«Այն գումարները, որոնք աշխատակիցները ստանում էին որպես պարգևավճար՝ դառնում է աշխատավարձի մաս»․ Արմեն Գալջյան

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տեսնելով աշխատավարձերի բարձրացման մասին մամուլում շրջանառվող մոլորեցնող լուրերը՝ հարկ եմ համարում տեղեկացնել.
Վաղվա ավագանու նիստում նախատեսվում է հաստատել աշխատավարձերի հաշվարկման գործակիցները, այլ ոչ թե աշխատավարձերի վերջնական չափերը։ Իսկ աշխատավարձերի հաշվարկման հիմքը լինելու է բազային աշխատավարձը, որի չափը պետք է սահմանվի Երևանի 2027 թվականի բյուջեով։
Երկրորդ՝ մամուլում ներկայացվող գումարներն ակնհայտորեն ներառում են նաև օրենքով սահմանված հարկերն ու պարտադիր վճարները։ Հետևաբար դրանք որպես փաստացի ստացվելիք աշխատավարձ ներկայացնելը ակնհայտ իրականությունը խեղաթյուրելու միտում ունի։ Հրապարակվող թվերից պետք է առնվազն նվազեցնել համապատասխան հարկերն ու պարտադիր վճարները շուրջ 25%։ Օրինակ՝ եթե տեսնում եք 2 մլն դրամ, դա իրականում 1,5 մլն դրամ է։
Փաստացի երևանի քաղաքային բյուջում որևէ էական նոր ֆինանսական բեռ չի ավելանում, քանի որ այն գումարները, որոնք աշխատակիցները ստանում էին որպես պարգևավճար՝ պարզապես դառնում է աշխատավարձի մաս:
Շարունակելով թեման պետք է հիշեցնել, որ վերջին տարիներին ընդունած տարբեր որոշումներով բարձրացվել են Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հազարավոր աշխատակիցների աշխատավարձերը։
Մասնավորապես՝
- մանկապարտեզներում,
- գրադարաններում,
- «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում,
- «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ում,
- աղբահանության և կանաչապատման հիմնարկներում,
- առողջության կենտրոններում,
- մշակութային կազմակերպություններում և մի շարք այլ հիմնարկներում։
Այս հիմնարկներում աշխատում են հազարավոր մեր քաղաքացիներ, որոնք ունեն ընտանիքներ։ Փաստացի, քաղաքային բյուջեի միջոցներով բարձրացվել են տասնյակ հազարավոր մարդկանց եկամուտները։
Մինչդեռ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի և վարչական շրջանների աշխատակիցների աշխատավարձերը վերջին անգամ բարձրացվել են ավելի քան հինգ տարի առաջ։
Այս ընթացքում Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը շուրջ 204 հազար դրամից հասել է 312 հազար դրամի՝ աճելով ավելի քան 53%-ով։ Սա վկայում է, որ վերջին հինգ տարիներին աշխատաշուկայում աշխատավարձերի մակարդակն էականորեն փոխվել է։
Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացումը ոչ միայն անհրաժեշտ, այլև անխուսափելի քայլ է։ Քաղաքապետարանը, որպես գործատու, պետք է կարողանա մրցակցել աշխատաշուկայում, պահպանել իր փորձառու մասնագետներին և ներգրավել նոր, բարձր որակավորում ունեցող կադրերի։ Նման փոփոխություններ տեղի են ունենում նաև ամբողջ պետական համակարգում։
Հակառակ դեպքում, երբ աշխատաշուկայում նույն մասնագիտական կարողությունների համար առաջարկվում է էականորեն ավելի բարձր վարձատրություն, քաղաքապետարանը պարզապես չի կարողանա պահպանել և համալրել իր մասնագիտական ներուժը, ինչն անմիջականորեն կարող է անդրադառնալ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի վրա։
Խոսքը շուրջ 2000 աշխատակիցների մասին է, որոնք նույնպես մեր երկրի քաղաքացիներն են, ունեն ընտանիքներ և իրենց աշխատանքով ապահովում են Երևանի ամենօրյա կառավարումն ու բնակիչներին մատուցվող ծառայությունները։ Նրանց ճնշող մեծամասնությունը ոչ թե բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք կամ կուսակցական գործիչներ են, այլ տարբեր ոլորտներում աշխատող մասնագետներ և ծառայողներ»։
