Հինգշաբթի, 06 օգոստոսի, 2020 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

Ի՞նչ է հայաստանցիներին սպասվում 2020 թվականի հունվարի 1-ից հետո

Ի՞նչ է հայաստանցիներին սպասվում 2020 թվականի հունվարի 1-ից հետո
600
Չորեքշաբթի, 01 հունվարի, 2020 թ., 10:55

2020 թվականի հունվարի 1-ից ՀՀ-ում նվազագույն աշխատավարձը կկազմի 68 հազար դրամ՝ նախկին 55 հազարի փոխարեն։ Բարձրացումը վերաբերում է մոտ 187 հազար քաղաքացու աշխատավարձին:

***

2020 թվականի հունվարի 1-ից կբարձրանա նաև նվազագույն կենսաթոշակի չափը՝ 25500 դրամից դառնալով 26500 դրամ:

2 հազար դրամով կբարձրանա աշխատանքային և զինվորական կենսաթոշակի չափը՝ դառնալով 18000 դրամ նախկին 16000 դրամի փոխարեն: Բարձրացել են նաև աշխատանքային և զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքները. աշխատանքայինը առաջին տասը տարվա համար՝ 950 դրամ է՝ նախկին 800 դրամի փոխարեն, իսկ զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը՝ 1600 դրամ՝ նախկին 1500 դրամի փոխարեն: Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը՝ առաջին խմբի հաշմանդամի համար՝ կլինի 40 հազար դրամ՝ 36 հազարի փոխարեն: Երկրորդ և երրորդ խմբերի հաշմանդամների կենսցաթոշակները համապատասխանաբար կկազմեն համար՝ 30 հազար դրամ (նախկին 26000 դրամի փոխարեն) և 27 հազար դրամ (նախկին 25500 դրամի փոխարեն):

Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը՝ 1500 դրամով կավելանա՝ դառնալով 27 հազար դրամ, երկու ծնողին կորցրած՝ 18 տարին չլրացած երեխայի (կամ առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակի) դեպքում նպաստը 80 հազարից կդառնա 90 հազար դրամ:

Կավելանան նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը՝ դրանք սահմանելով 26500 դրամ (25500 դրամի փոխարեն), իսկ երկու ծնողին կորցրած՝ 18 տարին չլրացած երեխայի (կամ առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակի) դեպքում՝ 90000 դրամ (80000 դրամի փոխարեն):

***

2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանն անցնում է եկամտի հարկման համահարթ համակարգի: Եկամտահարկը կկազմի 23 տոկոս, 2021-ի հունվարի 1-ից՝ 22 տոկոս, 2022-ի հունվարի 1-ից՝ 21 տոկոս, 2023-ի հունվարի 1-ից՝ 20 տոկոս: Դրան զուգահեռ փոփոխություններ կան նաև կուտակային կենսաթոշակային համակարգում: Եթե այժմ քաղաքացին իր աշխատավարձից վճարում է 2.5 տոկոս պարտադիր վճար, իսկ պետությունը՝ 7.5 տոկոս, ապա աստիճանաբար 2023 թվականին այն կհավասարեցվի: Մասնավորապես, 2020 թվականից քաղաքացին կվճարի 3.5 տոկոս, հաջորդ տարի 4.5 տոկոս, իսկ արդեն 2023 թվականին՝ 5 տոկոս»:

***

2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանում կգործի միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգ: Միկրոբիզնեսով կզբաղվեն նրանք, ովքեր ունեն մինչև 24 մլն դրամի շրջանառություն: Նորություն կա նաև ընտանեկան ձեռնարկատիրության առումով: Եթե նախկինում դրանում ընդգրվում էին միայն ընտանիքի անդամները, ապա փոփոխությամբ հնարավոր կլինի այդ ձեռնարկատիրության մեջ ընդգրկել ցանկացած մարդու՝ որպես վարձու աշխատող, իսկ ընտանիքի անդամներն էլ ձևակերպվելու են որպես աշխատակիցներ:

2020թ. այլևս չի լինելու արտոնագրային հարկը: Այս համակարգում գործողները կտեղափոխվեն ընդհանուր հարկման կամ միկրոձեռնարկատիրության դաշտ:

***

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում կայանման արժեքը 2020-ի հունվարի 15-ից կթանկանա: Դրամարկղում վճարող քաղաքացիների համար 1 ժամվա կայանման դեպքում կսահմանվի 800 դրամ, 1-5 օր կայանելու համար՝ օրական 3000 դրամ, 5-30 օրվա կայանումն օրական կարժենա 15 հազար դրամ:

Այժմ «Զվարթնոցում» մեկ ժամ մեքենա կայանելու համար նախատեսված է 500 դրամ, ընդ որում մեքենան 10 րոպե կայանել հնարավոր է անվճար: Եթե մեքենան կայանվում է 1-5 օր, օրական վճարվում է 2000 դրամ, 5-30 օրվա կայանումն արժե 10 հազար դրամ:

***

2020 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու տուգանային միավորների նոր համակարգը:

Հիշեցնենք, որ համակարգի համաձայն՝ վարորդին տարեսկզբին 9 միավոր է տրամադրվում: Եթե 1 տարվա ընթացքում խախտումների արդյունքում 9 միավորները սպառվում են, ապա 6 ամիս ժամկետով կասեցվում է վարորդական իրավունքը: Նշյալ 6 ամիս ժամկետի կեսը լրանալուց հետո վարորդը կստանա տեսական քննություն հանձնելու և վարելու իրավունքը վերականգնելու հնարավորություն: Տեսական քննություն չհանձնելու դեպքում 6 ամսից հետո վերականգնվում է վարելու իրավունքը, և կրկին 9 միավոր է տրվում: Մեկ տարվա ընթացքում 9 միավորը կրկին սպառելուց հետո վարորդը վարորդական իրավունքից զրկվելու է 1 տարի ժամկետով, և այն վերականգնելու համար վարորդը պարտավոր է լինելու քննություն հանձնել: Տուգանային միավորներ են նախատեսված 100 խախտումներից 25-ի համար:

Ըստ համակարգի դրույթներից մեկի՝ քրեական պատասխանատվության կենթարկվեն նրանք, ում վարորդական իրավունքը կասեցված են, սակայն մեքենա են վարել:

Հունվարի 1-ին կսկսի գործել նաև roadpolice.am կայքը։ Այստեղ հնարավոր կլինի սեփականության իրավունքով մի անձի պատկանող մեքենային կցել մեկ այլ վարորդի, որպեսզի տուգանային միավորներ հանվեն մեքենան վարողից։