«Միջանցքի բացման» գաղափարն աղավաղում է եռակողմ հայտարարությունների բովանդակությունը. ՀՀ ԱԳՆ

ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը պատասխանել է «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին.
Հարց․ Սերբիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ընթացքում Ադրբեջանի ԱԳ նախարարը Հայաստանին մեղադրել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման հարցում խոչընդոտներ հարուցելու մեջ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս պնդումը։
Պատասխան. 2020թ․ նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրականացումը դիտարկելիս պետք է առաջնորդվել հստակ փաստերով և ոչ թե այդ հայտարարությունների յուրովի մեկնաբանմամբ։ Իսկ փաստերը հետևյալն են․
Հայտարարության ստորագրումից մեկ ամիս հետո ադրբեջանական զորամիավորումները խախտել են հայտարարության առաջին կետը, որի համաձայն կողմերը պետք է մնային իրենց դիրքերում, և հարձակում են սկսել Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ, ինչի արդյունքում զավթել են այդ բնակավայրերը, սպանել և գերեվարել հայ զինծառայողներին։
Ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանը չի կատարել նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը, որի համաձայն պետք է տեղի ունենար ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց փոխանակումը։ Ավելին, հայ ռազմագերիները ենթարկվում են քրեական հետապնդման, ինչը նաև միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է։
Ադրբեջանի զինված ուժերը մայիսի 12-ից սկսած ներթափանցել են և շարունակում են գտնվել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում։ Հարկ է նշել, որ ադրբեջանական զորամիավորումները ներթափանցել են Հայաստանի Հանրապետություն այն տարածքներից, որի հանդեպ Ադրբեջանը վերահսկողություն է հաստատել նոյեմբերի 9-ի հայտարարության իրականացման հետևանքով։ Այսինքն՝ հայտարարությունն իրականացնելու հայկական կողմի կառուցողական մոտեցմանը՝ Ադրբեջանը հակադրել է Հայաստանի տարածքային ամբողջականության հանդեպ ոտնձգություն իրականացնելու՝ տարածաշրջանային անվտանգությունը և խաղաղությունը խաթարելու քաղաքականություն։ Այն փաստը, որ ադրբեջանական զորամիավորումները գտնվում են Հայաստանի տարածքում, ըստ էության, ընդունել է Ադրբեջանի նախագահը՝ նշելով, որ «Զանգեզուրը մեր նախնիների հողն է»։
Վերջին շրջանում Ադրբեջանը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի տարածքային միավոր լինելու ժխտման հայտարարություններով, ինչն իր հերթին խախտում է հայտարարության 7-րդ կետը, որտեղ կողմերը, այդ թվում Ադրբեջանը համաձայնվել է «Լեռնային Ղարաբաղի տարածք» եզրույթին։ Ապաշրջափակման հետ կապված՝ նոյեմբերի 9-ի և հունվարի 11 հայտարարությունների իրականացման հարցում Հայաստանը եղել և մնում է առավելապես կառուցողական: Ցավոք, Հայաստանի նման կառուցողական մոտեցումը ադրբեջանական կողմը հանրային պաշտոնական հայտարարություններով հետևողականորեն շահարկել և փորձել է շրջանառության մեջ դնել «միջանցքի բացման» գաղափարը, ինչն անընդունելի է և ամբողջովին աղավաղում է եռակողմ հայտարարությունների բովանդակությունը և նպատակը: Հատկանշական է, որ այս շահարկումներին զուգընթաց Ադրբեջանը մի կողմից տարածքային և պատմական կեղծ պահանջներ է առաջադրել Հայաստանին, իսկ մյուս կողմից՝ ադրբեջանական զորամիավորումները ներթափանցել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք։
Ինչ վերաբերում է այն մեղադրանքներին, որ Հայաստանը չի օգնում Ադրբեջանին ականազերծել հակամարտության գոտու տարածքները, ապա պետք է ընդգծել, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը չի պարունակում ականզերծման ուղղությամբ կողմերի միջև համագործակցության որևէ դրույթ։ Ավելորդ չէ վերհիշել, որ Ադրբեջանն ավանդապես հանդես է եկել այս ուղղությամբ ՀՀ և Արցախի հետ որևէ համագործակցության հնարավորության դեմ։ Ավելին 2017թ․ Ադրբեջանի ջանքերով փակվել է ԵԱՀԿ-ի Երևանի գրասենյակը, այն հիմնավորմամբ, որ ԵԱՀԿ այդ կառույցը զբաղվում էր մարդասիրական ականազերծման ծրագրով։ Չունենալով ականազերծման ուղղությամբ համագործակցելու որևէ հանձնառություն՝ հայկական կողմն այնուհանդերձ երրորդ կողմերի միջոցով տեղեկություններ է տրամադրել Ադրբեջանին՝ որպես բարի կամքի դրսևորում։
Ադրբեջանի կողմից ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց հայրենադարձման գործընթացի ամբողջական ավարտը կարող է կառուցողական միջավայր ստեղծել նոյեմբերի 9-ի հայտարարության հետևողական իրականացման մասով»։

«Վիճաբանություն է եղել, գործի է դրվել նաև հրազեն»․ ՆԳՆ
89Երեկ, 16:24
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի բուսաբանական այգի (տեսանյութ)
81Երեկ, 15:00
ԿԸՀ-ն՝ ստորագրությունների և քվեարկության մասնակիցների թվերի տարբերության մասին
95Երեկ, 14:42
88-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած
96Երեկ, 12:54
Փամբակ գետում շարունակվում են որոնողական աշխատանքները
68Երեկ, 10:24
Մանրամասներ՝ խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքից
101Երեկ, 09:36
ԴՕԿ կուսակցությունը ևս դիմում է ներկայացրել ՍԴ
10119.06.2026, 16:30
Սահմանադրական դատարանը՝ «Միասնության թևեր»-ի դիմումի մասին
10119.06.2026, 16:12