«Նիկոլն ու իր արքունիքը ռազմագերիների ծնողներին գրեթե համոզել էին»․ Նաիրա Զոհրաբյան
288
Երկուշաբթի, 11 հունվարի, 2021 թ., 21:05
ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռազմագերիների հարցը չլուծվեց Չորս ժամ առանձնազրույցից հետո Ալիևը հայտարարեց, որ ինքը բավարարված է և որ իրենց համար ամենակարևոր հարցը՝ կոմունիկացիաների և տրանսպորտային արտերիաների ապաշրջափակման հարցը լուծված է։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ռազմագերիների հարցը չհաջողվեց լուծել։ Հիշեցնեմ, որ Մոսկվա մեկնելուց առաջ Նիկոլ Փաշինյանը գրեց, որ իր համար նոյեմբերի 10-ի հայտարարության հետագա իրագործման առաջնահերթությունը գերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինների լիարժեք փոխանակումն են։ Իսկ նիկոլականությունը խրոխտ հայտարարում էր, թե որևէ հարց չի կարող քննարկվել, եթե այդ հարցում չլինի կոնսեսուս։ Կոնսեսուս, ինչպես տեսանք, չեղավ, ու Մոսկվայում ստորագրված համատեղ հայտարարությունը բացառապես նոյեմբերի 10-ի խայտառակ թղթի 9-րդ կետի իրագործման ճանապարհային քարտեզն էր՝ կոմունիկացիաների ապահովում և տրանսպորտային ճանապարհների ապաշրջափակում։ Հա, չմոռանամ հիշեցնել, որ Նիկոլն ու իր արքունիքը ռազմագերիների ծնողներին գրեթե համոզել էին, որ իրենց որդիները Բաքվում « чуть ли не» ինքնաթիռում նստած են ու հեսա-հեսա կհասնեին Երևան, եթե իշխանատենչ ընդդիմությունը հանրահավաքներ չաներ։ Ավելին, ռազմագերիների մի քանի ծնող էլ, հիշում եք, հավատալով սույն թեզի կոնստանտ մեծություն լինելուն, եկան ու կառավարության դիմաց հանրահավաք անող ընդդիմադիրներիս ամոթանք տվեցին, թե ինչի՞ ենք խանգարում իրենց որդիներին վերադարձնող Նիկոլին։ Մինչդեռ, իրենց որդիների վերադարձին խանգարող մեկ մարդ կա ու այդ մեկ մարդու անունը Նիկոլ է։ Ու այդ մեկ մարդն էր, որ նոյեմբերի 10-ին ստորագրված կապիտուլյացիայի թղթում, երբ հանձնում էր Արցախը, չկարողացավ գոնե հանձնված Արցախի դիմաց մի տող ամրագրեր, որ մեր ռազմագերիները առանց որևէ նախապայմանի և օր առաջ պիտի վերադարձվեն։ Ու քանի որ չարեց, Ալիևը հայտարարում է, որ գերեվարվածները դիվերսանտներ են, իսկ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարն ու ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցիչը նամակների տեղատարափով միջազգային հանրությանը համոզում են, որ Հադրութի շրջանում հակաահաբեկչական գործողություն են իրականացրել ու գերեվարված 62 շիրակցիները դիվերսանտներ են։ Մինչդեռ, գերեվարված մեր հայրենակիցները ռազմագերիներ են և Ժնևի 3-րդ կոնվենցիայով նրանք չեն կարող որևէ քրեական հետապնդման ենթարկվել կամ կալանավորվել, ու պետք է անհապաղ ազատ արձակվեն և վերադարձվեն հայրենիք»։