Կիրակի, 01 օգոստոսի, 2021 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«Այս իշխանությունը կշարունակի կառավարել երկիրը գոնե 1-2 տարի, եթե նոր «հոկտեմբեր 27-եր» չլինեն». Սարհատ Պետրոսյան

«Այս իշխանությունը կշարունակի կառավարել երկիրը գոնե 1-2 տարի, եթե նոր «հոկտեմբեր 27-եր» չլինեն». Սարհատ Պետրոսյան
70
Երկուշաբթի, 19 հուլիսի, 2021 թ., 22:06

Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսպիսով, ՍԴ որոշումն արդեն ունենք (չնայած՝ ի սկզբանե էլ պարզ էր), ու վաղվանից սկսվելու են նոր իշխանության ձևավորման գործընթացները, իսկ ԱԺ անցած ընդդիմադիրներն իրենց իսկ մշակած օրենսդրական ու քաղաքական հենք-ավանդույթների հիման վրա և նույն ՍԴ-ի որոշման ծիրում մտնելու են խորհրդարան՝ լի վճռականությամբ։ Նույն վճռականությամբ իշխանության մնացած ու մեզ կապիտուլյացիա պարգևածները շարունակելու են բարեփոխման իմիտացիա անել ու տանել երկիրը, ներառյալ՝ ինձ, ուր որ պետք է, կամ ավելի ճիշտ՝ ուր պատահի։

Հավատացած եմ, որ հենց վերջինն է իրականությունը, քանի որ, նախ՝ չեմ հավատում դավադրապաշտական տեսություններին, ինչպես նաև գիտեմ այս իշխանության կարողությունները՝ նրանք մի քանի քայլ մտածելու, պլանավորելու և իրականացնելու ունակություն չունեն։ Ինչևէ, ամեն դեպքում փաստ է, որ մենք ունենք իշխանություն, որը ենթադրաբար կշարունակի կառավարել երկիրը գոնե 1-2 տարի, եթե նոր «հոկտեմբեր27-ներ» չլինեն, կամ պարզապես մի որդեկորույս ծնող չփորձի վերականգնել արդարությունը։ Հուսով եմ, որ այդ ճանապարհով գնալու կարիք չի լինի, և մեր առաջիկա իշխանափոխությունը կլինի բնականոն կերպով՝ մոտ ապագայում։

Բայց այս ընտրությունների արդյունքներն էլ են հետաքրքիր։ Դրանցից գոհ են իշխանությանն ընտրածները, իշխանությանը չընտրածների ընտրյալները, ընտրություններին չմասնակցածները, ընտրելու իրավունք չունեցողները։ Բոլորն արել են առավելագույնը և «մեղավոր» չեն։ «Մեղավորը» մնացածն են...

Ընտրությունների արդյունքներից դժգոհները մեղադրում են ժողովրդին, իշխանությունը նույնպես մեղադրանքին ի պատասխան նույն բանում «մեղադրում» է ժողովրդին, քվեարկությանը չմասնակցածներն էլ ասում են՝ ընտրություն չկար, բայց ժողովուրդն ընտրեց։

Չնայած ես ինձ չեմ դասում այս խմբերից որևէ մեկին, քանի որ դժգոհ եմ արդյունքներից, ու մեղավորներն իրականում, կարծում եմ, այլ տեղ են, բայց ցանկանում եմ գտնել համակեցության իմ բանաձևը։ Քանի դեռ չեմ մատնանշում ամենահեշտ լուծումը՝ արտագաղթը։ Ենթադրաբար մենակ չեմ։ Հայաստանցիների 25%-ը ֆիքսել է, որ այս իշխանությունները մեր երկիրը լավ տեղ չեն տանելու։ Լա՛վ, բա ի՞նչ անենք։

Այստեղ ավելի շատ, գոնե ինձ համար, նույն իշխանության ներկայացուցիչների հետ նույն քաղաքում ապրելն է խնդիր ու նաև «ձև անենք, կարծես թե ոչ մի բան չի եղել» վիճակը։ Բայց իրականում դրան էլ պետք է թեթև նայել։ Չէ՞ որ նրանցից շատերը 2008-ին մոտ 20% ձայն ստացած նախագահի թեկնածուի համար էին կռիվ տալիս, որի արդյունքում եղավ մարտի 1-ը։ Իսկ հիմա, երբ նույն նախագահի թեկնածուն մի թթու բառ է ասում իրենց մասին, բոլորը՝ բան ու գործ թողած, անցնում են պատասխանելու սուրբ գործին։ Այս փոքրիկ դետալը մեզ հուշում է, որ այդ նույն մարդիկ, ինչ-որ ժամանակ անց, ինչ-որ բանտախցում իր պատիժը կրող կուսակցի հանդեպ են այդպես վարվելու...

Ի դեպ, մարտի 1-ի օրինակը ես պատահաբար չբերեցի։

Շատերը, այդ թվում ես, ասում էինք՝ անկախ այն փաստից, որ ընդդիմությունն ինչ-ինչ սխալներ է գործել, մարտի 1-ի հիմնական մեղավորն այն ժամանակվա իշխանություններն են։ Բայց պարզվում է, որ հիմա, գոնե, ըստ իշխանության, մոտ 4000 զոհերի համար իշխանությունները մեղավոր չեն թեկուզ այնքանով, որքան «նախկինները»՝ 10 զոհի համար...

Իրականում ես ուզում եմ ձերբազատվել այն զզվանքից ու լարումից, ինչը 2008-ից հետո կունենար շարքային «լևոնականը», կամ արդեն re-style եղած նիկոլականն իշխանության ներկայացուցչի նկատմամբ։ Իհարկե, ենթադրաբար անհամեմատելի է պայմանականորեն ասված նախկինների ժամանակ երիտասարդ, լեզվին տիրապետող ու կուսակացականի (ասենք, Արմեն Աշոտյան, որի նման ինքն իր վրա աշխատած ու կայացած քաղաքական գործիչ իմ կարծիքով չկա ողջ ներկա իշխանական համակարգում) «մեղքը», օրինակ, նույն օրինակ նախկին աշխուժակ Արմեն Գրիգորյանի հետ համեմատած, բայց նույն միջին վիճակագրական ՀԱԿ-ականի համար 2008-ի իշխանության մեղքերն ավելի սարսափելի էին թվում, քան Արցախի 75%-ը հանձնածներինը։ Ինչևէ...

Իրականում այս երկրում շարունակ ապրելու իմ իրավունքի համար եմ այսպես փիլիսոփայում։ Հեշտ չի լինելու վերադառնել նորմալին...

Բայց մենք պետք է գտնենք մեր համակեցության ձևը, մենք պետք է ձերբազատվենք մեղավոր գտնելուց ու միաժամանակ մեղավոր լինելուց։ Իհարկե, Միքայել Զոլյանին այսուհետ Սարյան փողոցում հանդիպելիս չեմ կարող առաջվա պես ջերմ բարևել, բայց չբարևել էլ չեմ կարող։ Կամ մեկ այլ և անհամեմատ ավելի հողատու Արմեն Գրիգորյանին մարզասրահի հանդերձարանում հանդիպելիս ոչ թե ուզում եմ նայել՝ ինչպես թուրքը խոզի մսին, այլ ուղղակի արհարամարհել, ինչպես ժամանակին կվարվեի իշխանամերձ մեկ այլ անդուր պատգամավորի կամ օլիգարխի հանդեպ։

Ես՝ որպես 1999-ից մասնագիտական ու առհասարակ տարբեր այլ հարցերում իշխանությանը քննադատած, իսկ 2018-ին իշխանության մաս եղած, ապա նորից նույն իշխանության հիմարությունները քննադատած մարդ, էլ չեմ ասում՝ երկիրն այս վիճակից հանելու մեր ընտանիքի՝ «զոհասեղանին» մոտենալու փորձը նկատի ունենալով, միգուցե իրավունք ունեմ չպիտակավորվելու որպես կոմֆորմիստ։

Որպես ոմանց կարծիքով երևի նախկին «սորոսական», ցանկանում եմ մեկ անգամ համակերպվել ժողովրդավարության երկար սպասված մոգական ուժին՝ վստահ լինելով, որ հենց այս դեպքում հենց դա մեզ պետք չէր։ Բայց ենթադրաբար անճարությունից կամ անելանելիությունից, այս անգամ մնում է ապավինել իրավիճակին՝ հույս ունենալով, որ կա՛մ մենք ենք գույները խտացնում, և իշխանությունն ամեն գնով պահած ընկերներն իրոք մեզ այս վիճակից դուրս են բերելու, կա՛մ հակառակ դեպքում հույս ունենանք, որ նրանք իշխանությունը շուտով կորցնելու են։ Արդեն կարևոր էլ չի՝ ժողովրդավարական ի՛նչ գործիքով, կամ աշխարհաքաղաքական ի՛նչ դասավորվածության արդյունքում։

Կամ կլինի երրորդ՝ ամենավատ տարբերակը...

Որպես «ինտելեկտուալ ապուշ», պարզապես կբավարարվեմ խոհանոցային նեղսրտումներով ու մեկ-մեկ էլ այստեղ դատարկվելով։

Ես ազատվում եմ երեք շերտ պարտությունից՝ պատերազմից, պատերազմից հետո մնացած իշխանությունից ու այդքանից հետո վերընտրված իշխանությունից։ Սակայն չունեմ այս ազատումից բացի այլ ճանապարհ... Անհամ ու անհույս, զուտ գոյատևման համար ազատում...»:

Աղբյուրը`   Սարհատ Պետրոսյան