«Արևմուտքում վերջապես ձայներ են բարձրանում». Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արևմուտքում վերջապես ձայներ են բարձրանում, որոնք արձանագրում են,
1) որ Նիկոլ Փաշինյանը բռնապետություն է հաստատում Հայաստանում և ապօրինաբար հալածում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն և ընդդիմությանը,
2) որ Փաշինյանը հաշվարկել է, որ կեղծ հակառուսական աստառ տալով իր բռնաճնշումներին, նա կստանա Արևմուտքի անվերապահ աջակցությունը,
3) որ Արևվմուտքը և հատկապես Եվրոպան՝ ի դեմս Ուրսուլա ֆոն դեռ Լայենի և Կայա Կալասի, ուղղակի աջակցում են Հայաստանում պրո-արևմտյան բռնապետության հաստատմանը
Ստորև ներկայացնում եմ բրիտանական «The Critic» ամսագրում հրապարակված հոդվածը:
Խնդրին նաև անդրադարձել է Human Rights Watch-ի նախկին ղեկավար Ռոթ Քեննեթը, X սոցցանցում անելով հետևյալ գրառումը.
«Արդյո՞ք եվրոպական երկրներին բավարարում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկրի ժողովրդավարությունը վերածի բռնապետության, միայն թե այն լինի արևմտամետ։ Ըստ ամենայնի՝ հենց այդպես է։» (հղումը՝ մեկնաբանությունում)
ԹՈՂՆԵՆՔ՝ ԻՐԵՆՑ ՆԱԽԱՃԱՇՆ ՈւՏԵ՞Ն
Հայաստանի կառավարությունը հարձակվում է իր եկեղեցու վրա, մինչ Արևմուտքը լռում է
«ARTILLERY ROW» բաժին
Հեղինակ՝ Փիթեր Ֆլյու
1 նոյեմբերի, 2026 թ.
1953 թվականին նախագահ Էյզենհաուերը Կոնգրեսի դեմոկրատների և հանրապետականների հետ միավորվեց՝ քաղաքական տարաձայնությունները մի կողմ դնելու և միասին աղոթելու համար։ Ընկերակցության և հաշտության ոգին, որով նշանավորվեց այդ առաջին Ազգային աղոթքի նախաճաշը, մինչ օրս ուղղորդում է ամենամյա այս միջոցառումը, որքան էլ այդ ոգին գործնականում անկատար մարմնավորվի։
Այդ ժամանակից ի վեր բազմաթիվ երկրներ հետևել են այս օրինակին և կազմակերպել սեփական միջոցառումները։ Այս ամսվա սկզբին էլ Երևանում անցկացվեց Հայաստանի Հանրապետության երկրորդ աղոթքի նախաճաշը։
Այն ներկայացվում էր որպես հնարավորություն՝ «վերանորոգելու երկրի հոգևոր հիմքերը և վերահաստատելու նրա ավանդական քրիստոնեական արժեքները»։ Միջոցառմանը մասնակցում էին մի շարք օտարերկրյա պատվիրակներ, այդ թվում՝ Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակից Փոլա Ուայթ-Քեյնը և ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի անդամներ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ հիմնական ելույթով։
Սակայն, մինչ ավանդական աղոթքի նախաճաշերը նպատակ ունեն խթանելու փոխըմբռնումը, ամենևին պարզ չէ՝ արդյոք հայկական միջոցառումը հավատարիմ մնաց ամերիկյան սկզբնօրինակի երկկուսակցական ավանդույթին։ Ընդդիմադիր քաղաքական գործիչներից քչերն էին ներկա։ Ավելին՝ այն անցկացվեց երկրի համար լարված ժամանակահատվածում, երբ լուրջ մտահոգություններ կան կրոնական ազատությանը, ժողովրդավարությանը և իրավունքի գերակայությանը Հայաստանի հավատարմության վերաբերյալ։
Այդ մտահոգությունների շարքում առաջնայինը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ճակատագիրն է՝ ավելի քան 1700 տարի հայ ժողովրդի ազգային եկեղեցու։ Այսօր այն շարունակական հարձակումների է ենթարկվում հենց այն կառավարության կողմից, որն աղոթքի նախաճաշի գլխավոր դերակատարն էր։
Փաշինյանը ձգտում է հեռացնել և փոխարինել Եկեղեցու հոգևոր առաջնորդին՝ Նորին Սրբություն Գարեգին Բ-ին։ Այդ նպատակով վարչապետը սատարում է Եկեղեցու ներսում պառակտումներին։ Հայտնի հոգևորականներ և աշխարհականներ ձերբակալվել ու բանտարկվել են, իսկ Կաթողիկոսին և վեց բարձրաստիճան եպիսկոպոսների քրեական մեղադրանքներ են առաջադրվել և արգելվել է երկրից դուրս գալը՝ Եկեղեցու կողմից կանոնական իրավունքով կարգալույծ արված մի եպիսկոպոսի վերականգնելուց հրաժարվելու համար։ Մինչդեռ սա բացառապես Եկեղեցու իրավասությանը պատկանող հարց է։
Փաշինյանն իր ելույթում ակնարկեց այս արշավի մասին։ Նա կոչ արեց, որ Հայաստանի «հոգևոր կյանքը դուրս գա եկեղեցուց և մտնի փողոցներ, տներ, շուկա», ինչպես նաև՝ «տեղական ինքնակառավարման մարմիններ, կառավարություն և օրենսդիր, գործադիր ու դատական իշխանության ճյուղեր»։ Իրականում սա Եկեղեցին պետությանը ենթարկեցնելու հռչակագիր էր։
Ինչպես վերջերս Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայտարարեց բրիտանացի պատգամավոր սըր Էդվարդ Լին, Փաշինյանի արշավը «մարդու իրավունքների և կրոնական ազատության կոպտագույն խախտում է»։ Սրանք իրավունքներ են, որոնք երաշխավորված են Հայաստանի Սահմանադրությամբ և միջազգային իրավունքով։ Տեղի ունեցողն առնչվում է ոչ միայն Հայաստանի հավատացյալներին, այլև համաշխարհային սփյուռքին՝ Եվրոպայում և Միացյալ Նահանգներում նրա մեծաթիվ համայնքներով։
Վարչապետը գրեթե ոչինչ չի ներկայացրել իր գործողություններն արդարացնելու համար։ 2026 թվականի ընտրություններից առաջ նա անորոշ պնդումներ է արել, թե Եկեղեցին արտաքին ազդեցության խողովակ է՝ ակնհայտորեն ակնարկելով Ռուսաստանին։ Այս պնդումները հստակորեն հաշվարկված են Փաշինյանի վերընտրության համար Արևմուտքի աջակցությունը շահելու նպատակով, սակայն նա առայժմ որևէ համոզիչ ապացույց չի ներկայացրել։ Կրոնական ազատության հարցերով հայաստանյան առաջատար փորձագետ Իզաբելլա Սարգսյանն իրավացիորեն զգուշացնում է, որ թեև նման պնդումները քննության արժանի են, դրանք «չպետք է անվերապահորեն ընդունվեն որպես ճշմարտություն»։
Առավել հավանական բացատրությունն այն է, որ Փաշինյանի արշավը պատասխան է Եկեղեցու քննադատությանը՝ նրա վարչապետության և, շատերի գնահատմամբ, Հայաստանի շահերը պաշտպանելու նրա անկարողության վերաբերյալ, հատկապես՝ Լեռնային Ղարաբաղի հարցում։ 2023 թվականին Ադրբեջանի իրականացրած՝ այդ տարածքի էթնիկ զտումը շարունակում է խոր վերք մնալ։ Հայերը լուրջ մտահոգություններ ունեն Ադրբեջանի հետ արդար խաղաղություն կնքելու վարչապետի կարողության վերաբերյալ։
Լեռնային Ղարաբաղը կորցնելուց հետո Փաշինյանը վճռել է գրեթե ցանկացած գնով կարգավորել հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքիայի՝ Հայոց ցեղասպանությունն իրականացրած պետության հետ։ Թուրքիան և Ադրբեջանը բազմիցս Կաթողիկոսին ներկայացրել են որպես «խաղաղության խոչընդոտ»՝ Լեռնային Ղարաբաղից հայ փախստականների իրավունքները պաշտպանելու համար։ Մինչդեռ այս մտահոգությունները բարձրաձայնելն ուղղակիորեն բխում է հայ ժողովրդի «ազգային ինքնության պահպանման» գործում Եկեղեցու՝ Սահմանադրությամբ ամրագրված «բացառիկ առաքելությունից»։ Եկեղեցու ենթարկեցումը կլռեցներ Փաշինյանի ռազմավարական մոտեցման ամենաազդեցիկ անկախ քննադատին՝ մի արդյունք, որը ձեռնտու է Բաքվին ու Անկարային։
Ընդ որում՝ Եկեղեցին միակը չէ։ Նրա նկատմամբ վերաբերմունքը ժողովրդավարական նորմերի ավելի լայն քայքայման ախտանիշ է։ Լարված աշխարհաքաղաքական պայմաններում հունիսյան խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը, ըստ Եվրոպայի խորհրդի զեկույցի, «խիստ առճակատային էր՝ պառակտող հռետորաբանությամբ, և ուղեկցվում էր ընտրակաշառքի ու այլ ընտրախախտումների մասին մեղադրանքներով»։ Խորհուրդը նաև ընդգծել է «անհամաչափ նախնական կալանքը, բողոքի ակցիաների առաջնորդների ահաբեկումը և հավաքների ու արտահայտվելու ազատությունների վրա «կաշկանդող ազդեցությունը»»։
Այդ ժամանակից ի վեր իրավիճակն ավելի է վատթարացել։ Հայաստանի երեք խոշորագույն ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարներն էլ կալանքի տակ են և, հետևաբար, չէին կարող մասնակցել աղոթքի նախաճաշին։
Բացառությամբ առանձին արձագանքների՝ արևմտյան քաղաքական կառույցները լռել են Եկեղեցու ծանր վիճակի և ժողովրդավարության ավելի լայն հետընթացի մասին՝ միաժամանակ ողջունելով Հայաստանի հռչակած «արևմտյան» շրջադարձը։
ԵՄ-ի լռությունն առանձնապես աչքի է զարնում։ Մայիսին՝ ընտրություններից ընդամենը մի քանի շաբաթ առաջ, Երևանում անցկացվեց ԵՄ–Հայաստան առաջին գագաթնաժողովը։ Դրա առանցքային մասնակիցներից ոչ մեկը, այդ թվում՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Կայա Կալլասը, չբարձրաձայնեց այս երկու խնդիրներից որևէ մեկը։ Փոխարենը՝ նրանք, կարծես, բավարարվեցին Հայաստանին որպես աշխարհաքաղաքական ավար դիտարկելով, այլ ոչ թե որպես պաշտպանության կարիք ունեցող ժողովրդավարություն։ Հայաստանի եվրոպական ձգտումներին աջակցելն արժանի նպատակ է։ Սակայն, ինչպես հարցնում է Human Rights Watch-ի նախկին ղեկավար Քենեթ Ռոթը. «ԵՄ-ն ուզո՞ւմ է, որ Հայաստանը պարզապես դառնա արևմտամետ բռնապետություն, թե՞ ուզում է ժողովրդավարություն»։
Աղոթքի նախաճաշը կարող է օգնել լույս սփռելու Հայաստանում առկա ճգնաժամի վրա։ Թեև այն զուրկ էր իր նախորդներին բնորոշ երկկուսակցական ոգուց, պատվիրակները կարողացան հանդիպել Եկեղեցու ղեկավարության հետ և անմիջականորեն տեղեկանալ կառավարության գործողությունների հետևանքների մասին։ Նրանք պետք է շարունակեն այդ շփումները և ապահովեն, որ այդ ուղերձը լսելի դառնա Վաշինգտոնում, Լոնդոնում և Բրյուսելում։ Տասնյոթ դար շարունակ Հայոց եկեղեցին իր ժողովրդին նեցուկ է եղել՝ արշավանքների, տարագրության և ցեղասպանության միջով։ Արևմուտքը չպետք է նրան միայնակ թողնի սեփական կառավարության դեմ։

«Արևմուտքում վերջապես ձայներ են բարձրանում». Լևոն Զուրաբյան
1622:36
«Սահմանադրությունը պետք է պաշտպանի ինձ իշխանության կամայականությունից, ոչ թե դառնա ինձ ճնշելու գործիք». Վլադիմիր Մարտիրոսյան
4122:18
«Ինչո՞ւ Հայ մայրն ստիպված եղավ իր տան ներսում դիմակայել այն վտանգին, որը պետք է կանխվեր դեռ պետական սահմանին». Կարեն Արայան
5422:06
«Արսեն Թորոսյանը քպ-ականին չհասկացավ. բա ժողովրդի ջանը քա՞ր էր». Հայկ Մովսիսյան (տեսանյութ)
6121:24
Եվրոպական մթերային խանութներում քիբերհարձակման պատճառով սառցարաններում ջերմաստիճանը կտրուկ բարձրացել է
13820:55
«Թե բա՝ եկեղեցին չպետք է խառնվի քաղաքականությանը». Մհեր Հակոբյան
6520:36
«Քո ակնոցների ոսպնյակները փոխելու ժամանակն է». Արսեն Թորոսյանը՝ գնաճը մատնացույց անող լրագրողին (տեսանյութ)
7719:54
Կարեն Սարուխանյանը նշանակվել է ՀԷՑ-ի Գյումրու ցանցի պետ
6819:42