Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Կարևոր տարածաշրջանային զարգացում, որը պիտի լիներ մեր ուշադրության կենտրոնում». թուրքագետ

«Կարևոր տարածաշրջանային զարգացում, որը պիտի լիներ մեր ուշադրության կենտրոնում». թուրքագետ
145
Երկուշաբթի, 10 մայիսի, 2021 թ., 03:04

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եվս մի կարևոր տարածաշրջանային զարգացում, որն, անխուսափելիորեն, պետք է լիներ մեր ուշադրության կենտրոնում։
Անցնող երկուշաբթի Դամասկոս է ժամանել Սաուդյան Արաբիայի հետախուզության պետը, որտեղ քննարկվել են Սիրիայի և Ս. Արաբիայի միջև հարաբերությունները։
Այո՛, ճիշտ հասկացաք։ 2011 թվականից մինչև այսօր Սիրիայի օրինական իշխանության՝ Բաշար Ասադի դեմ կռվող ու վերջինիս տապալելու համար հսկայական ջանքեր գործադրած և փորձեր արած կոալիցիայի հիմնական անդամներից մեկը՝ Սաուդյան Արաբիան, 10 տարի անց պաշտոնապես սկսում է բանակցել Սիրիայի հետ։
Ասադը, իսկ իր թիկունքին՝ Իրանը և ՌԴ-ն, տարածաշրջանում հերթական հաղթանակն են գրանցում։
Բայց առավել կարևոր է այն, որ միևնույն ժամանակ Սաուդյան Արաբիան Իրանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ևս մեկ քայլ է արել. դեռևս մարտ ամսին երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների միջև խորհրդակցություններ են սկսվել։
Այլ խոսքով, Սիրիան և Իրանը հետևողականորեն վերականգնում են խարխլված դիրքերը։ Այսպես է լինում, երբ պետությանդ առաջնորդը մինչև վերջ պայքարում է հանուն պետության պահպանման և ազգային շահերի։ Ասադը 21-րդ դարում այդպիսի առաջնորդի օրինակ է (շատերի համար՝ անսպասելիորեն), որքան էլ որ համապատասխան շրջանակներ նրան ներկայացնեն որպես բռնապետի։
Դե իսկ Իրանի տարածաշրջանային քաղաքականության արդյունավետության մասով իրանագետները դեռ կպատմեն։
Մեզ մնում է միայն հուսալ, որ երբ Հայաստանում լինեն ազգային ուժեր, ապա իրենց առաջնային խնդիրն է լինելու Հայաստանը «վերադարձնել» Մերձավոր Արևելք՝ դրանից բխող դաշինքներով ու համագործակցությամբ»: