Երկուշաբթի, 03 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +30 °C

««Պլինտուսի» մակարդակի բանավեճերին ենք ականատես լինելու»․ Արմենուհի Վարդանյան

««Պլինտուսի» մակարդակի բանավեճերին ենք ականատես լինելու»․ Արմենուհի Վարդանյան
33
Այսօր, 14:12

Լրագրող Արմենուհի Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Զարմանում եմ, որ մարդիկ միայն հիմա են զարմանքով արձանագրում ձևավորված խորհրդարանի որակական անկումը։ Ամիսներ առա՞ջ չէր քարոզարշավը համբալների, համբալներին «կզցնելու» և այլնի մասին։ Իսկ ի՞նչ էիք սպասում։
Երևի սպասվում էր, որ Նիկոլը չի՞ ընտրվի, կամ եթե ընտրվի, ընդդիմությունը մի բան կանի, կամ որ ընդդիմադիրները չէի՞ն վերցնի մանդատները և չէի՞ն գնա խորհրդարան։ Հայաստանյան հասարակական-քաղաքական խճանկարին քիչ թե շատ ծանոթ, ձևավորված ցուցակների պարունակությանը ծանոթ մարդը, իհարկե, նման ակնկալիք ի սկզբանե պետք է չունենար։ Շատ չէ, ընդամենը 10 անուն թվարկեք հայաստանյան քաղաքական/հասարակական դաշտից, ովքեր «մահապարտ» են, ովքեր չեն գայթակղվի փողով, ովքեր բարոյական և էթիկական բարձր ստանդարտներ ունեն, ովքեր հանուն «հանունների» պատրաստ են զոհասեղանին դնել և կորցնել շատ բան։ Ես չեմ կարող թվարկել, ցավոք....Եթե կարող եք, օգնեք ինձ խնդրում եմ հիշել...
Նախորդ խորհրդարանում տեսանք չէ՞, ինչպես աշխատեց ընդդիմությունը՝ իշխանության հետ հավասար կիսելով պարգևավճարներն ու գործուղումները։
/Ավելի քան 600 միլիոն դրամ/1,5 մլն դոլար պարգևավճար են ստացել աշխատավարձերից բացի/
Հիմա որակական թռի՞չք էր լինելու, ինչպե՞ս էր լինելու այդ թռիչքը։ Երբ ցանկացած ցինիկ վարք և երևույթ դառնում է հասարակական նորմ, այդ ի՞նչ էվոլյուցիայի էինք սպասում։
Սոցիոլոգիայում կա կակոկրատիա հասկացությունը՝ վատագույնների իշխանություն։ Երբ քաղաքական համակարգում սկզբունքներին ու գաղափարներին փոխարինում է հարմարվողականությունը, յուրաքանչյուր հաջորդ սերունդ ավելի ցածր նշաձող է սահմանում, քան նախորդը: Սա հանգեցնում է նրան, որ քաղաքական երկխոսության մակարդակը, էթիկան և պատասխանատվությունը ամենուր, իսկ այս դեպքում նաև խորհրդարանում աստիճանաբար արժեզրկվում են, և այն, ինչ նախկինում անընդունելի էր համարվում, դառնում է նոր նորմ(
Ոչ ադեկվատ վարքով մեկը, ով բազմաթիվ անդառնալի տապալումներ է թույլ տվել, քարոզարշավին էլ նույնքան հիստերիկ վարքով «կզցնել» ու ունեզրկելու մասին հայտարարություններով, Արցախի ու արցախցիների դեմ արված ամոթալի ասելիքով է շահել իր ընտրողի քվեն, կրկին դարձավ վարչապես։ Այս հանգամանքը քի՞չ բան է խոսում բարոյական անկման մասին....
Եղած ընդդիմությունն էլ մասնակցել է այս ֆարսին և եկել է ԱԺ մանդատ կիսելու ու իբրև թե սուր հարցադրումներ տալով, տարիներ մաշեցնելու...
Իսկ այս ընթացքում մենք կորցրել ենք հայրենիք, միջազգային հեղինակություն և այլն... Բազմաթիվ կորուստներին գումարվել է նաև բարոյական անկումը, նոր գարշելի նորմեր ենք սահմանել՝ տարիներով հետ գլորվելով։
Հիմա «պլենդուզի» մակարդակի բանավեճերին ենք ականատես լինելու, ընդդիմությունը ձև է բռնելու, թե խրոխտ աշխատանքային մթնոլորտում է, իսկ ՔՊ-ն դառնալու է ավելի սանձարձակ, որովհետև ՔՊ մանրապճեղները հասկացել են, որ այդ վարքը լավ էլ պոպուլյար է, քվե է բերում։
Ինչև, ափսոս էինք»։