Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Եթե հանրությունը տեսներ այլընտրանք, մեկ ժամ անգամ այս իշխանության իզն ու թոզը չէր մնա». Սաքունց

«Եթե հանրությունը տեսներ այլընտրանք, մեկ ժամ անգամ այս իշխանության իզն ու թոզը չէր մնա». Սաքունց
239
Կիրակի, 20 դեկտեմբերի, 2020 թ., 18:00

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի գրառումը. «Մի անգամ ասել եմ, հիշեցնեմ. եթե հանրությունը տեսներ այլընտրանք ներկա իշխանությանը, ապա մեկ ժամ անգամ այս իշխանության իզն ու թոզը չէր մնա։
Եվ ներկա ճգնաժամի բուն պատճառը այդ այլընտրանքի բացակայությունն է։ Նրանք ովքեր իրենց պատեպատ են տալիս, թե մենք ենք այլընտրանքը, հասարակությունը չի ընդունում որպես այլընտրանք։ Սա փաստ է։ Ինչո՞ւ։ Որովհետև որպես այլընտրանք հանդես գալու հիմնավորումը ներկայացվում է միմիայն ներկա իշխանության քննադատությունը։
Պարզ ասեմ, պետք չի ջանքեր, էներգիա, ժամանակ ծախսել, վատնել համոզելու համար հանրությանը ներկա իշխանության անկարողության մեջ։ Հատկապես նրանց, հակաժողովրդավարական խմբակների մասին է խոսքը, որոնց ոչ խոսքը, ոչ ասածը գրոշի արժեք չունեն հանրության համար, քանի որ ընդմիշտ պատմության արխիվ են ուղարկվել այդ նույն հանրության կողմից։
Ավելին, հանրությանը փորձել համոզելու ներկա իշխանության անկարողության մեջ, նշանակում է, մեղմ ասած, թերագնահատել այդ նույն հանրության հասկանալու, վերլուծելու կարողությունը։ Եվ ինքնին համոզելու համար նման ջանքերը հանրության կողմից կարող է ընկալվել նույնիսկ անհարգալից վերաբերմունք իր նկատմամբ։
Հանրությունը ակնկալում է ավելի լավ, ոչ թե ավելի վատ առաջարկ։ Հայաստանի հանրությունն իր էությամբ շատ ավելի առաջ է գնացել, որպեսզի ընդունի որևէ վատ կամ կրկնվող կամ իր բնույթով, բովանդակությամբ հակաժողովրդավարական առաջարկ։
Որպես այլընտրանք կարող լինել նա, ով կներկայացնի կարճաժամկետ ծրագիր, թե այս պահին ինչ և ինչպիսի գործողություններ, քայլեր պետք է կատարել, ինչ որոշումներ պետք է ընդունվեն, այս անվստահությունը հաղթահարելու կամ ճգնաժամային իրավիճակից դուրս գալու համար, միջնաժամկետ և երկարաժամկետ՝ չորս տարվա հատվածով ամբողջական ծրագիր, ճգնաժամի պատճառը հանդիսացող խնդիրները լուծելու և զարգացման ճանապարհ դուրս գալու համար։
Կարճ ասած, տվեք հենման կետ հանրությանը, ինքը կհենվի ու որոշում կկայացնի։
Մի բան պարզ է, նման առաջարկի ձևավորման համար անհրաժեշտ ներուժ ոչ մի քաղաքական ուժ կամ խմբակ չունի։ Խոսքս հատկապես նոր, դեռևս գործադիր իշխանության փորձ չունեցողների մասին է։
Միակ տարբերակը ժողովրդավարական ռեսուրսների՝ անկախ կուսակցական պատկանելությունից խորհրդակցությունների ծավալումն է, հարթակի ձևավորումն է, նման առաջարկ մշակելու և հանրությանը ներկայացնելու համար։
Հանրային հարթակը պետք ազատագրել ժամանակին պետությունը զավթածներից և իշխանությունը կորցրածներից, որը հնարավոր է ոչ թե նրանց հետ անպտուղ բանավեճի մեջ մտնելով, ժամանակ ու էներգիա, ռեսուրս վատնելով, այլ հանրությանը սեփական առաջարկ ձևավորելով և այն հանրությանը ներկայացնելու միջոցով»: