Հինգշաբթի, 10 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Եթե չլինեին կադրային սպաները, չէր լինելու բանակ, հետևաբար՝ հաղթանակներ»․ Արթուր Դանիելյան

«Եթե չլինեին կադրային սպաները, չէր լինելու բանակ, հետևաբար՝ հաղթանակներ»․ Արթուր Դանիելյան
40
Այսօր, 09:00

«Ադեկվատ» միաբանության հիմնադիր և ղեկավար, հասարակական գործիչ Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ շարունակելով նախօրեին հրապարակած թեման. «Չէ՛, հարգելիներս, ես ձեզ հետ դեռ չեմ ավարտել։ Հիմա պիտի կարդաք Մոնթեի մասին, ձեռի հետ նաև՝ Մովսես Գորգիսյանի և Լեոնիդ Ազգալդյանի։ Էս երեքի անունն եմ առանձնացրել, քանի որ հենց իրենց անուններն էր տվել մի ուռա-հայրենասեր ապուշ՝ փորձելով իմ մոտ նրանց պաշտպանել՝ նսեմացնելով Տեր-Գրիգորյանցին, Իվանյանին և այլոց։
Մոնթեն Հայաստան է եկել 1991 թվականին, քանի որ ԱՍԱԼԱ-ն նրան մեղադրել էր դավաճանության մեջ և դատապարտել էր մահվան. վճիռը կայացրել էր ԱՍԱԼԱ-ի հիմնադիր Հակոբ «մոջահեդ» Հակոբյանը։ Հակոբյանը, որ Պաղեստինում Իսրայելի դեմ մարտնչող հայկական ուժերի հրամանատարն էր, Մոնթեին մեղադրել էր հօգուտ Իսրայելի լրտեսության մեջ։ Մոնթեի վրա եղել է մի քանի մահափորձ՝ Լիբանանում, Սիրիայում, Եմենում և Հարավսլավիայում, որոնց ընթացքում նույնիսկ զոհվել է մի անմեղ մարդ, ով ընդամենը նման էր Մոնթեին։ Նա հանգրվանել է Հայաստանում, քանի որ տեղի ԴԵՌԵՎՍ արևմտամետ ու խիստ հակառուս իշխանությունները տվել էին նրան անվտանգության երաշխիքներ։ Արցախյան ազատամարտին նա ՉԻ մասնակցել Հայաստան գալուն պես։ Դրա փոխարեն նա 7 ամիս աշխատել է Գիտությունների Ակադեմիայում և հրատարակում է մի գիրք, որտեղ նա նսեմացնում է Հակոբ Հակոբյանի դերը ԱՍԱԼԱ-ի ստեղծման գործում։ Սրանից հետո Վազգեն Սարգսյանը Մոնթեին միջնորդավորված փոխանցում է, որ Հայաստանում նա այլևս անվտանգության երաշխիք չունի, և որ ավելի լավ ա նա մեկնի Արցախ։
Վիկիպեդիայում գրված է, որ 1993-ին Մոնթեի ղեկավարությամբ ազատագրվել է Քարվաճառը, որը սուտ է։ Այդ ժամանակ ՀՀ ՊՆ էր Վազգեն Մանուկյանը, Արցախի ինքնապաշտպանության խորհրդի նախագահ էր Սամվել Բաբայանը, իսկ մարտական գործողությունները, մատակարարումը և պլանավորումը իրականացնում էին հենց Նորատ Տեր-Գրիգորյանցը, Քրիստափոր Իվանյանը, Յուրի Խաչատուրովը և այլ կադրային սպաներ։ Էս մարդկանց ղեկավարմամբ է ազատագրվել Քարվաճառը։ Մոնթեն, ի թիվս բազմաթիվ այլ դաշտային հրամանատարների, եղել է Քարվաճառի ազատագրող ջոկատներից մեկի հրամանատարը, ոչ թե ազատագրման ղեկավար։ 1993-ի հունիսին Մոնթեին սպանել են. սպանության հանգամանքները լիարժեք հայտնի չեն։
Մովսես Գորգիսյանը եղել է ռեժիսոր, ով քարոզել է ազգայնական օրակարգ, ստեղծել է առաջին ջոկատներից մեկը։ Գորգիսյանը մասնակցել է Երասխի պաշտպանության գործողությանը։ Գործողությունը տևել է 3 օր։ 3-րդ օրը Գորգիսյանը զոհվել է։
Լեոնիդ Ազգալդյանը ռադիոֆիզիկոս էր։ Նա ստեղծել է ջոկատ և մասնակցել է Հայաստանի մի շարք բնակավայրերի պաշտպանությանը Սյունիքում, Գեղարքունիքում և Վայոց Ձորում։ Արցախում մասնակցել է Շահումյանի և Մարտակերտի պաշտպանության տապալված փորձերին, որտեղ և զոհվել է 1992-ին։
Վերոհիշյալ անձանցից և ոչ մեկը ֆորմալ ռազմական կրթություն չի ունեցել և մեծ առումով չի ունեցել նաև ռազմական հաջողություններ։ Սրա հետ մեկտեղ՝ առնվազն Գորգիսյանն ու Ազգալդյանը զոհվել են թշնամու հետ մարտերում։ Այսինքն՝ զոհաբերել են իրենց կյանքը հանուն հայրենիքի և արել են դա ոչ թե որպես շարքային զինվոր, այլ որպես ջոկատի հրամանատար։ Նրանց նախաձեռնողականությունն ու զոհողությունն անուրանալի են։ Սրանով իմ համար նրանք վեր են դասվում ՀՀ բնակչության 99%-ից։
ԲԱՅՑ Արցախյան առաջին պատերազմում հաղթանակի իրենց անուրանալի բաժինն անհամադրելի է կադրային սպաների ու, մասնավորապես, խորհրդային բանակի հայազգի սպաների ներդրման հետ։ Նույնիսկ դաշտային հրամանատարների շարքում իրենց ավանդը չի կարելի հավասարեցնել (էլ չասեմ գերադասել) օրինակ Մանվել Գրիգորյանի ավանդին, ով ավելի շատ հող է գրավել քան բոլոր մնացածը իրար հետ վերցրած Վարդան Մամիկոնյանից սկսած: Սա փաստ է․ փաստ, որը տասնամյակներ շարունակ միտումնավոր խեղաթյուրվել է զուտ քաղաքական և, առաջին հերթին, աշխարհաքաղաքական նպատակներով։ Ֆիդայական ջոկատներն ընդամենը գործիք էին Կովկասում իրավիճակը թեժացնելու և ապակայունացնելու համար. նրանք նախատեսված չէին հաղթանակներ տանելու համար։ Հայկական պետությանը բարեբախտաբար հաջողվել էր ջոկատները փոխարինել բանակով և այդ հաջողությունը ունի հստակ անուններ: Եթե չլինեին կադրային սպաները, չէր լինելու բանակ, հետևաբար՝ չէին լինելու որևէ հաղթանակներ։
Նպատակ էր դրված բարոյազրկել ողջ մնացած հերոսներին՝ նրանց հակադրելով մահացածներին։ Լրատվական դաշտում և սոցցանցերում գործակալները անընդհատ նսեմացրել են Նորատ Տեր-Գրիգորյանցի ու Քրիստափոր Իվանյանի, Սամվել Բաբայանի ու Վազգեն Մանուկյանի, Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի ու Լևոն Մնացականյանի, Գրիգորյան Մանվելի ու Աշոտ Մինասյանի դերը և նրանց հակադրել են մահացածների՝ հաճախ խիստ ուռճացված դերակատարությանը։ Նույնիսկ Վազգեն Սարգսյանին իր կյանքի օրոք ամեն կերպ զրպարտում ու նսեմացնում էին, և միայն մահվանից հետո սկսեցին փառաբանել ու հակադրել ողջ մնացածներին։ Նույն կերպ միշտ կեղծ հայրենասիրական երանգներով փառաբանում էին շարքային զինվորին, ի հակադրություն սպաներին: Դա արվում էր, որպեսզի ոչ մի ողջ մնացած հեղինակություն էս ժողովուրդը չունենա, որ ոչ մեկի հետևից չգնա մարտի, ոչ հերոսի, ոչ սպայի, ոչ քաղաքական, ոչ էլ հոգևորական գործչի հետևից, որ մարդիկ մատաղացու գառան պես նստեն, սպասեն, թե երբ է գալու մորթվելու իրենց հերթը։ Իսկ մահացածները անշառ էին։ Մահացածը չէր կարող գալ, ասել՝ «Լա՞վ չեք, արա, էս ի՞նչ եք խոսում»...
Ու դուք, պատվելի՛ հայ ժողովուրդ, սիրով կերել եք այդ կտերը, այդ սադրիչ այծերի սաբոտաժները։ Կերել եք ու մինչ օրս ուտում եք։
Վերոհիշյալ անձանցից առնվազն մի քանիսին ես ՇԱՏ լուրջ քաղաքական բնույթի հարցեր ունեմ։ Ձեռս ճար ըլներ՝ գուցե և դատեի ոմանց, բայց ես հո հորթ չեմ, որ նրանց ռազմական անցյալն ուրանամ, որ հանկարծ այս փաստերը արձանագրելու համար աղանդավոր վիժվածքները չգան քոմենթներում փիս-փիս բաներ գրեն իմ հասցեին, ինչա թե՝ էդ մարդիկ դեռ ողջ են...
Բոլորն ունեն ավանդի իրենց համապատասխան մասը՝ մեկը շատ, մեկը քիչ։ Բոլորինն էլ անուրանալի է՝ երկու օր կռված ու զոհված Մովսես Գորգիսյանն էլ, կռիվը հաղթած, հաշմանդամ դարձած, իսկ հետո խաղաղությունում «մոլորված» Սեյրան Օհանյանն էլ։
Հ.Գ. Երբ մեզ հրաժեշտ տա (հուսով եմ ոչ տեսանելի ապագայում) նաև Տեր-Պետրոսյանը, տեսեք՝ ոնց են էս ակորդեոնները թարգելու նրան քոռ, ջհուդ, կգբ-ի շպիոն անվանելը և սկսելու փառաբանել՝ ի հակադրություն ողջ մնացածների»։

Աղբյուրը`   Արթուր Դանիելյան