«Մեր թուլանալու հետևանքով անգամ Ռուսաստանի համար տարածաշրջանում դարձել ենք գլխացավանք». Արփինե Հովհաննիսյան
284
Հինգշաբթի, 18 փետրվարի, 2021 թ., 14:00
ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հույսի վաճառականից մինչև հույսի գերեզմանափոր: Հայաստանի զրոյական կետը: Ո՞վ է լինելու հաջորդ վարչապետը: Անտարբերությունը մեղք է, որը գործում ենք արնաքամ լինող Հայաստանի հանդեպ: Անտարբերները քայլում են կյանքի կողքով: Ոչ մեկին չի ներվելու: Հայաստանում շրջում է անտերության, անպաշտպանության ու թշվառության ուրվականը: Սկսած՝ գերիների ու անհետ կորածների հարցերից մինչև պետության անվտանգության հարցեր: Հայաստանի ապիկար ու դավաճանական իշխանությունը, իր թավշյա մարդասպան ղեկավարով հանդերձ, պետության մաշման վերջին ակորդներն է իրականացնում: Մնացածը՝ լիրիկա է: Հայհոյեք, անիծեք, գլուխը տմբտմբացնելով փիլիսոփայեք, թե լուռ մտածեք՝ դրանից իրականությունը չի փոխվելու: Ձախողակ լինելը վարակիչ է, ու շարքային ձախողակը պետությունը դարձրեց այնպիսին, ինչպիսին երկու տարի առաջ հենց ինքն էր նկարագրել՝ ձախողված: Զրոյական կետ Հայաստանը բոլոր չափորոշիչներով գտնվում է բացասական (մինուս) առանցքում, պայմանականորեն ասած՝ զրոյական կետում՝ անվտանգային, քաղաքական, տնտեսական, սոցիալական, բարոյական: Հայաստանի անվտանգությունը հիմա միայն դատարկ հնչյուն է: Այն կախված է ումից ասես, բայց միայն ոչ Հայաստանից: ԱԱԾ ապօրինի ու հակասահմանադրական արգելքը լուսաբանում չիրականացնելը Սյունիքում այս ամենի խտացված նկարագրությունն է. (նմանատիպ խայտառակություն, բացի Հյուսիսային Կորեայից դժվար է պատկերացնել): Մեր թուլանալու հետևանքով անգամ Ռուսաստանի համար տարածաշրջանում դարձել ենք գլխացավանք, իսկ մյուսների համար սեպ, որը պետք է հանել: Ուստի անվտանգության անթիվ աշխատակիցներով պաշտպանված թավշյան մարդասպանի մեկ օր ավել մնալը նշանակում է նոր պատերազմը մոտեցնել մեկ օրով: Ու երիցս նզովյալ են այն տասկոպեկանոց գրպանային գործիչները, ովքեր մի ամբողջ ժողովրդի անվտանգություն թողնում են հոգին հաշմված վախկոտի հույսին: Հին քաղաքական համակարգի դեֆոլտը փաստ է: Հայաստանի քաղաքական դաշտի բոլոր դերակատարները պարտավորված են փոխվել: Գիտակցեն թե ոչ՝ այդպես է: Ոչ միայն ու ոչ այնքան անունով կամ դեմքով, որքան իրենց մոտեցումներով ու փիլիսոփայությամբ: Դաժան մարտահրավերները ցավոտ լուծումներ են պահանջում: Նոր սկիզբ է լինելու: «Չխանգարել ունակին»՝ սա պիտի լինի ելման կետը: Միայն այդ դեպքում կլինի սկզբում՝ Հայաստան առանց նիկոլ, իսկ հետո էլ՝ առհասարակ Հայաստան: Տնտեսությունը գահավիժում է սարսափելի արագությամբ ու կոլապսը դեռևս շատ շոշափելի չի, քանզի ինչպես երբեմնի պարկեշտ թունյանն էր ասում, բա որ պարտք չվերցնենք, ինչպե՞ս աշխատավարձ տանք: Թե ինչ է լինում այն երկրների հետ, ովքեր պարտքով են աշխատավարձ ու թոշակ տալիս, թող պատմեն տնտեսագետները: Հատկապես, եթե մեծ հավանականությամբ այդ պարտքը քեզ տվել են թուրքերը կամ նրանց փոխկապակցված շրջանակները: Հայաստանում բարոյազրկված ու բարոյալքված են բոլոր պետական ինստիտուտները՝ օրենսդիրը, գործադիրը, հատկապես՝ իրավապահը: Տարիներ շարունակ կայանալով ու զարգանալով հանդերձ՝ նրանք չդարձան համակարգեր, որոնք ունակ կլինեն հակազդեցություն ցույց տալ ու փրկել պետությունը չարիքից: Ինստիտուցիոնալ իմունիտետ չձևավորեցինք: Գործող իշխանությունը այնքան իջեցրեց պետական ծառայողի նշաձողը, որ ով հայհոյում կամ ստատուս է գրում, համարվում է հասարակական-քաղաքական գործիչ ու իրեն միանգամայն օրինաչափ կերպով պատկերացնում շարքային նիկոլականի փոխարեն: Պետական համակարգում աշխատելն այլևս չի ենթադրում անգամ նվազագույն իմացություն կամ փորձ, գիտելիք, ինքնակրթություն, հայրենասիրություն: Լավերի ու հաջողակների պահանջարկ չկա: Ավելին՝ վարակիչ հաջողակներին վատնում ենք ու մաշում: Հայաստանում բարոյահոգեբանական տեսանկյունից լուռ հակամարտություն է: Լուռ քաղաքացիական պատերազմ: Այստեղ անգամ ճշմարտությունը գույն ունի՝ սև ու սպիտակ: Ցանկացած հարցի պատասխան տրամագծորեն տարբերվում է՝ կախված նրանից՝ սև, թե սպիտակ գույնի սիրահարն է մեկնաբանում: Դավաճան բառն անգամ մեկնաբանվում է ըստ նախասիրության, թեև թվում է՝ էլ ուր ավելի ակնհայտ: Բարոյալքման անդունդը բաց է, մենք այնտեղ ենք, ու արժեհամակարգային խեղման խտացված դրսևորումը գերիների հարազատներից մերկ լուսանկարներ պահանջող վիժվածքն է: Քովիդի ու պատերազմի սթրեսը հաղթահարելու ցանկությունն այնքան մեծ է, որ չենք նկատում, որ ճշմարտությունը այլ գույն ստացավ ու դեռ երկար այդպես է մնալու՝ կարմիր: Արյան ալ կարմիր: Խելահեղ անհոգության ու ուրախության շղարշը, որով պատված է Երևանը, իրականում մի բացատրություն կարող է ունենալ՝ տպավորություն է՝ մարդիկ շտապում են ուրախանալ, շտապում են ապրել, որովհետև հաջորդ արհավիրքի սպասումը շատ մեծ է: Այն կարող է լինել անգամ վաղը: Երկրաշարժը՝ ձեզ օրինակ: Հույսի գերեզմանափորը Երկու տարի առաջ գերագույն գլխավոր սևագրի կապակցությամբ շրջանառության մեջ դրեցի մի բնութագրիչ՝ հույսի վաճառական՝ նկատի ունենալով, որ 2018-ին սույն մակաբույծը հանրապետության հրապարակի կենտրոնում բոլորին լավ ապրելու, երջանիկ լինելու, արդարության ու էլի շատ բաների հույս էր վաճառում: Ու ճակատագրի հեգնանքով նա դարձավ հայ ժողովրդի բոլոր երազանքների ու հույսերի գերեզմանափորը: Նա բառի բուն իմաստով թաղեց 5000-ից ավելի գարուն, ավերեց այն ամենը, ինչին դիպավ: Արդյունքում մնացին կենացային մակարդակի հիմարություն-մաղթանքներ՝ աշխարհի չեմպիոն ֆուտբոլի հավաքականից մինչև օլիմպիադա ու 5 միլիոն բնակչություն: Ինքն էլ դարձավ բեմադրիչ ռեժիսոր՝ ամեն մարզում բերովի մարդիկ շարելով ու թավիշին վերջ տալու մասին թերհաս մտքեր շաղ տալով: Վարչապետը Եվ այս համատարած քաոսի ու աղմուկի մեջ օդում թևածում է մեկ հարց՝ ով է լինելու հաջորդ վարչապետը: Ինչ է անելու, ինչպես է անելու: Բացի շատ նեղմիտ նիկոլականներից ու նիկոլից, (թերևս անգամ նիկոլը) բոլորը գիտեն, որ Հայաստանը վարչապետ չունի, Հայաստանի վիճակը վատ է, Հայաստանը պետք է փրկել: Եվ կրկին..... բոլորն էլի փրկչի որոնումների մեջ են: Մեկը կարող է, մյուսը՝ ոչ: Մեկը լավն է, մյուսը՝ ոչ: Մեկին սիրում ենք՝ մյուսին՝ ոչ: Ու մեր ՉՓՐԿՎԵԼՈՒ «գրավականը» հենց այս մտքերն են: Փրկիչ չի լինելու: Փրկիչներ չկան: Որպեսզի Հայաստանը դեռ ապրի, պետք է հարմարվել այն մտքին, որ հաջորդ իշխանությանը ու նրա ղեկավարին մեծ հավանականությամբ չեք սիրելու: Վստահաբար՝ չեք հասկանալու: Ասեմ ավելին՝ իրեն ձեր սերը պետք չի լինելու: Նույնքան վստահությամբ ասեմ՝ իրեն ձեր ըմբռնումը շատ է պետք լինելու: Ինքը կապիկություններ չի անելու, «խոնարհվում եմ բոլորիդ առաջ» տհաս շոուներ չի անելու, որ իրեն սիրեք: Ինքը կայացնելու է ծանրագույն որոշումներ, շատ դեպքերում՝ հակառակ ձեր կամքի: Այդ որոշումները կայացնելիս էլ «սիլիբիլի» չպիտի անի տարբեր քաղաքական ուժերի հետ, ինչպես ստանդարտ պայմաններում: Հանուն ազգի՝ ընդդեմ ժողովրդի: Հանուն պետության: Այն պետության, որ հիմա էլ չկա, ու նրա, որի մնացորդները ուզում եք լինի: Եթե իհարկե ուզում եք: Պարգևավճարներ չեք ստանալու, ճոխ ծախսեր չեն լինելու, կրճատումներ լինելու են: Այս ամենը նրա համար, որ աշխատավարձ ու թոշակ երաշխավորված ստանաք, երկրի ներսում գերի չընկնեք GPS-ով թուրքին հող չտաք, ձեռքներդ «երկու կոպեկ» փող լինի և այլն և այլն: Սա թավշյա մարդասպանի «նվերն» է իր հաջորդին: Կամ ռացիոնալ ու նաև իռացիոնալ կերպով վստահելու եք հաջորդին ու սպասեք կայունացման, հույսի ծագման, կամ էլ…. Կամ չկա: Երրորդ ճանապարհ չկա: Դե, իսկ հիմա փորձեք գտնել նրան, ով կարող է փորձել փրկել այս ավերակները, հաստատ իմանալով, որ իրեն ոչ միայն շնորհակալ չեն լինելու, այլև չեն սիրելու ու չեն հասկանալու: Գտեք այդ մարդու մոտիվացիան՝ դառնալու մահապարտ: Իսկ մինչ այդ՝ վերջապես սովորեք դաստիարակել ձեր մեջ քաղաքացի, ով ոչ միայն պահանջատեր է իր իրավունքների նկատմամբ, այլև կրում է բեռ պետության համար ու հասկանում է պետություն ունենալու գինը: Չափազանց ծանր գինը: Հ.Գ. Ու Եթե ձեր մտքին միևնույն է ձեր քաղաքական թիմակցից բացի, ուրիշ ոչ ոքի անուն չի գալիս, ուրեմն մենք այդպես էլ ոչինչ չենք հասկացել»: