Կիրակի, 15 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Երկիրը «պատերազմի» մեջ է, իսկ բուժաշխատողները՝ առաջնագծում». ԱՆ նախարար

«Երկիրը «պատերազմի» մեջ է, իսկ բուժաշխատողները՝ առաջնագծում». ԱՆ նախարար
483
Կիրակի, 21 հունիսի, 2020 թ., 12:35

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ուղերձը՝ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ.

«Այսօր բուժաշխատողի օրն է, սակայն նրանց մեծ մասն այն կանցկացնի պացիենտի կողքին, պացիենտի հետ:

Ստեղծվել է մի իրավիճակ, երբ կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված՝ երկիրը «պատերազմի» մեջ է, իսկ բուժաշխատողներն՝ առաջնագծում:

Այն առօրյան, որն անցկացնում և ապրում է բուժանձնակազմը՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտն է, վերջինիս կյանքի համար պայքարելը: Եվ, ցավոք, երբեմն այդ կռվում հաղթել չի ստացվում: Իհարկե, գերակշռում են դեպքերը, երբ բուժաշխատողները տեսնում են պացիենտների հուսավառ աչքերը և ապաքինումը:

Շուրջ 4 ամիս է, ինչ առողջապահական համակարգը լծված է համաճարակին դիմակայելու, կյանքեր փրկելու և իրավիճակը կայունացնելու գերնպատակին: Ես վստահ եմ՝ մենք հաջողելու ենք և մի օր հետհայացք ենք նետելու այս օրերին, որպես պարտված մի մարտահրավերի:

Ձեզնից շատերը հիվանդացել են, սակայն դա էլ չի կանգնեցրել ձեզ. վերադարձել եք աշխատանքի՝ ավելի մարտունակ: Ցավոք, նաև ունեցել ենք կորուստ: Բուժաշխատողներն ամեն օր հագնում են ծանր, անհարմար արտահագուստը և այս պայմաններում 8 և ավելի ժամ շրջում բաժանմունքներով, կատարում իրենց աշխատանքը՝ հույսով, որ մեր համաքաղաքացիները կաջակցեն նրանց պահպանելով երեք պարզ կանոն. պարբերաբար կախտահանեն ձեռքերը, կկրեն դիմակ և կպահպանեն սոցիալական հեռավորություն:

Սիրելի գործընկերներ, շնորհակալ եմ ձեր կատարած աշխատանքի համար: Այստեղ նույնիսկ բառերն ավելորդ են: Կրկին ու կրկին շնորհակալ ենք:

Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ և մաղթում քաջառողջություն: Թող սխրանքները ձեր գործի անբաժանելի մասը կազմեն»: