Երկուշաբթի, 27 հուլիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +29 °C

Ի՞նչ անել ծխելը դադարեցնելու առաջին օրերին

Ի՞նչ անել ծխելը դադարեցնելու առաջին օրերին
64
Այսօր, 17:18

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է․ «Պատրաստվո՞ւմ եք դադարեցնել ծխելը.
Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է։ Անկախ նրանից, թե որքան երկար ժամանակ եք ծխել, դադարեցնելուց հետո օրգանիզմը սկսում է վերականգնվել, իսկ բազմաթիվ հիվանդությունների զարգացման ռիսկը ժամանակի ընթացքում նվազում է։
Երբ որոշում եք հրաժարվել ծխելուց, հիշեք, թե ինչու եք դա անում՝
- Իմ առողջությունը կսկսի բարելավվել արդեն ծխելը դադարեցնելու առաջին ժամերից։
- Ավելի հեշտ կշնչեմ, իսկ հազը ժամանակի ընթացքում կնվազի։
- Կբարելավվեն համի և հոտառության զգացողությունները։
- Կբարելավվի իմ ֆիզիկական դիմացկունությունը և առօրյա ակտիվությունը։
- Կնվազի սրտանոթային հիվանդությունների, կաթվածի, թոքերի քրոնիկ հիվանդությունների և բազմաթիվ քաղցկեղների զարգացման ռիսկը։
- Կբարելավվի բերանի խոռոչի առողջությունը։
- Կբարելավվի վերարտադրողական առողջությունը, իսկ հղիության ընթացքում մոր և պտղի առողջական ռիսկերը կնվազեն։
- Ես կպաշտպանեմ իմ ընտանիքի անդամներին և շրջապատի մարդկանց պասիվ ծխելու վնասակար ազդեցությունից։
- Ես կխնայեմ գումար, որը նախկինում ծախսում էի ծխախոտի վրա։
Ի՞նչ անել ծխելը դադարեցնելու առաջին օրերին.
Առաջին օրերին նիկոտինի նկատմամբ պահանջը կարող է ուժեղ լինել։ Դա ժամանակավոր է և սովորաբար աստիճանաբար նվազում է։
Հետևյալ քայլերը կարող են օգնել՝
- Ընտրե՛ք միջավայրեր, որտեղ ծխելն արգելված է (մարզասրահ, գրադարան, թանգարան, առևտրի կենտրոն և այլն)։
- Եղե՛ք ֆիզիկապես ակտիվ. քայլե՛ք, վազե՛ք, հեծանիվ վարե՛ք, լողով կամ յոգայով զբաղվե՛ք։
- Ձեռքերը զբաղված պահե՛ք. գրե՛ք, նկարե՛ք, գործե՛ք, օգտագործե՛ք հակասթրեսային գնդակ կամ այլ զբաղմունք։
- Խմե՛ք բավարար քանակությամբ ջուր։ Նախընտրե՛ք ջուրը և չքաղցրացված ըմպելիքները, սահմանափակե՛ք ալկոհոլի օգտագործումը, քանի որ այն կարող է ուժեղացնել ծխելու ցանկությունը։
- Եթե սուրճը առաջացնում է ծխելու ցանկություն, ժամանակավորապես փոխարինե՛ք այն այլ ըմպելիքով։
- Շեղե՛ք ուշադրությունը. կարդացե՛ք, լուծե՛ք խաչբառ, լսե՛ք երաժշտություն կամ զբաղվե՛ք այլ հետաքրքիր գործունեությամբ։
- Ծխելու ցանկության դեպքում ծամե՛ք առանց շաքարի մաստակ, կտրատած բանջարեղեն։
- Հիշե՛ք, որ ծխելու ցանկությունը սովորաբար տևում է ընդամենը 5-10 րոպե և անցնում է, եթե չծխեք։
Եթե դժվարանում եք դադարեցնել ծխելը՝ դիմե՛ք մասնագետների օգնությանը:
Ծխելը դադարեցնելու թեժ գիծ՝ 060 44 00 01
(անվճար և անանուն խորհրդատվություն)»։