Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

Զորամասում հայտնաբերվել է շուրջ 10 հազար անորակ վարտիք. նյութեր են նախապատրաստվում քրգործի հարուցման համար

Զորամասում հայտնաբերվել է շուրջ 10 հազար անորակ վարտիք. նյութեր են նախապատրաստվում քրգործի հարուցման համար
1423
Հինգշաբթի, 02 օգոստոսի, 2018 թ., 21:55

ՀՀ Պաշտպանության նախարարության N զորամասում հայտնաբերվել է անորակ վարտիքների մեծ խմբաքանակ, որոնք չեն համապատասխանում ՊՆ կարիքների համար ձեռք բերվող նմանատիպ ապրանքների տեխնիկական բնութագրերին: Այս մասին ասված է պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունում:

«ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության և ՊՆ ՌՈ աշխատանքային պլանի համաձայն զորքերում իրականացվող աշխատանքների շրջանակներում N զորամասում հայտնաբերվել են զինվորական վարտիքներ, որոնք բացարձակապես չեն համապատասխանում ՊՆ կարիքների համար ձեռք բերվող նմանատիպ ապրանքների տեխնիկական բնութագրերին և որոնց կրումը հարիր չէ զինծառայողներին:

Նախնական ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ նմանատիպ վարտիքների խմբաքանակ դեռևս 2017 թվականին փորձ է արվել մատակարարել պաշտպանության նախարարություն, սակայն ակնհայտ ցածրորակության պատճառով այն չի ընդունվել և վերադարձվել է մատակարար ընկերությանը: Այդուհանդերձ, նախաձեռնված ստուգումների արդյունքում այս պահին արդեն իսկ հայտնաբերվել է շուրջ 10 000 անորակ վարտիք։

ՀՀ պաշտպանության նախարարի խիստ հանձնարարականի համաձայն՝ զինված ուժերում այժմ ակտիվ ուսումնասիրություններ են ընթանում զորամասերում անորակ վարտիքների հայտնվելու հանգամանքները պարզելու, մեղավորներին բացահայտելու և օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու համար: Ընթանում է նախաքննություն, նախապատրաստվում են նյութեր՝ քրեական գործի հարուցման համար»,- ասված է հաղորդագրությունում: