Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Սա Բաքվի օգտին Երևանի սրտում կատարված հակահայկական դիվերսիա է». Հայկ Մարտիրոսյան

«Սա Բաքվի օգտին Երևանի սրտում կատարված հակահայկական դիվերսիա է». Հայկ Մարտիրոսյան
323
Շաբաթ, 13 փետրվարի, 2021 թ., 02:10

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հրեական ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված երևանյան համեստ հուշարձանի պղծումը սոսկ վանդալիզմի ակտ չէ:
Եվ ոչ էլ հատկապես «վրեժ» է՝ պատերազմում Բաքվին ցուցաբերված օժանդակության համար, ինչպես կարծում են որոշ անուղեղներ:
Դա իրականում ուղղակի Բաքվի օգտին Երևանի սրտում կատարված հակահայկական, հակահայաստանյան դիվերսիա է:
Դա նաև պղծում է ոչ միայն հրեական Հոլոքոսթի, այլև բոլոր այլ ցեղասպանությունների անմեղ զոհերի հիշատակը, այդ թվում և մեր՝ հայերիս:
Այս զազրելի վանդալիզմով Բաքվին շատ արդյունավետ և զորեղ խաղաքարտ է տրվում՝ Իսրայելին և հրեա հասարակությանը համոզելու, որ Հայաստանն իբրև թե հակասեմիտական հասարակություն է և արդյունքում հրեական աշխարհում արդեն իրական, իրականում մինչ այս պահը գոյություն չունեցող հակահայկական տրամադրություններ սերմանելու համար:
Իր հերթին՝ սրան Իսրայելի պետությունը կարող է շատ լուրջ վերաբերվել և սկսել այլևս իսրայելա-ադրբեջանական համագործակցությունը դիտարկել ոչ միայն հակաիրանական և Ադրբեջանի հետ դաշնակցային հարաբերությունների տիրույթում, այլ նաև՝ արդեն սեփական շահերի և Հայաստանում հակահրեականության դեմ հակազդեցության համատեքստում:
Եվ փոխանակ Իսրայելի պես հզոր տարածաշրջանային և միջազգային խաղացողի հետ որոշակի շփման կետեր գտնելու, որոնք կկարողանային գոնե փոքր ինչ հակակշռել Ադրբեջանի հետ կառուցվող բարեկամությանը, հիմա թշնամական դրսևորում է տեղի ունենում:
Բացի դրանից՝ սա խիստ վարկաբեկիչ է աշխարհում Հայաստանի կերպարի առումով և հուշարձանների ոչնչացման հարցում մեզ առաջին անգամ կարող է նմանեցնել մեր թշնամուն:
Եթե կան Հայաստանում մարդիկ, որ կարծում են, թե ցեղասպանության զոհերի հուշարձան պղծելով «վրեժ» են լուծում՝ դա մեր ողբերգությունն է: Բայց պակաս ողբերգություն չէ այն, որ մեզանում շատերն անգամ չեն գիտակցում, որ սա խիստ վարկաբեկիչ և թշնամուն անչափ ձեռնտու հանցագործություն է, որ եթե Բաքվի պատվերով չի արվել՝ ապա հաստատ հստակորեն ծառայում է հենց միայն Բաքվի շահերին:
Ամոթալի լուսանկարները չեմ տեղադրում, որպեսզի ջուր չլցնեմ թշնամու պրոպագանդայի մեքենայի ջրաղացին: Եվ անհավատալի է նաև, որ մի քանի լրագրողներ ու քաղաքացիներ արդեն տեղադրել են, իսկ պետությունը, որ չկա, ընդամենը հաշված րոպեների ընթացքում չի վերացրել վանդալիզմի հետքերը:
Հուշարձանային քաղաքականությունն ու հուշարձանային դիվանագիտությունը միջազգային քաղաքականության հաճախ չնկատվող, բայց անչափ կարևոր բաղադրիչ են:
Ով՝ ով, Հայաստանում դա պետք է որ լավ հասկանան»: