը կազմում է մոտ 5 աստիճան, ինչը, այնուամենայնիվ, կնվազեցնի կառուցվածքի կրողունակությունը։
Կրեմլը «աննշան» է որակել օրական 40 հազար ավտոմեքենայի և տարեկան 13 մլն տոննա բեռնափոխադրումների համար նախատեսված ու Ղրիմի մատակարարման առանցքային զարկերակը դարձած կամրջի վնասվածքները։ Այդուհանդերձ, դեպքի վայր է գործուղվել շինարարության ոլորտը համակարգող փոխվարչապետ Մարատ Խուսնուլինը։ Կամրջով երթևեկության գրեթե 12-ժամյա դադարեցումից հետո նա հայտարարել է, որ այն վերսկսվել է «ռևերսային» (դարձափոխային) ռեժիմով։
«Արդեն հավաքագրել ենք ռեսուրսներ, նախագծողներ և շինարարներ՝ վերականգնման համար։ Տարածաշրջանների ղեկավարության հետ լուծում ենք լոգիստիկայի հետ կապված հարցերը»,– ասել է Խուսնուլինը։
Ուկրաինայի ԶՈՒ հարվածը Կերչի կամրջին դարձել է չորրորդը Ուկրաինա ռուսական ներխուժման սկզբից ի վեր։