«Ինչո՞ւ են Թուրքիան ու Ադրբեջանը լկտիության աստիճան անկաշկանդ». Հրանտ Խաչատրյան
859
Երեքշաբթի, 13 հոկտեմբերի, 2020 թ., 03:10
ՍԻՄ նախկին նախագահ Հրանտ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ - ԴԵ ՅՈՒՐԵ ՈՒ ԴԵ ՖԱԿՏՈ ԱՄԵՆ ԻՆՉ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ - ԻՆՔՆԱԱՌԱՋԱԴՐՈՒՄ Հարց․ «Ինչո՞ւ են Թուրքիան ու Ադրբեջանը լկտիության աստիճան անկաշկանդ, զանգվածաբար գրոհում Արցախի հանրապետության (ԱՀ) բոլոր տարածքները, ու միայն հազվադեպ, զգուշավոր հարվածներ են հասցնում ՀՀ սահմանամերձ բնակավայրերին»։ ԴԵ ՅՈՒՐԵ - ՀՀ-ն միջազգայնորեն ճանաչված (ՄԱԿ-ի անդամ) պետություն է ու օգտվում է միջազգային իրավունքով պետություններին շնորհված բոլոր, մասնավորապես սահմանների անձեռնմխելիության ու տարածքի ամբողջականության իրավունքներից։ ԱՀ ներկա կարգավիճակը միջազգայնորեն ճանաչված չէ ու միջազգային իրավունքի տեսանկյունից կարող է օգտվել միայն ԱՀ բնակչությանը վերապահված հումանիտար իրավունքներից։ ______ Ներկայումս պաշտոնապես գործող աշխարհակարգը հաստատվել է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Ըստ դրա,միջազգային իրավունքի նորմերը սահմանված են ՄԱԿ-ի կանոնադրությամբ, իսկ հետագայում հարստացվել են մի շարք (հիմնականում Վիեննայի) կոնվենցիաներով ու այլ միջազգային փաստաթղթերով։ Հայաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան ՄԱԿ-ի անդամ պետություններ են։ (հղումները մեկնաբանությունում)։ ԴԵ ՖԱԿՏՈ - Նախորդ դարի վերջին տասնամյակներին ակտիվացել են ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԻ ձևավորման ակտիվ գործընթացներ, որոնց արդյունքում թուլացվել է միջազգային իրավուքի նորմերի՝ ըստ էության կիրառումը, իսկ միջազգային կազմակերպություններն ավելի հաճախակի են ծառայեցվել նոր աշխարհակարգի կողմնակից աշխարհաքաղաքական կենտրոնների նեղ շահերին։ Ստեղծված իրավիճակում մի շարք երկրներ (1991 թվականից նաև Հայաստանը) ոչ ճիշտ գնահատելով սեփական ռեսուրսները, շտապեցին հրաժարվել միջազգային իրավունքի հովանու առավելություններից ու տուրք տվեցին նոր աշխարհակարգի չգրված խաղի կանոններին։ Հայաստանը, մասնավորապես, միջազգային իրավունքի նորմերին լիակատար համապատասխանեցված Արցախի վերամիավորման հաջող գործընթացը շուռ տվեց Արցախի անկախ հանրապետության հռչակման ու դրա միջազգային ճանաչումը հետապնդելու չկանոնակարգված հունի մեջ։ Այդ միջավայրում Թուրքիան արևմուտքի հովանու տակ զարգացրել է իր հինվուրց ծավալապաշտական ծրագրերն ու փորձում է դրանք իրագործել ստեղծված դե ֆակտո իրականության մեջ։ 1990 - ականներից ի վեր Թուրքիայի գլխավոր նպատակն է եղել Հայաստանի վրայով ցամաքային կամուրջ գցել դեպի Ադրբեջան ու Միջին Ասիա։ Միաժամանակ հատկանշական է, որ Թուրքիան, այնուամենայնիվ, իրեն հիմնականում պահում է միջազգային իրավունքի գրված նորմերի շրջանակներում՝ վարպետորեն ու նենգորեն շահարկելով հայկական կողմի՝ միջազգային իրավունքի ծածկոցից դուրս մնացած կողմերը։ «Արցախը Հայաստան է» կարգախոսով լայնածավալ ռազմական գործողությունների ֆոնին ԱՀ ճանաչման սկսված գործընթացը Արցախը միջազգային իրավունքի հովանու տակ բերելու նոր փորձ է՝ ըստ էության «Միացում ԱՀ միջազգային ճանաչման ճանապարհով» սցենար։ Թե որքանով է դա իրատեսական ու արդյունավետ, հրապարակային քննարկման ենթակա չէ։ Ջանքեր եմ գործադրում որպես փորձագետ պետական մակարդակով դռնփակ քննարկումներին մասնակցելու համար։ Խնդրում եմ բոլոր համախոհներիս՝ վերածվել աջակիցների ու հնարավոր ջանքերով օժանդակել ինձ՝ համազգային մոբիլիզացիայի պայմաններում անհատական ներդրումս կատարելու երկրի ու ժողովրդի համար վճռական պահին՝ գիտելիքներս ու բազմամյա փորձս փոխանցել պետական համակարգի ներկա սերնդին։ ------------------------------------------------- Համառոտ տեղեկանք 1988 - 2008 թ․թ․ ակտիվ քաղաքական գործունեության ընթացքում․ Երեք անգամ երկրի խորհրդարանում վճռական ձայնի իրավունքի մանդատ եմ ստացել ժողովրդից։ Մշտապես լինելով ընդդիմադիր դաշտում եղել եմ ԳԽ Անկախ պետականության ու ազգային քաղաքականության հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղարը, երկու անգամ ԱԺ Պաշտպանության, ներքին գործերի ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Խորհրդարանների կողմից ընտրվել եմ մի շարք ժամանակավոր հանձնաժողովների կազմում։ Հայաստանի, ներառյալ Արցախի իրավունքները պաշտպանել եմ որպես ԱՊՀ միջպառլամենտական ասամբլեայի նիստերի ու ՆԱՏՕ-ի սեմինարների մասնակից։ Որպես կուսակցության ղեկավար Արցախի ու անկախության թեմաներով հանդես եմ եկել միջազգային խոշոր կոնֆերանսների ու թեմատիկ սեմինարների ամբիոններից, մասնակցել եմ մասնագիտական խմբերի «ուղեղային գրոհների» ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Հնդկաստանում, Լիտվայում ու Վրաստանում։ Հնդիպումներ եմ ունեցել հայկական սփյուռքի կազմակերպությունների ու համայնքների ներկայացուցիչների հետ։ Հավասարապես ընդունված եմ եղել ՀՀ-ում օտարերկրյա ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների ու հատուկ էմիսարների կողմից։ Արցախյան ազատամարտի բովում ծնված ու անկախության դրոշը բարձրացրած առաջին կուսակցություններից մեկի ու նրա «Իրավունք» թերթի համահիմնադիրն եմ։ Վճռական հավասար ձայնի իրավունքով ներկայացրել եմ ՍԻՄ կուսակցությունը ընդդիմադիր բոլոր դաշինքներում։ Կոնֆլիկտային անձնավորություն չեմ, թիմային աշխատանքում ճանաչվել եմ որպես աշխատանքների համակարգող ու ընդհանուր մտքերի համաձայնեցնող։ Ակտիվ քաղաքականությունից դուրս գալուց հետո նախաձեռնել ու մասնակցել եմ մի շարք բարձր տեխնոլոգիական նախագծերի։ 2008 թվականից ներդրում ունեմ ԱՏՁՄ ծրագրերում։ Իմ քաղաքական թիմի համահիմնադիր, հետագայում ԻՏՁՄ / ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կ․ Վարդանյանի կողմից որպես ԻԿՏ մասնագետ-փորձագետ ներգրավվել եմ զարգացման հայեցակարգերի մշակման, ռազմարդյունաբերության ոլորտում պետություն - մասնավոր համագործակցության հաստատմանն ուղղված ՊՆ ստորաբաժանումների հետ անցկացվող գործնական քննարկումներին։ 2012 թվականից, որպես «Սայմոտեկ» ընկերության աշխատակից (ինժեներ-ծրագրավորող) մասնակցել եմ «Արմաթ» ԻԼ-երի համար ուսումնական ռոբոտաշինության հավաքածուների սարքա-ծրագրային համալիրի մշակմանն ու արտադրության կազմակերպմանը։ Բարոյապես կայուն եմ՝ ունեմ ընտանիք ու կայացած հասուն զավակներ։ Կոռուպցիոն ու ստվերային գործառույթներում չեմ նկատվել։ Քրեական հոդվածներով մի քանի դատվածությունս մարված է՝ կապված է եղել ինձ ու իմ քաղաքական թիմին ասպարեզից դուրս մղելու հետ։ Զինվորական ծառայություն չեմ անցել․ Մինչև տարիքս լրանալը գրանցված եմ եղել որպես պահեստազորի սպա (ավագ լեյտենանտ) հեռավոր ռադիոկապի վաշտի հրամանատար ռազմա-հաշվարկային մասնագիտությամբ։ Ներկա քաղաքական դաշտի հանդեպ պահպանում եմ պետականամետ դրական չեզոքություն։ Տիրապետում եմ պետական գաղտնիքի պահպանության սկզբունքներին։ Առողջ եմ, բավարար աշխատունակ, գտնվում եմ սթափ վիճակում»։