Ուրբաթ, 18 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

««Արցախ» անունն օգտագործելն ու պահպանելը պատվի, հավատարմության և ինքնության հարց է»․ Սամվել դպիր Գրիգորյան

««Արցախ» անունն օգտագործելն ու պահպանելը պատվի, հավատարմության և ինքնության հարց է»․ Սամվել դպիր Գրիգորյան
45
Այսօր, 17:00

Սամվել դպիր Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԻՆՉՈ՞Ւ «ԱՐՑԱԽ», ԵՎ ԻՆՉՈ՞Ւ ՍԱ ՊԱՐԶԱՊԵՍ ԲԱՌԻ ՀԱՐՑ ՉԷ
Արցախ բառի օգտագործման մասին երեկվա գրառման տակ կարծիք հնչեց, որ բառերից պետք չէ կառչել։
Հիմա եկեք քննենք՝ արդյո՞ք դա ճիշտ է քրիստոնյա մարդու համար։
1․ ԽՈՍՔԻ և ԱՆՎԱՆՄԱՆ ՀՈԳԵՎՈՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ․
Սուրբ Գիրքը մեզ սովորեցնում է, որ խոսքին թեթևամտորեն վերաբերվել չի կարելի․ մարդու արտասանած խոսքն ունի բարոյական պատասխանատվություն։ Քրիստոս ասում է. «Քո խոսքերը արդարացնելու են քեզ և քո խոսքերը դատապարտելու են քեզ» (Մատթ. 12։37)։ Հետևաբար քրիստոնյայի համար բառերի ընտրությունը միշտ չէ, որ չեզոք հարց է, հատկապես երբ բառը վերաբերում է ճշմարտությանը, հիշողությանը և ինքնությանը։
2․ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ և ՊԱՏՄԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ․
Սուրբ Գիրքն անգամ նախնիներից ժառանգված սահմանների նկատմամբ հավատարմությունն է կարևորում. «Մի՛ փոփոխիր հավիտենական սահմանները, որ քո հայրերը դրեցին» (Առակ. 22։28)։ Թեև այս խոսքն իր անմիջական իմաստով վերաբերում է սահմանների անձեռնմխելիությանը, դրա սկզբունքը մեզ հիշեցնում է, որ նախնիներից ստացած ժառանգությանը պետք չէ թեթևամտորեն վերաբերվել։ «Արցախ» անունն էլ մեզ համար պատմական հիշողության և ժառանգության կրող է։
Երբ մեր պատմական «Արցախ» անվան փոխարեն հետևողականորեն նախընտրում ենք օտար ծագում ունեցող մեկ այլ անվանում, հատկապես այնպիսի պայմաններում, երբ վիճարկվում են Արցախի հայկական պատմությունն ու ինքնությունը, անվան ընտրությունն այլևս կարող է պարզապես լեզվական նախասիրություն չլինել։ «Արցախ» անվան պահպանումը դառնում է պատմական հիշողության և ինքնության պահպանման վկայություն։
3․ ԱՆՈՒՆԸ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ և ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑ Է․
Պատմական «Արցախ» անունն օգտագործելն ու պահպանելը պատվի, հավատարմության և ինքնության հարց է, ոչ թե պարզապես լեզվական վեճ։ Անունների մեջ մեր ինքնությունն է, մեր նախնիների աղոթքն ու հիշողությունը։
Երբ մենք հրաժարվում ենք մեր սրբազան տեղանուններից, կամավոր կերպով նպաստում ենք այն պատմական հիշողության մթագնմանը, որի պահպանության համար սերունդներ են պայքարել ու նահատակվել։ Քրիստոնյան չի կարող անտարբեր լինել ճշմարտության, այդ թվում՝ պատմական և աշխարհագրական ճշմարտության հանդեպ, որովհետև ուրացումը փոքր բաներից է սկսվում։
Ուստի, Արցախը պարզապես աշխարհագրական տեղանուն չէ․ այն մեր հոգևոր ժառանգության, ազգային ինքնության և պատմական հիշողության անբաժան մասն է։ «Արցախ» անունը պահպանելը ոչ թե բառից կառչել է, այլ չհրաժարվել այն անունից, որով մեր հայրենիքի այդ հատվածը դարերով ապրել է մեր պատմության, Եկեղեցու, մեր նախնիների աղոթքի և ժողովրդի հիշողության մեջ»։