Շաբաթ, 07 դեկտեմբերի, 2019 թ.
|
Ստեփանակերտում`   -1 °C

Դատական համակարգը վստահության ճգնաժամ է ապրում. ԻՔՄ

Դատական համակարգը վստահության ճգնաժամ է ապրում. ԻՔՄ
57
Չորեքշաբթի, 27 նոյեմբերի, 2019 թ., 14:05

«Իրազեկ քաղաքացիների միավորման» հոդվածը՝ «Դատական համակարգը վստահության ճգնաժամ է ապրում» թեմայով:
Հայաստանի դատական համակարգը կարիք ունի էական բարեփոխումների, ինչի մասին վկայում են վերջերս արված ուսումնասիրության արդյունքները, համաձայն որոնց, ՀՀ դատական համակարգը բոլոր պետական կառույցներից ամենաքիչ վստահությունն ունի բնակչության շրջանում։

Ավելին, դատարաններից քիչ հայաստանցիները վստահում են միայն կուսակցություններին, սակայն եթե կուսակցական ինստիտուտների նկատմամբ վստահությունը կարող է պայմանավորված լինել քաղաքական ինչ-ինչ զարգացումներով և պատմությամբ, ապա դատական համակարգի նկատմամբ վստահության պակասը վկայում է պետության հիմնասյուներից մեկի ձախողման մասին։

Վստահության պատկերը

«Իրազեկ քաղաքացիների միավորման» պատվիրած և «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ-ի կողմից իրականացված ՀՀ մեդիայի սպառման և ապատեղեկացվածության մակարդակի ուսումնասիրությունը հնարավորություն է տվել պարզելու, թե որ կառույցներին են վստահում ՀՀ քաղաքացիները, օրինակ՝ Ազգային ժողովին, ոստիկանությանը, ՀՀ նախագահին, վարչապետին և այլն։

Ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ ամենաշատը ՀՀ քաղաքացիները վստահում են Զինված ուժերին (60.4%), ՀՀ վարչապետին (52.8%), ՀՀ նախագահին (45.5%), ԱԱԾ-ին (34.8%), կառավարությանը (18.6%) և ոստիկանությանը (17.4%)։

Ավելի քիչ, ՀՀ քաղաքացիները վստահում են Ազգային ժողովին (8.1%), ԶԼՄ-ներին (7.2%), իրավապաշտպան ՀԿ-ներին (6.8%), դատական համակարգին (6.6%) և կուսակցություններին (1.9%)։

Հարկ է ընդգծել, սակայն, որ վստահության համաթվերը, այսինքն՝ ընդհանուր դրական կամ բացասական գնահատականները դիտարկելիս պարզվում է, որ բոլոր վերոնշյալ կառույցներից բացասական ցուցիչներ ունեն միայն դատական համակարգը, կուսակցություններն ու ԶԼՄ-ները, իսկ ամենաբացասական համաթիվը հենց դատական համակարգինն է։ Այսինքն՝ այս համաթվերը կազմելիս հաշվի են առնվել ինչպես միանշանակ դրական կամ բացասական պատասխանները (վստահում եմ կամ չեմ վստահում), այնպես էլ ոչ միանշանակ պատասխանները (որոշ չափով վստահում եմ կամ այդքան էլ չեմ վստահում)։

Ստորև ներկայացվող համաթվերը բացասական ցուցիչներով են, այսինքն՝ դատական համակարգի համաթվերն ամբողջովին բացասական են և խոսքը գնում է բացասական միջակայքում ավելի շատ կամ ավելի քիչ լինելու մասին։

Ովքեր չեն վստահում դատական համակարգին

Ինչպես վերը նշեցինք, այս տարբեր կառույցների նկատմամբ ՀՀ քաղաքացիների վստահության պատկերն առավելապես մտահոգիչ է դատական համակարգի նկատմամբ եղած վստահության ցածր մակարդակի պատճառով։

Ըստ ուսումնասիրության արդյունքների՝ դատական համակարգի նկատմամբ վստահությունն ամենացածրն է Երևանում (-0.35) և Արագածոտնի մարզում (-0.33), իսկ ամենաբարձրը՝ Վայոց ձորում (0.06)։ Ընդ որում՝ դատական համակարգի նկատմամբ վստահությունն ավելի ցածր է քաղաքային բնակավայրերում (-0.28), քան գյուղական (-0.08)։ Դատական համակարգին ավելի քիչ են վստահում տղամարդիկ (-0.32), քան կանայք (-0.17)։ Ուշագրավ է, որ դատական համակարգի նկատմամբ առավել քիչ վստահություն ունեն երիտասարդները՝ 18-25 տարեկան (-0.3), և տարեցները՝ 61 և ավելի տարեկան (-0.28)։ Վստահության ամենաբարձր ցուցիչը 36-45 տարեկանների խմբում է (-0.13)։

Ինչ վերաբերում է ուսումնասիրության արդյունքներին, ըստ կրթական մակարդակի, ապա բարձրագույն կրթությամբ և գիտական աստիճան ունեցող անձինք ամենաքիչն են վստահում դատական համակարգին (-0.36), նույնը վերաբերում է նաև տարրական կրթություն ունեցողներին (-0.3), իսկ դատական համակարգի նկատմամբ վստահությունն առավել բարձր է միջնակարգ կրթություն ունեցողների շարքում (-0.13)։

Թերևս նույն տրամաբանությամբ էլ դատական համակարգին ավելի քիչ վստահում են մարդիկ, որոնց եկամուտներն ավել են ամսական 600 հազար դրամից (-0.46), իսկ ավելի մեծ վստահություն ունեն 65 հազարից մինչև 150 հազար և 150 հազարից մինչև 350 հազար դրամ եկամուտ ունեցողները (-0.20)։

Ամփոփելով պատկերը՝ կարող ենք արձանագրել, որ քաղհասարակության կազմակերպությունների կողմից տարիներ շարունակ դատական համակարգի բարեփոխման վերաբերյալ բարձրացվող մտահոգություններն առավել քան տեղին են, և իրականում պետական կարևորագույն ինստիտուտներից մեկը վստահության ճգնաժամ է ապրում։ Չնայած որոշակի տարբերությունների՝ կարելի է պնդել, որ դատական համակարգի նկատմամբ վստահության բացակայությունը դրսևորվում է հասարակության բոլոր շերտերում և խավերում, ինչը սթափեցնող ահազանգ է այդ համակարգում անհետաձգելի փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին։