Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Իշխանությունների առջև դժվարին խնդիր կա». Նարինե Դիլբարյան

«Իշխանությունների առջև դժվարին խնդիր կա». Նարինե Դիլբարյան
344
Չորեքշաբթի, 11 սեպտեմբերի, 2019 թ., 04:35

Լեզվաբան, բանասիրական գիտությունների թեկնածու Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանը վճիռ կայացրեց՝ բնապահպաններին ու նրանց աջակցող ժողովրդին առաջարկեց ապաշրջափակել Ամուլսարը, իր կառավարությունը չունի հիմքեր արգելափակելու «Լիդիանի» գործունեությունը: Առաջին ոչ ժողովրդահաճ որոշումը, որը կարող է հանգեցնել վարկանշային անկման, թիմում արդեն հակադիր տեսակետներ կան, սահմանազատվելու ժամանակն է, կոնսենսուս չկա: Դժվար է կանխատեսել, որ բնապահպանները և Ամուլսարի շահագործման հակառակորդները միանգամից կզիջեն դիրքերը: Ուստի իշխանությունների առջև դժվարին խնդիր կա՝ չտրվել ուժ կիրառելու գայթակղությանը, որին այնպես սպասում են ռևանշի ձգտող հին ուժերը, որոնց համակարգը դեռ կա և գործում է նորի իսպառ բացակայության պատճառով: Հանգուցալուծման քաղաքական ուղի է պետք, տագնապներ ու մտահոգություններ ունեցող հանրության հետ երկխոսություն-քննարկում է պետք, այս մի լայվը ոչինչ չի հանգուցալուծի, հանրությունը պահանջում է ոչ պոպուլիստական,գաղափարական երկխոսություն իր ձևավորած իշխանության հետ՝ հանուն տնտեսապես զարգացող, արդիական, արդյունաբերական, բայց և էկոլոգիապես անվտանգ պետության կառուցման նպատակի, իսկ դա պահանջում է հստակ գաղափարաբանություն, ոլորտային ծրագրեր, մասնագետների ներգրավում ու քաղաքական հաստատակամություն: Եկել է գաղափարախոսության ճշգրտման ժամանակը, մեզ ոչ թե կարգախոսային տնտեսական հեղափոխություն է պետք, այլ մասնագիտորեն հիմնավորված զարգացման ծրագիր, տնտեսության կառավարման մեջ պետության մասնակցության դերի մեծացմամբ, որն անմիջաբար կնշանակի քաղաքացիների դերի մեծացում»: