«2020 թ. նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարությունն ունի զրոյական իրավական ուժ». ԱԺԲ

ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-ԻՑ ՎԵՑ ՏԱՐԻ ԱՆՑ.
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍԱԿԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱ ՉԷ
Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդը բազմիցս հայտարարել է, որ 2020 թ. նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարությունն ունի զրոյական իրավական ուժ։
Այդ փաստաթուղթն անօրինական է թե՛ ներքին, թե՛ միջազգային իրավունքի տեսանկյունից։ ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքական կամ ռազմական բնույթի միջազգային պայմանագրերը ենթակա են Ազգային ժողովի վավերացման։ Մինչդեռ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որը նախատեսում էր տարածքային կորուստներ, հայկական զինուժի դուրսբերում և Հայաստանի տարածքով անցնող ճանապարհների նկատմամբ ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության վերահսկողություն, ստորագրվել է միանձնյա՝ պատերազմի պայմաններում, և երբևէ չի վավերացվել։
Միջազգային իրավունքով՝ ուժի կամ ուժի սպառնալիքի միջոցով կնքված պայմանագիրն առոչինչ է (Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայի 52-րդ հոդված)։
Ավելին, մյուս կողմերը ոտնահարել են իրենց իսկ ստանձնած պարտավորությունները, ինչը խոստովանել է անգամ փաստաթուղթը ստորագրած Նիկոլ Փաշինյանը։ Ադրբեջանն ամիսներով շրջափակեց Լաչինի միջանցքը (6-րդ կետ)՝ անտեսելով նաև Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, 2023 թ. սեպտեմբերին խախտեց հրադադարը (1-ին կետ) և մինչ օրս պահում է հայ գերիներին (8-րդ կետ)։ Ռուսական խաղաղապահները չկանխեցին Ադրբեջանի ռազմական հարձակումը և հեռացան իրենց հնգամյա ժամկետի ավարտից շուտ (3-րդ և 4-րդ կետեր), իսկ տեղահանվածների՝ ՄԱԿ-ի վերահսկողությամբ վերադարձի 7-րդ կետը վերածվեց Արցախի ողջ հայության բռնի տեղահանման։
Այսօր այդ փաստաթղթից Հայաստանի առջև դրված միակ պահանջը 9-րդ կետն է՝ մեր տարածքով ճանապարհի ապահովումը։
Մենք նաև հայտարարել ենք, որ 2025 թ. օգոստոսի 8-ին նախաստորագրված համաձայնագիրը խորքում հակահայկական է, և զգուշացրել, որ պարտադրանքի հաջորդ փուլը լինելու է Հայաստանի ներսում։ Մեկ տարի անց կարող ենք արձանագրել, որ մեր կանխատեսումներն ամբողջությամբ հաստատվեցին։
Նախաստորագրված համաձայնագիրը պայմանավորված է Հայաստանի ներքին փոփոխություններով։ Այսօր «խաղաղության» մասին խոսակցությունը հիմնականում վերաբերում է Սահմանադրության փոփոխությանը, որը Բաքուն ներկայացնում է որպես ստորագրման նախապայման։
Նոյեմբերի 2-ին վարչապետի աթոռը զբաղեցնող անձը հայտարարեց, որ նոր Սահմանադրությանը դեմ ելնող ընդդիմության նկատմամբ հանրային ճնշում է ձևավորվելու, և այդ ճնշման գլուխ պետք է կանգնի իշխող մեծամասնությունը։
Մենք զգուշացրել էինք նաև, որ հալածանքները շարունակվելու են։ Ընտրություններից առաջ և հետո ձերբակալվեցին ընդդիմության բազմաթիվ գործիչներ, իսկ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և վեց բարձրաստիճան հոգևորականներ դարձան քրեական գործի ամբաստանյալներ։
Արցախցիները դեռ չեն վերադարձել։ Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում են պահվել 19 հայ գերիներ, և նրանց հարցը լուծում չի ստացել։ Կառավարության 2026–2031 թթ. ծրագրում ո՛չ գերիների, ո՛չ էլ արցախցիների վերադարձի մասին խոսք չկա. արցախցիներն այնտեղ հիշատակվում են միայն որպես բնակարանով ապահովվելիք «Ղարաբաղից տեղահանված» ընտանիքներ։
Հայաստանի տարածքների շարունակվող օկուպացիայի հարցը նույնպես մնում է չլուծված։
Մեր հանձնառությունը և առաջնահերթությունները
Նոյեմբերի 9-ը մեզ համար ոչ թե լոկ հիշատակի օր է, այլ պայքարի հերթական հանգրվան։
Ստեղծված իրավիճակում օրակարգային են մնում հետևյալ առաջնահերթ խնդիրները.
1. Քաղաքական հետապնդումների անհապաղ դադարեցումը և քաղբանտարկյալների ազատ արձակումը,
2. ՀՀ Սահմանադրության պաշտպանությունը արտաքին պարտադրանքով պարտադրվող փոփոխություններից,
3. Արցախահայության՝ իրենց հայրենիք անվտանգ վերադարձի միջազգային երաշխիքների ձևավորումը։
Ակնհայտ է, որ այս ազգային նպատակների իրագործումն անհնար է գործող կոլաբորացիոն իշխանության պայմաններում։ Հետևաբար, մեր առաջնային խնդիրը մնում է օր առաջ այս իշխանության հեռացումը և ազգային-ժողովրդավարական իշխանության ձևավորումը։

Գյումրիում ռուսական ռազմաբազայում 2 ռուս զինվոր է ձերբակալվել
1120:18
«Ի՞նչ կլիներ, եթե նման բան գրեին ՔՊ-ականի մասին». Արամ Աբրահամյան (լուսանկար)
4819:48
Իսպանիան կանցկացնի 14 տարվա ընթացքում իր առաջին համընդհանուր գործադուլը
13119:37
«2020 թ. նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարությունն ունի զրոյական իրավական ուժ». ԱԺԲ
6619:18
«Արարատը մերն է, իսկ Արցախը՝ մեր հայրենիքը․ սա երբեք չպետք է մոռանանք»․ Արսեն Նիկողոսյան
8717:30
«Էրիկ Կակոյանին սպանած անձը երկու անգամ դատապարտված է եղել»․ Լիա Սարգսյան
10017:00
«Ունենք սեփական ինքնությունից գարշող իշխանություն և հուսալքված հանրություն». Գառնիկ Դանիելյան
9816:30
Ասանժն ու կինը հայտնել են դստեր ծննդյան մասին
15616:13