Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Հայաստանը դեմ է ԵԱՏՄ-ին Ադրբեջանի մասնակցությանը». Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «Коммерсант»-ին

«Հայաստանը դեմ է ԵԱՏՄ-ին Ադրբեջանի մասնակցությանը». Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «Коммерсант»-ին
1507
Ուրբաթ, 08 հունիսի, 2018 թ., 11:15

Մոսկվայում երեկ կայացել են ՀՀ և ՌԴ ԱԳՆ ղեկավարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի բանակցությունները: Զոհրաբ Մնացականյանի առաջին արտասահմանյան այցն էր: Վերջինը ծավալուն հարցազրույց է տվել «Коммерсант» պարբերականին, որում խոսել է Ռուսաստանի հետ հարաբերությունների, ԵԱՏՄ-ում Ադրբեջանի հնարավոր մասնակցության, ինչպես նաև ՀԱՊԿ-ի և մի շարք այլ հարցերի շուրջ:

- Դուք և Սերգեյ Լավրովը նման պրոֆեսիոնալ կենսագրություն ունեք: Երկուսդ աշխատել եք ՄԱԿ-ում: Դուք ավարտել եք ՄԳԻՄՕ-ի միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետը, աշխատել եք ԱԳՆ-ում: Ինչպե՞ս ընթացան բանակցությունները:

- Դա ընդունում եմ որպես հաճոյախոսություն: Սերգեյ Վիկտորովիչը բավականին հայտնի է միջազգային հարթակում, նա հարուստ փորձ ունի: Եթե կարողանամ ինչ-որ չափով նմանվել նրան, ուրախ կլինեմ:

- Նկատի ունեմ այն, որ նրա հետ ձեզ համար հեշտ է լեզու գտնել:

- Մենք լավ ենք հասկանում միմյանց, այո: Մեր գործում կարևոր է ճիշտ մոտենալ իրավիճակին, լուծումներ գտնել, պահպանել դիրքորոշումները, կոնսենսուս գտնել:

- Ռուսաստանը պաշտոնապես արձագանքեց Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությանը: Սակայն սկանդալից զերծ չմնաց: Նկատի ունեմ «Ռոսնեֆտի» մամուլի քարտուղար Միխայիլ Լեոնտևի՝ Հայաստանի հասցեին հնչեցրած հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը բեռ է դարձել Ռուսաստանի համար: Կարելի՞ է ասել, որ սկանդալն արդեն մոռացվել է:

- Դուք ճիշտ նշեցիք: Երկխոսության մակարդակով Հայաստանն ու Ռուսաստանը լավ են հասկանում միմյանց: Դա ոչ միայն ԱԳՆ ղեկավարների մակարդակով բանակցությունն է, այլ նաև ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի միջև բանակցությունը: Մենք առաջ ենք մղում մեր հարաբերությունները հենց այդ մակարդակով: Եվ մենք բազմից ասել ենք, դա միայն Հայաստանի ներքաղաքական գործընթացն էր, որը չուներ որևէ աշխարհաքաղաքական նրբերանգ: Այդ կարծիքները համարվում են փորձագիտական: Միխայիլ Լեոնտևը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակով ներողություն էր խնդրել:

- Նիկոլ Փաշինյանը մինչ վարչապետի պաշտոնը ստանձնելը կրտականապես դեմ էր Եվրասիական տնտեսական միությանը: Սակայն իշխանության գալուց հետո նա հասկացնել տվեց, որ այդ ուղղությամբ փոփոխություններ չեն լինի, միևնույն ժամանակ հայտարարեց, որ դա չի նշանակում, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ չկան:

- Ես գոհ եմ մեր բանակցությունների զարգացմամբ: Սերգեյ Լավրովի հետ մեր ժամանակը սահմանափակ էր, սակայն մենք կարողացանք այդ կարճ ժամկետում բազմաթիվ թեմաների անդրադառնալ: Երբ մենք ասում ենք, որ մենք դաշնակիցներ ենք, ապա մենք քննարկում ենք բոլոր հարցերը, որոնք առկա են: Մենք անդրադարձանք նաև ԵԱՏՄ-ի օրակարգին: Մենք ունենք առանձին հարցեր, սակայն դրանք չի կարելի սկզբունքային անվանել, նորմալ դինամիկա է: Մեր վարչապետը հստակ հայտարարեց, թե ինչ է նշանակում ԵԱՏՄ-ն Հայաստանի համար:

- Կա նաև այլ ձևաչափ՝ ՀԱՊԿ-ն: Երևանում, մեղմ ասած, զգուշությամբ են մոտենում Ռուսաստանի և Ադրբեջանի ռազմատեխնիկական համագործակցությանը: Այդ հարցերը քննարկվե՞լ են Լավրովի հետ: Եթե այո, ապա ինչպիսի՞ համատեքստում:

- Այդ հարցը կա, այն վերաբերում է տարբեր ձևաչափերով ռազմական համագործակցությանը, որին մենք հետևում ենք: Երբ մեզ ինչ-որ բան է անհանգստացնում, մենք բարձրացնում ենք այդ հարցը:

- Վերջին բանակցություններին այդ թեման բարձրացվե՞լ է:

- Հայաստանն այսօր «Արևելյան գործընկերության» միակ երկիրն է, որը համարվում է ԵԱՏՄ լիիրավ անդամ և հարթ հարաբերություններ ունի Արևմուտքի հետ: Երբ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում էր նոր կառավարությանը, նա հայտարարեց, որ Երևանը կխորացնի հարաբերություններն ԱՄՆ-ի հետ:

- Կա կարծիք, որ Բաքուն կարող է միանալ ԵԱՏՄ-ին: Ինչպե՞ս է դրան վերաբերվում Հայաստանը:

- Ադրբեջանն այսօր այն երկիրն է, որը շրջափակում է Հայաստանը, միակողմանի միջոցներ է կիրառում Հայաստանի դեմ: Բաքուն այնպիսի քաղաքականություն է վարում, որն ուղղված չէ փոխհամագործակցությանը, վստահության մթնոլորտի ստեղծմանն ու մարդկային շփումների հաստատմանը: Հայաստանը դեմ է ԵԱՏՄ-ին Ադրբեջանի մասնակցությանը:

- Հնարավո՞ր է արդյոք տեսնել ուժեղ և կայուն Հայաստան՝ Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտության պայմաններում:

- Այդ հակամարտության կարգավորումն առաջնահերթություն է ոչ միայն մեր արտաքին քաղաքականության, այլ նաև պետականության համակարգի և անվտանգության համար: