Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Ե՛վ Արևմուտքը, և՛ Ադրբեջանը Փաշինյանի դեմ զորեղ կոմպրոմատներ ունեն»․ Լևոն Ջավախյան

«Ե՛վ Արևմուտքը, և՛ Ադրբեջանը Փաշինյանի դեմ զորեղ կոմպրոմատներ ունեն»․ Լևոն Ջավախյան
53
Այսօր, 00:54

Արձակագիր Լևոն Ջավախյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Խոստումներ, որ ավելի կաշկանդող են, քան բանտարկյալի պողպատյա ձեռնաշղթաները։
Նախկին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը գրում է, որ իշխանությունների ամեն մի քայլ, միտված անկախանալու ռուսաստանյան ազդեցությունից, հանգեցրել է նրան, որ Հայաստանը ավելի կախյալ վիճակում է հայտնվել և չի բացառվում, որ հայկական իշխանությունների հետագա հակառուսական քայլերը բերեն նրան, որ մեր երկիրը դառնա ռուս֊բելառուսական միացյալ պետության մասնիկը։
Ի՞նչ եք, կարծում, նիկոլ փաշինյանը չի՞ հասկանում այդ պարզ ճշմարտությունը...
Հասկանում է, էն էլ ոնց է հասկանում...
Պարզապես տարբերակ չունի։ Այսինքն՝ ունի, բայց չի կարող, քանզի կաշկանդված է Արևմուտքին և թուրքերին տված խոստումներով, որը բանտարկյալի երկաթյա կանդալներից առավել կաշկանդող են։
Ի՞նչ է, չի՞ կարող փոխադարձ օգնության և բարեկամության ռազմական պայմանագիր նորոգել Ռուսաստանի հետ կամ էլ երկու երկրների շահերից բխող գաղտնի ռազմական պայմանագիր կնքել Իրանի հետ։
Հայաստանին ի՞նչ է պետք՝ խաղաղություն... Էլ ինչո՞ւ տեղի, անտեղի խաղաղություն մուրալ։
Դե, թող այդ դեպքում Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, դե թող բախտը փորձի...
Չի կարող, պարզապես չի համարձակվի, չի հանդգնի...
Իսկ ինչո՞ւ փաշինյանը դա անել չի կարող։ Մի պարզ պատճառով։ Որովհետև և՛ Արևմուտքը, և՛ Ադրբեջանը նիկոլ փաշինյանի վրա ունեն կոմպրոմատներ, զորեղ կոմպրոմատներ, որոնք առավել կաշկանդող են, քան բանտարկյալի պողպատյա կանդալները։ Արևմուտքը կարող է հրապարակավ հիշեցնել այն պախարակիչ, գաղտնի և ծածուկ օգնությունը, որի շնորհիվ նա վարչապետ է դարձել, իսկ Ադրբեջանը կարող է հրապարակել այն գերգաղտնի պայմանավորվածությունները, որի արդյունքում Արցախը դարձել է ադրբեջանական։
Նիկոլ փաշինյանին մնում է խաղաղության կեղծ նարատիվներով և իբր անկախ պետություն ունենալու պատրանքով մոլորեցնել սեփական ժողովրդին՝ իրականում երկրի շահերը ծառայեցնելով Արևմուտքի և թուրքական աշխարհի շահերին։ Գաղտնիք չի, նույնիսկ ԱՄՆ֊ում կան պետության կողմից նյութապես հովանավորվող հասարակական շրջանակներ, որոնք գտնում են, որ Հայաստանը պիտի կազմի թուրքական աշխարհի մի մաս։ Դրա առհավատչյան Զանգեզուրյան միջանցքն է, պաճուճված իբր անմեղսունակ ԹՐԻՓՓ անվամբ։ Ամեն ինչ արվում է Ռուսաստանի դեմ։ Հայաստանը սոսկ ոտնատակի խիճ է։ Դա Արևմուտքի և Ռուսաստանի պատերազմի աներևույթ մասն է, այնպես, ինչպես Ուկրաինական պատերազմը, որն արդեն իսկ Արևմուտքի և Ռուսաստանի բացահայտ պատերազմն է, որտեղ Եվրոպան պատրաստակամ է պատերազմը շարունակել մինչև վերջին ուկրաինացի զինվորը։ Իսկ մենք պատրա՞ստ ենք մինչև վերջին հայը ծառայել հանուն Արևմուտքի շահերի..
Ժամանակին ես աշխատում էի Երևանի Լենինյան շրջանի գործադիր կոմիտեում։ Գրեթե ամեն Գործկոմի նիստի նախագահը պախարակում, շան լափ էր թափում վարչության պետերից մեկի գլխին։ Մի օր էլ էդ վարչության պետի համբերությունը սպառվեց, արժանապատվությունը կարծես թե գլուխ էր բարձրացել։ Ասաց.
-Դե հերիք ու բոլ եղավ, ձեր ափն էլ, լափն էլ, դիմում կտամ կհեռանամ։
Գործկոմի նախագահը դառը ժպտաց։ Ասաց.
֊Գնա, հլա տեսնեմ ո՞ւր ես գնալու... Կգնաս, բայց դու էլ լավ գիտես, թե ուր կգնաս...
Գործկոմը իր վարչության պետի վրա այնքան կոմպրոմատներ ուներ, որ նա այլևս այլ ճանապարհ չուներ։
Նախագահը բացահայտ ուղղիչ տան ճանապարհն էր ակնարկում։
Նիկոլ փաշինյանն այնտեղ արդեն մի անգամ եղել է։ Կարծում եմ, որ երկրորդ անգամ չէր ցանկանա այնտեղ հայտնվել...
Դրա համար էլ մանևրում է, լարախաղացի լարից էլ բարակ, անտեսանելի տարածքում...
Որտեղ կտրեց կապը՝ էնտեղ տիրոջ պապը...»։

Աղբյուրը`   Լևոն Ջավախյան