Երկուշաբթի, 10 դեկտեմբերի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Մենք պե՞տք ա գնանք դրան ու երկու Ռամիլ Սաֆարով վերադարձնենք Ադրբեջան». Ն. Փաշինյան

«Մենք պե՞տք ա գնանք դրան ու երկու Ռամիլ Սաֆարով վերադարձնենք Ադրբեջան». Ն. Փաշինյան
168
Երեքշաբթի, 20 նոյեմբերի, 2018 թ., 14:20

Օրեր շարունակ Բերդավան գյուղի բնակիչները բողոքի ակցիաներ են իրականացնում՝ իշխանություններից պահանջելով բանակցել և ետ վերադարձնել Բերդավանի 34-ամյա բնակիչ Կարեն Ղազարյանին, որը չորս ամիս է արդեն՝ Ադրբեջանում գերության մեջ է։ Ինչպես տեղեկացրել էինք, բերդավանցիները, իրենց խնդրի լուծման պահանջով, փակել էին գյուղի ճանապարհն ու Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է. «Ես դիմումը ստացել եմ, որ իրենք հանդիպում են ակնկալում և հանձնարարել եմ արդեն, որ այդ հանդիպումը կազմակերպեն: Այդ հարցը երբեք էլ մեր ուշադրությունից դուրս չի եղել. կինս երկու անգամ այցելել է այդ ընտանիքին: Այն օրվա ակցիան, ճիշտն ասած՝ հարց առաջացրեց ինձ մոտ և էդ հարցը հետևյալն էր՝ ո՞ւմ դեմ էր ուղղված այդ ակցիան: Եթե դա Ադրբեջանի իշխանության գործողությունների դեմ էր, ինչո՞ւ է այդ դեպքում փակվում էն ճանապարհը, որի փակումը Ադրբեջանի ստրատեգիական նպատակներից մեկն էր: Եթե այդ ակցիան մեր դեմ էր՝ նրա համար, որ մենք բավարար ուշադրություն չենք դարձնում խնդրին, էդ դեպքում հարց ա ծագում՝ ինչո՞ւ է վարչապետի կինը երկու անգամ այցելում ընտանիքին և արդյոք մենք ունենք այդպիսի նախադեպ: Եթե խոսքը նրա մասին է, որ Հայաստանը պետք է փոխանակման կամ ետ վերադարձնելու ուղղությամբ ջանքեր գործադրի, իհարկե, պետք ա գործադրի: Դա այդքան հեշտ և պարզ հարց չի: Մենք մի հատ էլ այդպիսի իրավիճակում գտնվող տղա ունենք, որը գտնվում ա գերության մեջ: Իսկ ինչո՞ւ նրա համար ճանապարհներ չեն փակում, որովհետև նա որբանոցի երեխայա, դրա՞ համար… Մենք ա՞յս տրամաբանությամբ ենք առաջնորդվում… Եթե մենք մեկը մեկին պիտի փոխանակենք, արդյոք էս տարբերակին հասնելու ի՞նչ եղանակներ կան… Ադրբեջանն առաջարկում ա բոլորը բոլորին, մենք պե՞տք ա գնանք դրան ու երկու Ռամիլ Սաֆարով վերադարձնենք Ադրբեջան…. Ես հասկանում եմ և, իհարկե, շատ մեծ հարգանքով եմ վերաբերում այդ ընտանիքի վշտին, բայց ես ուղիղ եմ ասում՝ հայ-վրացական ճանապարհը փակելը դա ինձ համար անհասկանալի էր»:

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ, 1984 թվականին ծնված Կարեն Ղազարյանն անհայտ պատճառներով հայտնվել է ադրբեջանական տարածքում: Ադրբեջանական կողմը տեղեկատվություն է տարածել, թե Ղազախի շրջանում հայկական կողմից դիվերսիոն ներթափանցման փորձ են կասեցրել ու գերեվարել «հայ հետախույզ»՝ 1984թ. ծնված Կարեն Ղազարյանին:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտնել էր, որ լուրը չի համապատասխանում իրականությանը, ապատեղեկատվություն է. «Կարեն Ղազարյանը Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ է, որևէ առնչություն չունի զինվորական ծառայության հետ, ունի առողջական խնդիրներ և 2013 թվականից հաշվառված է համապատասխան բուժհաստատությունում։ Կարեն Ղազարյանի ադրբեջանական տարածքում հայտնվելու հանգամանքները ճշտվում են»,- գրել էր նա։