«Ազատազրկումների ժամկետներն ունեն ակնհայտ քաղաքական նպատակ ու հիմնավորում»․ Արթուր Սաքունց
148
Շաբաթ, 03 հուլիսի, 2021 թ., 15:24
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բաքվի դատարանի կողմից ռազմագերիների ազատազրկումների ժամկետներն ունեն ակնհայտ քաղաքական նպատակ ու հիմնավորում։ Նախ, վերստին արձանագրենք․ Ադրբեջանում հայ ռազմագերիներին պատանդի վիճակում շարունակական պահելու այս խայտառակ գործընթացը՝ դատավարություն կոչված ներկայացմամբ, պետք է շպրտել եռակողմ համաձայնագրի կնքահոր երեսին, ցույց տալով իր պատկերը։ Եվ այս իրավիճակում, ՀՀ իշխանությունները հնարավոր բոլոր խողովակներով պետք է միջազգային ամենատարբեր հարթակներում շարունակական ու մեծ աշխատանք անեն միջազգային իրավունքի բոլոր նորմերը ոտնատակ տված Իլհամի ռեժիմին և նրա աջակիցներին՝ Էդողանի և Պուտինի ռեժիմներին պատասխանատվության ենթարկելու, ռազմագերիների հանդեպ նման խայտառակ նվաստացնող վերաբերմունքի համար՝ պահանջելով դադարեցնել այս լկտի խեղկատակությունը և բոլորին անվերապահ վերադարձնեն Հայաստան։ Ի վերջո հենց իրենք են ստորագրել գերիների և ռազմագերիներին բոլորը բոլորի դիմաց սկզբունքով վերադարձնելու պայմանի տակ։ Իսկ ազատազրկման ժամկետների հետ կապված՝ մի քանի դիտարկումներ, հաշվի առնելով ալիևյան դատարանի ուղղակի կախվածությունը նախագահականից։ Հետևաբար, Բաքվի դատարանի կողմից ռազմագերիների ազատազրկումների ժամկետներն ունեն ակնհայտ քաղաքական նպատակ ու հիմնավորում։ Առաջին, մեծ մասին ազատազրկում են վեց ամսով ազատազրկման։ Պե՞տք է ենթադրել, որ Իլհամը, Պուտինն ու Էրդողանը, ռազմագերիների մեծ մասին հենց այդ վեց ամսում պատանդ պահելու ժամանակահատվածում են պլանավորել հասնել իրենց նպատակներին՝ ՀՀ-ի նկատմամբ ճնշումներ բանեցնելու միջոցով։ Պարզ է, որ եթե որևէ այլ միջոց չկիրառվի կամ որևէ այլ միջոց ազդեցություն չունենա, վեց ամիս հետո ռազմագերիներին պահելու որևէ հիմք չեն ունենա՝ եթե այլ բան չմոգոնեն, իհարկե։ Բայց որ առնվազն վեց ամսվա ընթացքում ականատես ենք լինելու եռակողմ ճնշումներին դա փաստ է, ու դրան դիմակայելու միակ իրական ու արդյունավետ միջոցը միջազգային կառույցների ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի ներգրավումն է․ սրանում չպետք է լինի ոչ միայն որևէ կասկած, այլ նաև հապաղում։ Սա, այսպես կոչված, այս պահին օպերատիվ սպառնալիքներն են ու դրանց օպերատիվ նպատակներին հասնելուն կանխելու օպերատիվ գործողություններն են։ Մյուս կողմից՝ առնվազն երկու հոգու դատապարտել են չորս տարվա ազատազրկման, որը համընկնում է Արցախի մի հատվածում ՌԴ խաղապահ ուժերի տեղակայման հինգ տարի ժամկետի ավարտին։ Պարզ է, չէ՞, եթե չհաջողվեց ազատել ռազմագերիներին, ապա Պուտինի հաշվարկով, Իլհամի կողմից մեր ռազմագերիներին դեռ մի հինգ տարի պետք է պահել պատանդի վիճակում, արդեն ավելի հեռահար նպատակին հասնելու ևս հինգ տարի ժամկետով խաղապահ զորքերը պահելու նպատակի համարվա ընթացքում մնալու են պատանդի վիճակում, ապա սա ևս օգտագործելու են ռուսական խաղապահ զորքերի տեղակայման ժամկետը ևս հինգ տարի երկարացնելու համար։ Այսինքն՝ Պուտինը մի կողմից իր խաղապահ զորքով արդեն իսկ ունի ճնշում Իլհամի վրա, մյուս կողմից Իլհամի ձեռքերով մեր ռազմագերիներին պատանդառման վիճակում պահելով, պահպանում է իր խաղապահ զորքի տեղակայման ժամկետը ևս հինգ տարի երկարաձգելու նպատակով, Հայաստանի վրա ազդեցիկ ու զգայուն գործիք։ Այսպիսին է վիճակը ռազմագերիների խնդրի շուրջը՝ դրանք մնում են Պուտինի, Իլհամի, նաև Էրդողանի ձեռքին՝ որպես միջոց քաղաքական, աշխարհաքաղաքական նպատակներին հասնելու համար, ու լավ էլ ձայն ձայնի տված համագործակցում են իրար հետ։ Բոլոր դեպքերում անկասկած է, որ Պուտինի վարչակազմը վստահություն չունի Հայաստանն իր հսկողության տակ շարունակաբար պահելու հարցում։ Սա նշանակում է, որ հենց ՀՀ իշխանություններն ու հասարակությունն էլ պետք է օր առաջ ազատվեն և դուրս գան նման անկայուն, անկախատեսելի իրավիճակից, ավելի կանխատեսելի ու վստահելի, արժանապատիվ անվտանգության վիճակ ստեղծել առաջիկա հինգ տարիների ընթացքում»։