Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Բանանցեցիների նկատմամբ կատարվում է թրքաբարո քայլ»․ բաց նամակ՝ Արթուր Վանեցյանին

«Բանանցեցիների նկատմամբ կատարվում է թրքաբարո քայլ»․ բաց նամակ՝ Արթուր Վանեցյանին
525
Երկուշաբթի, 05 օգոստոսի, 2019 թ., 19:10

Ադրբեջանական ԽՍՀ հայերի միավորում ՀԿ-ն բաց նամակով դիմել է ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանին․ «Մեծարգո պարոն Վանեցյան,

Ձեզ դիմում ենք աշխարհով մեկ սփռված բանանցեցիների անունից, որոնք ցեղասպանության արդյունքում փախստական դարձան 1988-92 թվականներին՝ կամայականորեն Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված հայաբնակ տարածքներում: «Բանանց ֆուտբոլային ակումբը հիմնադրել է 1992 թվականի հունվարի 20-ին՝ ներկայացնելով Կոտայքի մարզը: «Բանանց»-ն անվանակոչվել է հիմնադրի՝ Սարգիս Իսրայելյանի հարազատ գյուղի անունով», սա մի հատված է այդ ակումբի ստեղծման պատմությունից, որ տեղադրված է ակումբի կայքէջում:
Երբ մեզ հայտնի դարձավ, որ անցկացվում է անվանափոխության քվեարկություն, շատ զարմացանք, նախ ի՞նչն է դրդում նման քայլի, իսկ հետո էլ այն, որ քվեարկության մեջ չէր ներգրավված «Բանանց» տարբերակը կամ էլ հնարավորություն քվեարկելու անվանափոխելու դեմ, այսինքն քվեարկությունը ի սկզբանե անարդար էր կազմակերպված, և «Բանանց»-ի երկրպագուների մի մեծ ու գիտակից հատված չստացավ քվեարկելու հնարավորություն, ինչը մեզ քաջ ծանոթ՝ մոտակա անցյալի ատավիզմի արտահայտումն էր:
Մենք դիմեցինք գրավոր դիմումով ակումբին, որին արձագանքել են և հեռախոսով տեղեկացրել, որ անվանափոխություն չի լինի: Դրան հետևել է մեր շնորհակալական նամակը։
Բանանց գյուղը Գարդմանքի այն գյուղերից էր, որ հայտնի է իր Վեհամոր ավետարանով, որի վրա ձեռքը դնելով երդմնակալություն են արել մեր հանրապետության նախագահները, իր Եռախորան գորգով, որը հայկական գորգերի ամենահին օրինակն է և գտնվում է Վիեննայում՝ Ավստրիա­յի արդյունաբերու­թյան և արվեստի թանգարանում, Բանանցն հայտնի է իր բացառիկ քաղաքաշինությամբ և մանրակրկիտ ներկայացված է Սամվել Կարապետյանի «Հյուսիսային Արցախ» գրքում:
«Բանանց» ֆուտբոլային ակումբի խորհրդանիշ հանդիսացող արծիվը հիշեցնում է մեզ մի մշակութային ցեղասպանության ակտ դեռևս խորհրդային տարիներին: Առաջին հզոր ցնցումը Բանանցը ստացավ 1969-ին, երբ գիշերը ադրբեջանական իշխանությունները որոշեցին գողանալ Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին կանգնեցրած արծիվը: (Այդ արծվի հեղինակներն էին ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը և քանդակագործ Արա Հարությունյանը, և նման արծիվներ տեղադրվեցին Սարդարապատում:) Այդ օրերին բանանցեցիները մեծ հակադրման և բախումների մեջ էին տեղական թրքական իշխանությունների հետ, եղան զոհեր: Արծիվի աչքերում թուրքերը Անդրանիկի հայացքն էին տեսել, և այս խոսակցությունը հնչել էր նույնիսկ Մոսկվայում, երբ հայոց մայրերը Բանանցից հասան այնտեղ իրենց զոհված որդիների հիշատակի պղծման կապակցությամբ: Բայց պարզվեց, որ թուրքը հզոր է և Մոսկվայում:
Ու հիմա էլ վերանվանվում է ակումբը/թիմը: Ինչո՞ւ ադրբեջանցիներն ունեն «Քարաբախ» թիմը, իսկ մենք՝ հայերս, փոխանակ ունենալու ֆուտբոլային ակումբ ու թիմ՝ Բանանց, Գետաշեն, Գանձակ, Ագուլիս ու Նախիջևան, այսօր հետքայլ ենք անում:
Ինչո՞ւ մենք ցեղասպան Թուրքիայում թողած հայրենի հողերի անուններն օգտագործում ենք անվանակոչելիս, իսկ ցեղասպան Ադրբեջանում թողած հայրենի հողերի անունները ոտնահարում ենք:
Այն օրերին, երբ մեր հասարակական կազմակերպության գործունեությունն ուղիղ տարվում է Արցախյան բանակցային գործընթացի մեջ Ադրբեջանական ԽՍՀ-ից ավելի քան 700 000 հայերի հանդեպ տեղ գտած ցեղասպանության համատեքստում, երբ մենք 2011 թվականից բազում անգամ բարձրաձայնել և իշխանություններին ու միջազգային կառույցներին ներկայացրել ենք ազատագրված տարածքներում հայ փախստականների համար Բագվան քաղաքի կառուցման անհրաժեշտությունը, երբ մեր ջանքերով Ցեղասպանության
ինստիտուտ թանգարանում բացվեց Արևելյան Այսրկովկասի հայության ցեղասպանության բաժին, երբ կրկին մեր ջանքերի արդյունքում արդեն կառավարությունը հոգ է տանում ունենալու Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի պատմամշակութային ցուցադրություն, երբ մենք պատրաստվում ենք կրկին դիմելու կառավարությանը համահայկական խաղերին Գանձակի, Ագուլիսի, Գետաշենի դրոշներով մասնակցության համար, իսկ այսօր Բանանցի ու բանանցեցիների նկատմամբ կատարվում է աններելի թրքաբարո քայլ:
Սպորտն արտաքին քաղաքականության համար փափուկ ուժ է, ու այս վերանվանումը անհիմն և անհեռատես քայլ է:
Պարո՛ն Վանեցյան, խնդրում ենք Ձեզ միջնորդել, որպեսզի «Բանանց» ՖԱ-ի և թիմի անվանափոխության գործընթացը կասեցվի, որպեսզի ակումբը և թիմը շարունակեն կրել այդ վեհ ու պատվավոր անունը՝ ԲԱՆԱՆՑ:
Շնորհակալություն:
Մարիամ Ավագյան, Ադրբեջանական ԽՍՀ հայերի միավորում ՀԿ փոխնախագահ, Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող»։