Հինգշաբթի, 15 նոյեմբերի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +1 °C

«Իրանական դիրքորոշումների փոփոխության վերաբերյալ խոսելը, կարծում եմ, անտեղի է». Վարդան Ոսկանյան

«Իրանական դիրքորոշումների փոփոխության վերաբերյալ խոսելը, կարծում եմ, անտեղի է». Վարդան Ոսկանյան
44
Չորեքշաբթի, 31 հոկտեմբերի, 2018 թ., 13:10

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մեր իրանագետ գործընկերներից Artyom Tonoyan-ն արդեն գրառում է արել առ այն, որ Ստամբուլում արտգործնախարարների մակարդակով կայացած Թուրքիա-Իրան-Ադրբեջան 6-րդ եռակողմ հանդիպման հայտարարության մեջ արցախյան հիմնախնդիրն վերաբերող հատվածն, ըստ էության, ոչնչով չի տարբերվում անցյալ տարեվերջին Բաքվում նույն ձևաչափի շրջանակներում այդ երկրների ԱԳ նախարարների տարածած համատեղ հայտարարության տեքստից։

Հետևաբար, իրանական դիրքորոշումների փոփոխության վերաբերյալ խոսելը, կարծում եմ, անտեղի է։ Այս հանգամանքը սակայն դեռևս ինքնին չի նշանակում, որ պետք է հանգստանալ և դադարել նոր ուղղություններ փնտրել Իրանի հետ Հայաստանի գործակցության տիրույթում՝ թեկուզ հաշվի առնելով միայն այն, որ նման հանդիպումների փաստը ադրբեջանական կողմը զանազան մեքենայություններով, պետք է խոստովանել, բավական գրագետ օգտագործում է մեզ վրա քարոզչական ճնշում գործադրելու նպատակով։

Այս համատեքստում կուզենայի հիշեցնել, որ ժամանակին գոյություն ուներ Հայաստան-Իրան-Հունաստան բավական հետաքրքիր համագործակցության ձևաչափ, որի փաստացի վերակենդանացման ցանկության մասին դեռևս 2016թ․ հայտարարել էր նաև Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը։ Պակաս կարևոր չի լինի նաև Հայաստան-Վրաստան-Իրան, Հայաստան-Ռուսաստան-Իրան, Հայաստան-Թուրքմենստան-Իրան հնարավոր համագործակցության ձևաչափերի ստեղծումը, ինչը մեր պետության արտաքին քաղաքականությանը կարող է հաղորդել բոլորովին նոր լիցքեր և միևնույն ժամանակ ամրապնդել մեր դերակատարությունը ողջ տարածաշրջանում։

Ի վերջո, ըստ իս, պետք է հաղթահարել մեր շուրջ տեղի ունեցող զարգացումներին, թող ներվի ասել, «բերանը բաց դիտորդի» կարգավիճակով հետևելու մտայնությունը և հանդես գալ որպես առավել նախաձեռնողական և հանդուգն խաղացող»: