Երեքշաբթի, 03 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Այս իշխանության համար նույնիսկ մարդասիրական և իրավական հարցը վերածվում է տարիներով ձգվող «քննարկման»»․ Մետաքսե Հակոբյան

«Այս իշխանության համար նույնիսկ մարդասիրական և իրավական հարցը վերածվում է տարիներով ձգվող «քննարկման»»․ Մետաքսե Հակոբյան
52
Այսօր, 17:12

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երեք տարի է անցել Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունից, երեք տարի է՝ տասնյակ ընտանիքներ ապրում են իրենց հարազատների կորստի ցավով, անորոշությամբ ու անպատասխան մնացած հարցերով։
Եվ մինչ այսօր Հայաստանի կառավարությունը, ի դեմս երկար անունով կառույցի «սոցապ նախարարի», «դեռևս լուծում չի գտել» զոհվածների ընտանիքներին հատուկ կարգավիճակ տալու հարցում։
Իսկ ի՞նչն է այստեղ լուծում պահանջում։ Ի՞նչն է անհասկանալի։ Ի՞նչն է քննարկման առարկա։
Երբ խոսքը վերաբերում է Արցախի զոհվածների ընտանիքներին, այս իշխանության համար նույնիսկ ակնհայտ մարդասիրական և իրավական հարցը վերածվում է տարիներով ձգվող «քննարկման», բայց իրականում հերթական անգամ սեփական վախերն ու քաղաքական հաշվարկները պետական քաղաքականության վերածելու դրսևորում է։
Եվ դժվար չէ տեսնել դրա իրական պատճառը՝ Ադրբեջանին չնյարդայնացնելու, Բաքվի դժգոհությունը չառաջացնելու, Արցախի հետ կապված ցանկացած հարց հնարավորինս լռության մատնելու իշխանական գործելակերպը։
Ստացվում է՝ նույնիսկ մեր զոհերի ընտանիքներին արժանապատիվ վերաբերմունք ցուցաբերելու հարցում այս իշխանությունը դեռ պետք է հաշվի առնի Ադրբեջանի հնարավոր արձագա՞նքը։
Երեք տարի անց էլ մենք քննարկում ենք այն, ինչ վաղուց պետք է լուծված լիներ։ Մինչդեռ այդ ընտանիքների համար երեք տարին ոչ թե քննարկում է, այլ երեք տարի շարունակվող ցավ, սպասում և անարդարություն։
Արցախի զոհերի ընտանիքները պետության կարեկցանքի կարիքը չունեն։ Նրանք ունեն պետության պարտավորության կատարման իրավունքը։ Եվ այդ պարտավորությունից խուսափելու համար այլևս որևէ արդարացում ընդունելի չէ»։

Աղբյուրը`   Մետաքսե Հակոբյան